top of page

Ընտրությունները կապիտալիզմի պայմաններում քաղաքական պատրանք են

Մեր սյունակագիրը հաստատում է, որ այս ընտրությունները հերթական անգամ կեղծ են լինելու և չեն լուծելու Հայաստանի և նրա ժողովրդի հիմնական խնդիրը՝ կապիտալիզմը:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանում 1991թ.-ից մինչ օրս ընտրությունների մեծ մասը կատարվել է խախտումներով ու կեղծիքներով։ Այդպես է եղել նախագահ Լ. Տեր Պետրոսյանի ժամանակ, այդպես էր նախագահ Ռ. Քոչարյանի օրոք, այդպես էր նախագահ Ս. Սարգսյանի ժամանակ, այդպես շարունակվեց նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Փաշինյանի օրոք... պետք է ենթադրել, որ այս վատ ընտրախախտումների ու կեղծիքների ավանդույթը, շարունակվելու է նաև ապագայում, քանի որ արդար ընտրությունների անցկացման հարցը ոչ միայն ինչ-որ անձի հարց է, այլ իշխանության ընդհանուր բնույթի, կապիտալիզմի համակարգի հարց է: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Մենք չգիտենք, թե դա ճիշտ կլինի, թե Փաշինյանի հերթական սուտը կլինի, սակայն քաղաքական կուսակցությունները սկսել են պատրաստվել ընտրություններին:


Ի՞նչ սպասել այս ընտրություններից և ո՞վ կհաղթի:


Նախ նշենք, որ Հայաստանը կապիտալիստական (շուկայական տնտեսության) երկիր է, ճիշտ այնպես, ինչպես շատ այլ կապիտալիստական երկրներ, որտեղ անցկացվում են իշխանության ձևավորման ընտրությունները: Գրեթե բոլոր այդ կապիտալիստական երկրներում ընտրությունները տեղի են ունենում կոպիտ խախտումներով եւ կեղծիքներով, եւ Հայաստանը բացառություն չէ այդ կանոններից: Հիշենք վերջին նախագահական ընտրությունները ամենահարուստ, "ամենաժողովրդավարական" և ամենահզոր կապիտալիստական երկրում՝ ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահական ընտրություններում Սահմանադրության խախտումները հասել էին աննախադեպ չափերի, այն ժամանակ հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ խախտումները սկսվել են փոստով քվեարկության պատճառով։ Որպես օրինակ՝ Սպիտակ տան ղեկավարը բերել է ամերիկուհու պատմությունը, որը եկել է ընտրատեղամաս, որտեղ պարզվել է, որ նրա օգտին արդեն քվեարկվել է։ "Շատ մարդիկ նույն իրավիճակում են հայտնվել։ Դա հասել է այնպիսի մակարդակի, որ ոչ ոք չէր էլ ենթադրում։ Կան բազմաթիվ տարբեր պատմություններ [ընտրախախտումների մասին]", -նկատել է նա։ Թրամփի խոսքով՝ ձայների հաշվարկի ժամանակ թույլ չեն տվել Հանրապետական կուսակցության դիտորդներին, այն դեպքում, երբ "դեմոկրատներին թույլատրվում էր մտնել տարածքներ": ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրությունները համարում է խարդախություն։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ ՀԴԲ-ն (Federal Bureau of Investigation, FBI) կարող են մասնակից լինել 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների կեղծիքներին, վստահ է Թրամփը: Հենց այդպես է նա բացատրում այն, որ գերատեսչությունները որեւէ գործողություն չեն ձեռնարկում՝ ի պատասխան քվեարկության ժամանակ խախտումների մասին հանրապետականների հայտարարությունների: Թրամփը սոցցանցում գրել էր, որ իր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հաղթել է, քանի որ ընտրությունները "կեղծվել են":


Եթե նման խայտառակ ընտրություններ տեղի են ունենում "ժողովրդավարական" և կապիտալիստական ԱՄՆ-ում, նշանակում է, որ "ժողովրդավարական" և կապիտալիստական Հայաստանում պետք է լինեն ճիշտ նույն կեղծված ընտրությունները: Կապիտալիզմի ժամանակ ժողովուրդը միայն քվեարկող է, բայց ոչ իշխող: Իշխում է խոշոր կապիտալը: Կապիտալիստական հասարակության մեջ ընտրության ազատությունը բավականին կայուն քաղաքական պատրանք է, որը խելացիորեն ստեղծվում եւ աջակցում է բուրժուական հասարակության բոլոր ինստիտուտները: Կապիտալիզմը երբեք թույլ չի տա, որ ժողովուրդը, օգտագործելով ընտրությունների համակարգը, իր ձեռքը վերցնի իշխանությունը: "Ժողովրդավարական հանրապետությունը կապիտալիզմի հնարավոր լավագույն քաղաքական կեղեւն է, -ընդգծել է Լենինը, - ուստի կապիտալը, տիրապետելով այդ լավագույն կեղեւին, իր իշխանությունը հիմնավորում է այնքան հուսալի, այնքան ճիշտ, որ ոչ անձանց, ոչ հաստատությունների, ոչ կուսակցությունների ոչ մի փոփոխություն բուրժուական-դեմոկրատական հանրապետությունում չի տատանի այդ իշխանությանը"։


Հայաստանում նախընտրական քարոզարշավները, այդ կրկեսները, ամենևին էլ հայերի զվարճանալու համար չեն կազմակերպվում։ Նրա խնդիրն է կապիտալիզմի պայմաններում ժողովրդին պարտադրել "ազատ ընտրության" քաղաքական պատրանք և դրանով իսկ հետագայում կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունը ներկայացնել որպես սեփական որոշումների, սեփական ընտրության արդյունք։ Օրինակ, շատ հաճախ պնդում են, այն, ինչ անում է իշխանությունը, ժողովրդի ցանկությունն է, որովհետեւ ժողովուրդն ընտրել է այդ իշխանությունը, որպեսզի իշխանությունն անի այս կամ այն բանը: Փաշինյանի իշխանությունն իր բոլոր հակասահմանադրական և անօրինական գործողությունները հղում է անում ժողովրդի ցանկությանը, պարզվում է, որ հայ ժողովուրդը ցանկանում էր, որ իշխանությունն արգելափակեր դատարանների աշխատանքը, ուստի ժողովուրդն ընտրեց Փաշինյանին, ժողովուրդն ուզում էր ազատվել Արցախից, դրա համար էլ ընտրեց Փաշինյանին եւ այլն: Կապիտալիստական երկրներում պառլամենտարիզմի փորձը ակնհայտ ցույց է տալիս, որ համընդհանուր ընտրական իրավունքի արդյունքում ծնվող ժողովրդավարական իշխանությունը գործնականում շատ օտար է իրական ժողովրդավարությունից:


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կեղծվելու են, ճիշտ այնպես, ինչպես դա եղել է 2018 թվականին։ Մասնակցել ընտրություններին, որոնք կազմակերպում է Փաշինյանի հանցավոր իշխանությունը, նշանակում է թողտվել, մասնակից դառնալ հերթական հանցագործություններին, դա պետք է հստակ գիտակցեն ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները, հերթական անգամ՝ Փաշինյանի իշխանության լեգիտիմացման մեջ:


Ակնհայտ է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Փաշինյանի ֆինանսական հնարավորություններն ու ռեսուրսներն ավելացել են։ Ակնհայտ է, որ Փաշինյանը "կհաղթի" այս ընտրություններում, որովհետև ընդդիմությունը չունի այն ֆինանսական և այլ ռեսուրսները, որոնք ունի Փաշինյանը, էլ չենք խոսում ԱՄՆ դեսպանի աջակցության մասին: Եթե նույնիսկ ենթադրենք, որ կհաղթի ընդդիմության ներկայացուցիչը, Ռոբերտ Քոչարյանը կամ այլ կուսակցություն, տնտեսաքաղաքական իրավիճակը երկրում ավելի հեշտ չի դառնա, կլինի արտագաղթ, կլինի գործազրկություն, կլինեն աղքատներ, կլինեն ճգնաժամեր եւ այլն, մի խոսքով, հարուստները հարստանալու են, իսկ աղքատները շարունակելու են աղքատանալ: Հարցն այստեղ քաղաքական գործիչների անձերը չեն, այլ հարցը կապիտալիզմի համակարգում է: Չի կարող Հայաստանը կապիտալիզմի դեպքում լինել հաջողակ և զարգացած երկիր, այս մասին է վկայում կապիտալիզմի 30 տարին: Ամենակարեւորն այն է, որ ժողովուրդն արդեն իր փորձով տեսել է ունակությունները և հնարավորությունները, ինչպես լիբերալների Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի, այնպես էլ լիբերալ պոպուլիստների Լ. Տեր -Պետրոսյանի եւ Փաշինյանի երկրի կառավարումը: 2018 թվականի ընտրություններին ընտրողների 52 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրողների մեծամասնությունը բոյկոտել է ընտրությունները: Թե քանի տոկոս կբոյկոտեն այս ընտրությունները դեռ հայտնի չէ, մի բան հստակ կարելի է ասել, եթե ընտրական բյուլետեններում կետ գրվեր՝ բոլորի դեմ, ապա բարձր տոկոս կհավաքեր։ Շատ մարդիկ արդեն հոգնել են կապիտալիզմից եւ լիբերալիզմից, այդ ստերից, հոգնել են թե Քոչարյանից, թե Փաշինյանից։ Հայաստանը չի դիմանա ոչ Փաշինյանի լիբերալիզմի կրկնությանը, ոչ էլ Քոչարյանի լիբերալիզմի կրկնությանը:


Ընդհանրապես այս ընտրությունների անցկացման իմաստը մեծ հաշվով չկա, ոչ մի ընդիմադիր կուսակցություն դեռ չի հայտարարել, որ կհրաժարվի այն խայտառակ հայտարարությունից, որը Փաշինյանը ստորագրել է ժողովրդից գաղտնի։ Այսպիսով, ինչպես ընդիմադիր գործիչները, այնպես էլ Փաշինյանը, կողմ են, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Որոշ ընդիմադիր գործիչների այն հայտարարությունը, թե կարելի է որոշ ստորակետեր փոխել, լուրջ ընկալել հնարավոր չէ: Կիսահղի չի լինում, կամ դուք կողմ եք նոյեմբերի 9-ի հայտարարություններին, կամ դեմ եք:


Պետք է հիշեցնել, որ երեք տարի առաջ՝ 2018 թվականին, արդեն եղել են խորհրդարանական ընտրություններ, որտեղ Փաշինյանը ժողովրդին խոստացել էր, որ կախարդական փայտիկի օգնությամբ կլուծի ժողովրդի և երկրի բոլոր խնդիրները։ Այդ ժամանակից ի վեր ժողովրդի եւ երկրի վիճակն ավելի է վատացել, սակայն ժողովուրդը դեռ հավատում է այդ պատրանքներին: Առողջ դատողության տեսակետից հասարակության մեջ ընտրություններ անցկացնելը, որտեղ ցածր է քաղաքական գրագիտությունը, որտեղ ձայները վաճառվում են փողով, որտեղ 2,9 մլն բնակչությամբ 700 հազար աղքատ կա, աբսուրդ է։ Թեեւ կապիտալիստների իշխանության տեսանկյունից դա ընտրությունների համար լավ միջավայր է, որքան անգրագետ ու աղքատ է բնակչությունը, այնքան հեշտ է նրանց մանիպուլյացիայի ենթարկել ու ընտրությունները կեղծել:




Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page