Անհեթեթ տոն
Սեպտեմբերի 21-ն այդ միֆերից մեկն է, երբ Հայաստանի դուրս գալը ԽՍՀՄ կազմից և կապիտալիզմի վերականգնումը փաթաթում են անկախության փաթեթի մեջ։
Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ
Սեպտեմբերի 21-ը, Հայաստանում պետական տոն է նշվում որպես Անկախության օր։ Սա չափազանց տարօրինակ տոն է Հայաստանի համար, եթե չասենք ավելին։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատմությունը, անցած 30 տարիների ընթացքում և այսօր մեր օրերում, հանրությանը ներկայացվում է որպես հակաժողովրդական, ողբերգական և մռայլ մի բան, ինչն ընդհանուր առմամբ տեղավորվում է հակասովետական և հակակոմունիստական գաղափարախոսության մեջ, որն անցկացվում է Հայաստանում պետական բարձր մակարդակով:
Ինչու և ինչի համար է իրականացվում սեփական պատմությունը սևացնելու, իր նախնիների հիշողությունները, աշխատություններն ու ձեռքբերումները պղծելու, բացահայտ կեղծիքներ և առասպելներ հորինելու քաղաքականությունը։ Այս հարցերի պատասխաններն ակնհայտ են, քաղաքականության տեսանկյունից, գլխավոր պատճառը հանրությանը ցույց տալն է, որ այսօրվա հասարակական քաղաքական համակարգը, որն առկա է Հայաստանում, կապիտալիզմը, կամ ինչպես ընդունված է էվֆեմիզմի միջոցով քողարկել այն շուկայական տնտեսություն արտահայտության մեջ, ավելի արդար է, ժողովրդավարական եւ անկախ, քան եղել է սոցիալիստական Հայաստանում: Ամբողջ պետական քարոզչությունն ուղղված է մարդկանց մեծամասնության աչքում արդարացնելուն, որ Հայաստանում կապիտալի ներկայիս իշխանությունն ունի իշխանության իր իրավունքը։ Օգտագործելով մանիպուլյացիայի և ստի մեթոդները Հայաստանի իշխանությունները, խախտելով բարոյականության և առողջ բանականության բոլոր նորմերը՝ ստեղծում են քաղաքական միֆեր։ Սեպտեմբերի 21-ն այդ միֆերից մեկն է, երբ Հայաստանի դուրս գալը ԽՍՀՄ կազմից և կապիտալիզմի վերականգնումը փաթաթում են անկախության փաթեթի մեջ։ Պետք է հստակ արձանագրել, որ եթե Հայաստանը դուրս գար Խորհրդային Միության կազմից և պահպաներ սոցիալիզմի համակարգը, ապա սեպտեմբերի 21-ի որևէ տոն չէր լինի։ Սեպտեմբերի 21-ը կապիտալիստական Հայաստանի ծննդյան օրն է:
Կարևոր է նաև հասկանալ, որ հայ հակակոմունիստների և լիբերալների մոտ տարածված է Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հանդեպ խոնարհումն ու ստրկամտությունը, նրանք շատ են ուզում նմանվել իրենց կուռքերին, օրինակ՝ ԱՄՆ-ն տոն ունի՝ հուլիսի 4-ի Անկախության օրը, եկեք Հայաստանում էլ նույնպիսի տոն վարենք, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Հայ լիբերալների համար կարևոր չէ, որ դա հակասում է պատմությանն ու իրավունքին, կարևորը՝ նմանվել Արևմուտքին: Երբ ԱՄՆ-ում տոնում են անկախության օրը, դա հասկանալի է։ ԱՄՆ-ը գաղութ է եղել և դարձել է անկախ պետություն Բրիտանական կայսրությունից։ Հայկական պետության համեմատ, ԱՄՆ-ն երիտասարդ պետություն է: Պատմությունից հայտնի է, որ ԱՄՆ-ն ընդամենը մեկ անգամ է եղել բրիտանական գաղութ, այդ պատճառով ԱՄՆ-ում գոյություն ունի կոնկրետ անկախության միայն մեկ օր՝ հուլիսի 4-ը անկախության հռչակագրի ընդունման օրն է 1776 թվականին: Պատմության մեջ շատ անգամ է Հայաստանը կորցրել իր անկախությունը և վերականգնել այն, սակայն անհասկանալի է, թե ինչու Հայաստանում չի նշվում, օրինակ, արաբական խալիֆայությունից ազատագրման անկախության օր։ Այստեղից պարզ է դառնում, որ անկախության նման օրը զուտ արտասահմանյան փոխառություն է, որը խորթ է հայկական ոգուն, ավանդույթներին եւ պատմությանը:
Կապիտալիզմի կողմնակիցները, այսինքն՝ սեպտեմբերի 21-ի սիրահարները, սիրում են Խորհրդային Հայաստանի մասին հեքիաթներ տարածել, որպեսզի արդարացնեն իրենց իշխանությունը։ Քարոզչության հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ Խորհրդային Հայաստանում ազգային փող չկար, չուներ իր ձայնը ՄԱԿ-ում, չկար իր բանակը, ոստիկանությունը, այլ երկրներում իր դեսպանությունները և այլն, և ահա թե ինչու պետք է Խորհրդային Հայաստանը համարել ոչ թե անկախ, այլ կախյալ երկիր, այս դեպքում, Մոսկվայից, քանի որ Մոսկվայից էին ցուցումներ ու հրամաններ գալիս: Իսկ ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալուց հետո, ըստ հայ լիբերալների երկիրն իսկապես անկախացավ, ի հայտ եկան հայկական փողը, հայկական ձայնը ՄԱԿ-ում, հայկական բանակը, հայկական դեսպանություններ, հայկական ոստիկանությունը և այլն։ Հայ լիբերալների այս ողջ տրամաբանությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ մի շարք հակընդդեմ հարցեր, բացահայտում են այդ գաղափարների ողջ անհեթեթությունն ու զառանցանքը:
Օրինակ, թե ինչու ներկայիս Հայաստանը կճանաչի Հունաստանի անկախությունը, եթե Հունաստանը չունի իր սեփական փողը , ինչու Խորհրդային Հայաստանին չի կարելի անկախ համարել, քանի որ օգտվում էր ռուբլիից, իսկ ահա Հունաստանը կարելի է համարել անկախ, քանի որ օգտվում է եվրոյից: Երկակի ստանդարտներ, մեկին չի կարելի, երկրորդին կարելի է: Այնուհետեւ ուշադրություն դարձնենք Կանադային, որտեղ փողի վրա պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհին, իսկ Սահմանադրության մեջ Մեծ Բրիտանիայի թագուհին "բարեւում է", միանգամայն ակնհայտ է, կանադական "անկախության" ողջ ֆիկտիվությունը, սակայն ներկայիս Հայաստանը Կանադան ճանաչում է որպես անկախ երկիր, իսկ ահա Խորհրդային Հայաստանը անկախ չի ճանաչում, քանի որ փողի վրա Լենինի դիմանկարն էր: Մեկ այլ օրինակ՝ Շվեյցարիան ՄԱԿ-ին անդամակցել է 2002 թվականին, սակայն ներկայիս Հայաստանը՝ մինչև 2002 թվականը, Շվեյցարիային ճանաչել է որպես անկախ երկիր։ Կրկին հայ լիբերալի երկակի ստանդարտները, Շվեյցարիան, որը ՄԱԿ-ի անդամ չէր, կարելի է անկախ ճանաչել, իսկ ահա Խորհրդային Հայաստանին չի կարելի համարել անկախ, քանի որ Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացնում էր Խորհրդային Միությունը։ Բանն արդեն ծիծաղելի է, երբ Խորհրդային Հայաստանին անկախության բացակայության մեջ մեղադրող մարդիկ որոշում են ընդունել պրոտեկտորատը ճանաչել որպես անկախ պետություն և դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հիշեցնենք, որ պրոտեկտորատը միջպետական հարաբերությունների ձեւ է, որի դեպքում մի երկիր իր նկատմամբ ճանաչում է այլ երկրի գերագույն ինքնիշխանությունը, առաջին հերթին՝ միջազգային հարաբերություններում՝ պահպանելով ինքնավարությունը ներքին գործերում: Խոսքը Անդորրայի մասին է, Հայաստանի եւ Անդորրայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2003 թվականի: Չնայած այն հանգամանքին, որ Անդորրան երկար տարիներ եղել է Ֆրանսիայի և Իսպանիայի պրոտեկտորատը։ Անդորրայի պաշտպաններն են համարվում Ֆրանսիայի նախագահը և Ուրխելսկի եպիսկոպոսը (Իսպանիա), որոնց Անդորրան խորհրդանշական կերպով վճարում է տուրք։ Բացի այդ, կասկած է հարուցում նաև բուն Հայաստանի անկախությունը։ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ ուղղված ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Հայաստանն արդեն վավերացրել է Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ նախատեսված 62 կոնվենցիա։ Եվրոպայի խորհրդի քարտուղարության եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությամբ բարեփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու օրենքները, այդ թվում՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: Ինչ է անկախ Հայաստանը, եթե քո փոխարեն որոշում են ուրիշները թե ինչ օրենքներով պետք է ապրես։ Սա է իրականությունը....
Անկախության թեման օգտագործվում է այն պահից ի վեր, երբ Սոցիալիստական Հայաստանը մյուս 5 սոցիալիստական հանրապետությունների (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան) հետ միասին ստեղծեցին Խորհրդային Միությունը։ Ահա թե ինչ է նշել Ստալինը 1923 թվականին կուսակցության համագումարում․ "Ոմանք տալիս են զուտ սխոլաստիկ հարց: Իսկ ինչ, միավորումից հետո հանրապետություները անկախ են մնում։ Նրանց անկախությունը սահմանափակվում է, քանի որ ցանկացած միավորում, դա նախկինում ունեցած իրավունքների որոշակի սահմանափակում է նրանց մոտ, ովքեր միավորվել են։ Բայց անկախության հիմնական տարրերը մնում են, անշուշտ, յուրաքանչյուր հանրապետությաներում, թեկուզ այն պատճառով, որ յուրաքանչյուր հանրապետություն ունի Միության կազմից մեկընդմիշտ դուրս գալու իրավունք"։ Իսկ ինչու Հայաստանը դուրս չեկավ Խորհրդային Միության կազմից 1941 թվականին։ Գուցե հայ լիբերալները կասեն, թե ինչու էին այդքան երկար սպասում ու տանջվում մինչև 1991 թվականը: Ինչու այն, ինչ տեղի ունեցավ 1991-ին, տեղի չունեցավ 1941-ին կամ 1945-ին, երբ անհամեմատ ծանր ու դժվարին ժամանակներ էին, քան եղել է 1989 կամ 1991 թվականներին, բայց չգիտես ինչու ոչ մեկի մտքով չէր անցնում Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալու հանրաքվե կազմակերպելու գաղափարը։
Այսպիսով, ինչու է այսպես կոչված "անկախության" տոնն անհեթեթ: Ուշադրություն դարձնենք Ռուսաստանի պատմական փորձին: 1990 թվականի հունիսի 12-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարն ընդունեց, ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992-2002թթ. հունիսի 12-ը նշվում էր Ռուսաստանում որպես պետական տոն -"պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր" կամ "Անկախության օր"։ Այդ նույն գործընթացները տեղի են ունեցել նաև Հայաստանում, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որը նշանավորում էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությամբ օժտված ինքնիշխան պետություն է: 1991 թվականի մարտի 1-ին, չնայած ավելի վաղ ընդունված հռչակագրին, Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց հանրաքվե անցկացնել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն կայացավ: Քաղաքացիների մեծ մասը դրական է պատասխանել այդ հարցին։ 1991թ.սեպտեմբերի 23-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից Հանրապետության դուրս գալու որոշումը:
Սակայն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մինչ օրս նշվում է, այսպես կոչված , անկախության տոնը, Ռուսաստանում հասարակական դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ Հասարակության ներկայացուցիչները հարցնում էին, թե այդ օրը Ռուսաստանն ումի՞ց է անկախ դարձել, ինքն իրենի՞ց։ Պե՞տք է արդյոք եւ ճի՞շտ է տոնել ԽՍՀՄ փլուզումը։ Նման անկախությունը ի՞նչ է մեզ բերել․ սառը պատերազմում պարտությունը, բնակչության ճնշող մեծամասնության աղքատացումը, ռուս ժողովրդի բաժանումը, Ամերիկայի լիակատար ենթակայությունը եւ այլն: Ռուսաստանի բնակչության հարցերն ու վրդովմունքն արդար էին, քանի որ աշխարհի ոչ մի երկրում, նրա մասնատման ամսաթիվը չեն նշում որպես ազգային տոն:
Ցավոք, Հայաստանում դեռ չեն հասկացել, որ ինքն իրենից անկախ դառնալ հնարավոր չէ, հասարակությունը զբաղված է այլ հարցերով: Այդ քննարկումների ընթացքում պարզվել է տվյալ տոնի անհեթեթությունը։ Որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող անկախ լինել Խորհրդային Միությունից, քանի որ Սոցիալիստական Ռուսաստանն այլ 5 (Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան ) սոցիալիստական երկրների հետ միասին, բոլորը միասին, կամավոր հիմունքներով հիմնել են Խորհրդային Միությունը: Որ Ռուսաստանը Խորհրդային Միության կողմից զավթված կամ բռնազավթված չի եղել: Որ Ռուսաստանը գաղութ չէր, որպեսզի հայտարարեր իր անկախությունը եւ այլ փաստարկները, բերել են այն համոզմունքին, որ անկախության օրը բացարձակ հորինված է՝ այս տոնը իրավական ոչ մի հիմք չունի։ Ռուսաստանի իշխող դասը ստիպված է եղել Անկախության օրվա այս տոնը վերանվանել չեզոք - Ռուսաստանի օրը: Այսպիսով, 2002-ից տոնը պաշտոնապես վերանվանվեց "Ռուսաստանի օրին":
Ավելին, բացի Ռուսաստանից, կա նախկին ԽՍՀՄ ևս մեկ երկիր՝ Բելառուսը, որտեղ նշվում է նաև հուլիսի 3-ը, Անկախության օրը կամ Հանրապետության օրը։ Սակայն այդ տոնը կապված չէ ԽՍՀՄ կազմից Բելառուսի դուրս գալու հետ, այն կապված է Բելառուսի մայրաքաղաք Մինսկը գերմանական օկուպացիայից ազատագրելու հետ:
Այս կապակցությամբ հետաքրքիր հարց է առաջանում, թե ինչպես կարող է ստացվել, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ԽՍՀՄ կազմից դուրս գալը տարբեր նշանակություն ունի։ Ինչպես կարող է այդպես լինել, որ որոշ հանրապետություններում տոնում են որպես պետականության վերականգնում, մյուսներում՝ որպես անկախություն, իսկ երրորդները ընդհանրապես չեն տոնում։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ անկախության մասին բոլոր այդ տոները տարօրինակ եւ անհասկանալի բնույթ են կրում:
Այն ամենը, ինչ ասվեց Ռուսաստանի, Բելառուսի մասին, միանշանակ վերաբերում է նաև Հայաստանին։ Քանի որ Սոցիալիստական Հայաստանը մյուս հինգ սոցիալիստական երկրների հետ միասին որոշել է կամավոր միավորվել և ստեղծել Խորհրդային Միություն։ Խորհրդային Միությունը չի օկուպացրել Հայաստանը, ինչպես հիմա ոմանք փորձում են ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ս. Վրացյանի գլխավորությամբ, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ դեկտեմբերի 2-ին ստորագրել է Հայաստանի հեղափոխական կոմիտեին իշխանությունը հանձնելու մասին համաձայնագիրը և վայր դրել լիազորությունները: Հայաստանի հեղափոխական կոմիտեի Երեւան տեղափոխվելուց առաջ պետական իշխանությունը պետք է կատարեր Հայկական բանակի հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն)։ 1920 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի հեղափոխական կոմիտեն, ապստամբների ջոկատները և Կարմիր բանակի մի մասը Իջևանից մտան Երևան՝ իրենց ճանապարհին չհանդիպելով ոչ մի դիմադրության։ Դաշնակների կառավարությունը տապալվեց։
Այսպիսով, Հայաստանի օկուպացիայի մասին խոսք լինել չի կարող, որովհետև դաշնակների և հայ կոմունիստների միջև կա ստորագրված պայմանագիր իշխանության փոխանցման մասին։
Մեկ այլ քաղաքական միֆ կապված է ԽՍՀՄ-ի ստեղծման հարցի հետ, որտեղ Հայաստանի ներկայիս իշխանությունները ներկայացնում են գործը այնպես, որ Հայաստանին ստիպել են, իր կամքին հակառակ, անդամակցել ԽՍՀՄ-ին ։
Խորհրդային բոլոր հանրապետությունները սկզբում գոյություն են ունեցել որպես ինքնուրույն պետություններ։ Սակայն տնտեսական հարաբերությունները տարբեր շրջանների միջեւ եւ ռազմական հարցերը, անհնար էր դարձնում հանրապետությունների առանձին գոյությունը։ Այսպիսով, կյանքը ստիպում էր խորհրդային հանրապետությունների միջեւ համագործակցության ավելի սերտ եւ նպատակահարմար ձեւեր փնտրել:
1922-ի մարտի 12-ին Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը պայմանագիր կնքեցին ռազմական, քաղաքական եւ տնտեսական միության մասին: Այսպես ձևավորվեց Անդրկովկասյան Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը։ Այն օրինակ է ծառայել խորհրդային բոլոր հանրապետությունները միավորվելու համար։ Խորհրդային Միության Անդրկովկասյան առաջին համագումարը դիմել է առաջարկով վեց հանրապետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի , Վրաստանի եւ Ադրբեջանի խորհուրդների Միացյալ համագումար հրավիրել՝ քննարկելու Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծման հարցը: 1922 թ. դեկտեմբերի 26 Համառուսաստանյան Խորհուրդի X համագումարը միաձայն հավանություն տվեց ազգային հանրապետությունների նախաձեռնությանը։ 1922 թ. դեկտեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԽՍՀՄ խորհուրդի առաջին համագումարը, որը պատմական որոշում ընդունեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմավորման մասին: ԽՍՀՄ ստեղծումը ազատ հանրապետությունների կամավոր միության գաղափարի գործնական մարմնացումն էր, որը ներառում էր ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրավունքը:
Չինաստանում մայիսի 9-ը ազգային խայտառակության օր է դարձել։ 1915-ի այդ օրը Չինաստանն ընդունեց վերջնագրի Ճապոնական պահանջը։ Ճիշտ նաև, սեպտեմբերի 21-ը Հայաստանի համար պետք է դառնա ոչ թե Անկախության օր, այլ ազգային խայտառակության օր՝ սեփական տունը քանդելու համար։
Comments