Հայաստանի իշխանությունները կրկին մոլորեցնում են մարդկանց
Ի տարբերություն կապիտալիզմի, որը խեղդում է մարդկանց, սոցիալիզմը ստեղծում է անհրաժեշտ իրական պայմաններ աշխատողների կարողությունների զարգացման և աշխատանքի ազատ դրսևորման համար:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանի իշխանությունները շուրջ 32 տարի շարունակ իրենց քարոզչությամբ մոլորեցնում են մարդկանց և ստեղծում են տարբեր պատրանքներ, որ իրենց կապիտալիստական քաղաքականության շնորհիվ հաջողությամբ լուծվում են աղքատության և գործազրկության խնդիրները: Բայց չնայած այն հանգամանքին, որ 32 տարի շարունակ նախագահներ և վարչապետներ են փոխվել, յուրաքանչյուրն իր ելույթներում նշել է աղքատության և գործազրկության կրճատման մասին, սակայն խնդիրները մինչ օրս մնում են արդիական և չլուծված: Այսպիսով, 2018 թվականից կապիտալիզմի քաղաքականության շարունակման էստաֆետը Սերժ Սարգսյանից փոխանցվել է Փաշինյանին: Շուտով կլրանա Փաշինյանի կառավարման 6 տարին, և այս ամբողջ ընթացքում իշխանության քարոզչությունը պնդում է, որ աղքատությունն ու գործազրկությունը նվազում են, իսկ իրականում աղքատությունն ու գործազրկությունը ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են աճել:
Պարզության համար արժե դիտել քայլող մանիպուլյատոր Փաշինյանի մի քանի մեջբերում, -"Ըստ էության, մենք ամեն օր առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ սոցիալական նպաստների համակարգը մարդկանց խրախուսում է շարունակել լինել և մնալ աղքատ՝ հակասության մեջ մտնելով մեր ռազմավարության հետ, որը հնչում է հետևյալ կերպ՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը», որովհետև, եթե անկեղծ լինեմ, ես այլ կերպ, քան աշխատանքը, աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ չգիտեմ":
Եվ հաջորդ մեջբերումը, -"Ուզում եմ արձանագրել նաև, որ 2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8 տոկոս: Ծայրահեղ աղքատությունը 1.5 տոկոսից դարձել է 1.2 տոկոս: Բայց էլի եմ ասում, մենք չենք կարծում, որ գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն: Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք":
Նախ պետք է մեծ կասկածով վերաբերվել այն տվյալներին, որոնք ներկայացնում է վիճակագրական կոմիտեն, քանի որ Հայաստանը կապիտալիստական երկիր է, ապա որպես կանոն ընդունված է բոլոր կապիտալիստական երկրներում իշխող դասակարգը վիճակագրությունն օգտագործում է հօգուտ իր շահերի, իսկ դա նշանակում է, որ իշխանություններին ոչ ձեռնտու շատ տվյալներ ուղղակի ենթարկվում են կեղծիքների և մանիպուլյացիաների: Օրինակ, աղքատների թվի մասին սկսել են խոսել տոկոսներով, չէ որ Հայաստանի իշխանությունների համար ձեռնտու չէ խոսել 700 հազար աղքատների մասին 2,9 մլն բնակչություն ունեցող երկրի պարագայում, իշխանությունների համար ավելի ձեռնտու է խոսել, որ 26 տոկոսը դարձել է 24 տոկոս: Եվ ամենակարևորը՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեին ակտիվորեն օգնում է Արևմուտքը իր ֆինանսական ինստիտուտների միջոցով: Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը սովորեցնում, խորհուրդ է տալիս, ներդնում է վիճակագրական նոր մեթոդներ և այլն՝ մարդկանց մոլորեցնելու համար:
Այն ամենը, ինչ պետության անունից ասում է Փաշինյանը, հակասում է Հայաստանում կապիտալիզմի ընդունած նորմերին և հետևաբար այդ պոպուլիստական ելույթները չեն կարող իրագործվել։ Հայաստանում, ինչպես Մոլդովայում, Վրաստանում, Լիտվայում, Հունաստանում և այլն, հաստատվել է տնտեսավարման մասնավոր կապիտալիստական ձևը: Որտեղ տնտեսության մեջ պետության դերը զրոյացվում է, պետությունը ոչինչ չի որոշում, ամեն ինչ որոշում են անհատ ձեռնարկատերերը, պետությունը իրավունք չունի գործարան կառուցի, պետությունը վկայի դերում է, ամեն ինչ տեսնում է, բայց իրավունք չունի միջամտելու։ Պետությունը նման մասնավոր կապիտալիստական մոդելի մեջ այնքան նվաստացած վիճակում է, որ նույնիսկ քաղաքային զբոսայգիների կամ սպորտի տարրական սպասարկումը փոխանցվում է կապիտալիստների մասնավոր ձեռքը: Այնպես որ, այն ամենը, ինչ Փաշինյանն ասում է աշխատանքի հնարավորությունների ստեղծման մասին, աշխատանքով հաղթահարել աղքատությունը - հերթական մանիպուլյացիան է, ինչպես և մնացած բոլոր հարցերը 6 տարվա ընթացքում: Փաշինյանի միակ լծակը ոստիկանական կադրերի ավելացումն է, ընդ որում ՝ այս ամենը ժամանակավոր և անիմաստ բնույթ է կրում։ Որոշ ժամանակ անց, երբ իրավիճակը կայունանա, այդ մարդիկ ենթարկվելու են օպտիմալացման և դուրս են նետվելու քամած կիտրոնի պես:
Բոլորովին այլ հարց է պետական կապիտալիզմի մոդելը, որը հաստատվել է Ադրբեջանում, Բելառուսում, Նորվեգիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և այլն։ Այնտեղ պետությունները համաշխարհային կապիտալիստական համակարգի շրջանակներում, այնուամենայնիվ, անում են այն ամենը, ինչ չի կարող մասնավոր բիզնեսը, և ինչը թույլ է տալիս կապիտալիզմի հիմնական կենտրոնը՝ ԱՄՆ-ը: Ադրբեջանում պետությունը, ի տարբերություն Հայաստանի, իսկապես աշխատատեղեր է բացում տնտեսությունում։ Այսպես Նախիջևանում պետությունը ավտոմոբիլային գործարան է բացել, մասնավոր բիզնեսի տեսանկյունից բացարձակ վնասաբեր ձեռնարկություն է, բայց պետական շահերի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Նորվեգիայում ժամանակին անհրաժեշտ էին մետաղագործական գործարաններ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ նստած սպասում են օտարերկրյա ներդրողներին, եւ տեսնելով, որ տեղական կապիտալն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը, պետությունն իր վրա վերցրեց այդ ձեռնարկությունը եւ երկու մետոլուրգիական գործարաններ հիմնեց Նորվեգական տնտեսության կարիքների համար:
Երկրորդ հիմնական կետը, դա կապիտալիստական Հայաստանի Սահմանադրության համաձայն, -"Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները: Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք": Ըստ այդ հոդվածի՝ գործում է հետևյալ սկզբունքը՝ ուզում ես աշխատել, աշխատիր, չես ուզում աշխատել, մի աշխատիր, ոչ ոք իրավունք չունի պարտադրի աշխատել։ Եվ մեկ այլ սկզբունք ուզում ես աշխատել, բայց աշխատանք չես կարողանում գտնել, որովհետև աշխատանք չկա, ուրեմն դա քո անձնական, հոգեբանական խնդիրներն են, խնդիրը քո մեջ է, ոչ թե պետական տնտեսական համակարգում: Այլ կերպ ասած, եղունգ ունես, ինքդ քո գլուխդ քորի:
Փաշինյանը որպես ստի մեծ քարոզիչ, հպարտությամբ ասում է, որ հազարավոր օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան՝ աշխատելու։ Բայց այստեղ ոչ մի արտառոց բան կամ կառավարության լավ աշխատանքի արդյունք չկա: Հայաստանում տեղի են ունենում նույն գործընթացները, ինչ մյուս կապիտալիստական երկրներում այսինքն՝ տեղի կապիտալիստները, ելնելով իրենց տնտեսական օգուտներից, որոշել են, որ ավելի շահավետ է օգտագործել օտարերկրացիների էժան աշխատուժը, քան թանկ վճարել տեղի բանվորին: Հայաստանում հիմա տարբեր ոլորտներում աշխատում են տասնյակ հազարավոր միգրանտներ Հնդկաստանից: Համապատասխանաբար հայ բանվորին, այլ բան չի մնում, քան ինքն է դառնում միգրանտ Ռուսաստանում կամ Կալիֆոռնիայում: Այսինքն՝ հայկական իշխող դասի, կապիտալիստների ունևոր դասի համար կարևորը տնտեսական շահն է, շահույթը։ Այսօր նրանք հանուն շահույթի, հայերին փոխարինում են հնդիկներով, իսկ վաղը հանուն շահույթի կվաճառեն ամբողջ Հայաստանը, ինչպես Արցախը վաճառեցին 2020 թվականին: Քանի դեռ Հայաստանում կապիտալիզմ է, լինելու են նաև կապիտալիզմի անբաժան ուղեկիցները՝ գործազրկությունը, աղքատությունն ու "փաշինյանները":
Ի տարբերություն կապիտալիզմի, որը խեղդում է մարդկանց, սոցիալիզմը ստեղծում է անհրաժեշտ իրական պայմաններ աշխատողների կարողությունների զարգացման և աշխատանքի ազատ դրսևորման համար: Աշխատանքի իրավունքը հասարակության յուրաքանչյուր աշխատունակ անդամի իրավունքն է 'երաշխավորված աշխատանք ստանալ, ըստ դրա քանակին և որակին համապատասխան աշխատավարձով: Աշխատանքի իրավունքը օրենսդրորեն ամրագրված էր Սովետական Միության Սահմանադրության մեջ, որն իրապես ապահովվում էր տնտեսության սոցիալիստական կազմակերպության, հասարակության արտադրողական ուժերի կայուն աճի, տնտեսական ճգնաժամերի վերացման և գործազրկության վերացման միջոցով:
Փոխարինելով սոցիալիստական սկզբունքը "աշխատանքի իրավունքը", կապիտալիստական սկզբունքով "աշխատանքի ազատ ընտրության իրավունքով", դրանով իսկ իշխող փոքրամասնության կապիտալիստական դասը մեծամասնության աշխատավորների դասին դատապարտեց գործազրկության, աղքատության և արտագաղթի: Մինչև այդ սկզբունքները չփոխվեն, "փաշինյանները" կգան ու կգնան և ամեն ինչ կմնա անփոփոխ: Որպեսզի մարդը աղքատ չլինի ու աշխատանք ունենա, պետք է, որ մարդն ունենա աշխատանքի իրավունք, իսկ դրա համար պետք է անցում դեպի սոցիալիստական համակարգ, որտեղ սոցիալիստական Հայկական պետությունը երաշխավորված կապահովի քաղաքացիներին աշխատանքով:
Comments