Աշխարհագրական դիրքը և Սոցիալիստական Հայաստանը
Իրավիճակն այնքան էլ աղետալի չէ և թունելի վերջում լույսը դեռ տեսանելի է:
Ինչպես հայտնի է այս կամ այն երկրի աշխարհագրական դիրքը, միշտ կարևոր դեր է խաղում երկրների և ժողովուրդների ճակատագրում։ Այս գործոնը հատկապես կարող է կարևոր դեր խաղալ կապիտալիզմի և սոցիալիզմի միջև պայքարում: Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է կապիտալիստական համակարգը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, տարբեր ձևերով միջամտել այդ պայքարում՝ նպատակ ունենալով կանխել սոցիալիզմի հաստատմանը: Այս առումով հարց է առաջանում, արդյոք հնարավոր է սոցիալիզմի կառուցումը Հայաստանում նման հարևան երկրների առկայության դեպքում, և արդյոք Հայաստանը չի կրկնի Հունգարիայի (1919 թ.), Սան-Մարինոյի (1957 թ.) և այլ երկրների ճակատագիրը:
Հայաստանում սոցիալիզմի հաղթանակի գործում պետք է հաշվի առնել երկու կարևոր գործոն՝ ներքին և միջազգային: Ներքին գործոնն ընդգրկում է դասերի փոխհարաբերությունները երկրի ներսում: Միջազգային գործոնը՝ ընդգրկում է սոցիալիստական երկրի փոխհարաբերությունները կապիտալիստական երկրների հետ։ Այս պահին՝ 2024 թվականի համար, կարելի է ասել, որ Հայաստանն ունի այն անհրաժեշտ միջազգային պայմանները սոցիալիզմ կառուցելու համար ։ Առաջինը Իրանի հետ սահմանի առկայությունն է, երկրորդը՝ ռուսական ռազմաբազաների առկայությունն է:
Թեմայի էությունը հասկանալու համար հարկավոր է հիշել Սան-Մարինոյի Հանրապետության պատմական փորձը: Փոքրիկ Սան-Մարինոյի Հանրապետությունը գտնվում է Ապենինյան թերակղզու տարածքում, որտեղ այն բոլոր կողմերից շրջապատված է Իտալիայի տարածքով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1945 թվականին Սան-Մարինոյի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ հակաֆաշիստական կուսակցությունների դաշինքը։ Մինչև 1957 թվականը խորհրդարանում մեծամասնությունը պատկանում էր ձախ կուսակցությունների կոալիցիային, որը ղեկավարում էին կոմունիստները (Սան-Մարինոյի Կոմունիստական կուսակցություն) և սոցիալիստները (Սոցիալիստական կուսակցություն): Այս տարիների ընթացքում ազգայնացվել են որոշ ձեռնարկություններ, կառուցվել են արդյունաբերական ձեռնարկություններ, բացվել են նոր դպրոցներ, մի խոսքով, ընթանում էր Սան-Մարինոյի զարգացման գործընթացը։ Բայց 1957թ. Իտալիայի օգնությամբ, որոնք կազմակերպեցին Սան-Մարինոյի Հանրապետության շրջափակումը, նրա լիբերալ ուժերը հեղաշրջում իրականացրեցին: Կոմունիստական կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը հեռացվեցին երկրի իշխանությունից: 1957 թվականին Սան -Մարինոյում իշխանությունն անցավ լիբերալ ուժերի ձեռքը:
Կարելի է հիշել նաև Հունգարիայի պատմության կարճ ժամանակահատվածը: 1919 թվականի մարտի 21-ին հռչակվել է Հունգարիայի Խորհրդային Հանրապետությունը: Հունգարիայի Սոցիալիստական կուսակցությունը ստեղծեց Հեղափոխական Կառավարական խորհուրդ։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության գոյության 133 օրվա ընթացքում ազգայնացվեցին արդյունաբերական ձեռնարկությունները, բանկերը, տրանսպորտը։ Իրականացվել են Հունգարիայի բնակչության մեծամասնության այնպիսի առաջադեմ պահանջները, ինչպիսիք են 8-ժամյա աշխատանքային օրը, տղամարդկանց և կանանց աշխատանքի հավասար վարձատրությունը, վճարովի արձակուրդը, համընդհանուր ընտրական իրավունքը և այլն: Այնուամենայնիվ, Արևմուտքի կապիտալիստական տերությունները սկսեցին նախապատրաստվել Հունգարիայի Խորհրդային Հանրապետության ոչնչացմանը։ Հունգարիայի ներսում Անտանտի տարբեր առաքելություններն ու գործակալները, ինչպես նաև Վիեննայի գաղթականները միավորեցին հակահեղափոխական ուժերը՝ խորհրդային իշխանությունը տապալելու համար։ 1919 թվականի ապրիլի 16-ին Անտանտը Ռումինիայի զորքերը նետեց Հունգարիայի դեմ, որից հետո ապրիլի 27-ին նաև Չեխոսլովակիայի զորքերը: Անտանտի տերությունները ուժեղ ճնշում գործադրեցին Հունգարիայի կառավարության վրա։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության իրավիճակը բարդանում էր և օգոստոսի 1-ին կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ։ Այսպիսով, Անտանտի ռազմական ուժերը, ներքին հակահեղափոխական ուժերի աջակցությամբ, ճնշեցին խորհրդային իշխանությունը Հունգարիայում:
Այնպես որ, իրավիճակն այնքան էլ աղետալի չէ և թունելի վերջում լույսը դեռ տեսանելի է: Հենց որ Հայաստանը կրկին դառնա Սոցիալիստական Հանրապետություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները մի շարք պատճառներով կմնան փակ, ինչպես փակ էին ավելի քան 30 տարի: Ռուսական ռազմաբազայի առկայությունը թույլ չի տա Արևմուտքին դրդել Թուրքիային կամ Ադրբեջանին ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ։ Իհարկե չի բացառվում, որ ամերիկացիների և թուրքերի ճնշման ներքո Վրաստանը ևս Հայաստանին շրջափակում կհայտարարի։ Բայց Հայաստանն ունի նաև Իրանի հետ սահման, և Իրան տանող ճանապարհը լինելու է կյանքի ճանապարհ, ինչպես ժամանակին եղել է 90-ականներին։ Իսկ Կասպից ծովի և Պարսից ծոցի իրանական նավահանգիստներով Հայաստանը հնարավորություն կունենա տրանսպորտային կապ ունենալ այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ։ Նույնը վերաբերում է օդային տրանսպորտին, Զանգեզուրով և Իրանի օդային տարածքով ինքնաթիռները հնարավորություն կունենան թռչել:
Այնպես որ, ապագա Սոցիալիստական Հայաստանին չի սպառնում Հունգարիայի կամ Սան-Մարինոյի Հանրապետության ճակատագրի կրկնությունը: Այլ հարց է, թե որքան ժամանակ կշարունակվի նման տարածքային-աշխարհագրական իրավիճակը։ Քանի որ մի օր մենք կարող ենք արթնանալ և պարզել, որ Հայաստանի արևմտամետ իշխանությունները ռուսական ռազմաբազաները դուրս են բերել Հայաստանի տարածքից: Բացի այդ, որպեսզի վնասեն Հայաստանին, որպեսզի վնասեն սոցիալիզմի կառուցմանը, կարող են ժողովրդից գաղտնի Զանգեզուրը հանձնել թուրքերի ձեռքը, ինչպես դա արեցին Արցախի հետ 2020 թվականին։ Չէ որ պատմության մեջ արդեն եղել է նման սցենար, երբ 1921 թվականին դաշնակցականները Նժդեհի գլխավորությամբ փորձում էին Զանգեզուրը պոկել Հայաստանից: Այդ ժամանակ կոմունիստները կարողացան հակահարված տալ և Զանգեզուրը վերամիավորել Հայաստանին:
Comentários