"Դա մեր պատերազմն էր, մեր Հաղթանակը"
ՀԿԿ Կենտկոմի Առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի շնորհավորանքը Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 79 ամյակի կապակցությամբ։
Կան իրադարձություններ, որոնք անհնարին է մոռանալ ինչպես սեփական անունը, հայրենիքը, արևը։ Ահա այդպիսի իրադարձություն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, որ կռվել ու կոփվել է միլիոնավոր մարդկանց անլուր զոհողությունների, մեծագույն ջանքերի գնով։
Ինչ է ֆաշիզմը՝ գիտեն տասնյակ ազգեր և ժողովուրդներ, ամենակործան խորշակ, որ սպառնում էր գեհենի վերածել հողագունդը, համաշխարհային չարիք։
1941թ․ հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով, առանց պատերազմ հայտարարելու հարձակվելով Սովետական Միության վրա, նպատակ ուներ ջախջախել Կարմիր Բանակը, ոչնչացնել աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը, տիրել մեր հայրենիքին ու ստրկացնել սովետական ժողովուրդներին։
Հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցեց պատերազմին։ Ավելի քան 600 հազար հայորդիներ տարբեր զորատեսակների ու ռազմաճակատների միասնական շարքերում, ինչպես նաև հայկական 6 դիվիզիաների կազմում, ռուս մեծ ժողովրդի գլխավորությամբ, հերոսաբար կատարեցին իրենց սրբազան պարտքը հայրենիքի հանդեպ և իրենց արժանի ավանդը ներդրեցին ֆաշիզմի դեմ տարած պատմական նշանակություն ունեցող հաղթանակում։ Հայ ռազմիկներից ավելի քան 300 հազար մարդ իրենց մատաղ կյանքը զոհեցին հանուն հայրենիքի ազատության։ Պատերազմում ցուցաբերած քաջագործությունների համար 70 հազար հայ ռազմիկներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով։ Հայ ժողովրդի և Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների 109 քաջորդիներ արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, իսկ Սովետական Միության մարշալ Հ․ Ք․ Բաղրամյանը և գրոհային օդաչու, փոխգնդապետ Ն․ Գ․ Ստեփանյանը այդ բարձրագույն կոչմանն արժանացան կրկնակի անգամ։ Հայ ռազմիկներից 27-ը դարձան Փառքի շքանշանի երեք աստիճանների լրիվ ասպետ, շուրջ 60-ը՝ գեներալ։ Սովետական գեներալների փայլուն համաստեղության մեջ իրենց արժանի տեղը գրավեցին մարշալ Բաղրամյանը, Սովետական Միության նավատորմի ծովակալ Իսակովը, ավիացիայի մարշալ Խուդյակովը և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Բաբաջանյանը։
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի ավանդը ներդրեցին նաև Սովետական Հայաստանի աշխատավորները, մեր հանրապետությունը դարձնելով ռազմաճակատի զինանոցներից մեկը, ճակատին մատակարարելով մոտավորապես 300 տեսակ զենք ու ռազմամթերք։ Աշխատավորների խնայողությունների հաշվին կառուցվեցին «Հայաստանի կոմերիտմիություն», «Հայաստանի կոլտնտեսական» տանկային շարասյուները, «Սովետական Հայաստան», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» ավիաէսկադրիլիաները և այլն։
1945 թվականի մայիսի 9-ը համաշխարհային պատմության մեջ մտավ որպես ֆաշիզմի վերջնական ջախջախման օր։ Հայաստանում երևի չկա մի ընտանիք, որին շրջանցած լինի այս պատերազմը։ Խորհրդային Հայաստանի պատմության մեջ ոսկե տառերով գրված են հազարավոր քաջ մարտիկների անունները, նրանց անունները փորագրված են մարմարե սալիկների վրա՝ յուրաքանչյուր ձեռնարկության, դպրոցի և ԲՈՒՀ-ի մոտ։
Հայրենական մեծ պատերազմը պատերազմ էր նրանց համար, ովքեր հասկանում էին, որ եթե հաղթի ֆաշիզմը, ապա Հայաստանը որպես այդպիսին չի լինի, որովհետև, ըստ Հիտլերի ծրագրի, Հայաստանի հողը պետք է գնար Գերմանիայի դաշնակից Թուրքիային, իսկ ժողովուրդը՝ բնաջնջվեր։
Դա մեր պատերազմն էր, մեր Հաղթանակը: Սա պետք է իմանա նաև մեր երիտասարդությունը։
Կասկած չկա, որ հայ ժողովուրդը հարգում է իր պատմության ամենապայծառ էջերը։ Մեծ Հայրենականը եղավ ազգային խիզախության բացառիկ դրսևորում։ Մեծ Հայրենականի փառքը անանց է։ Այն մեր հերոսական, մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը, ավելին՝ մեր ներկան է, որ պարտավոր ենք փայփայել ու հիշել։
Սիրելի հայրենակիցնե՛ր, թանկագին ընկերնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ ու հաղթական տոնի կապակցությամբ։
Comments