«Հայաստանում ընտրվել կարող են միայն դրամ ունեցողները»
Անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ պրոֆեսոր Պետրոսյանը պարզ է դարձնում, թե ինչպես են շարունակվում կրկնվել անցյալի սխալները։
Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան, Պատմական գիտությունների դոկտոր
Վերջերս մի շարք ընկերներ ինձ դիմել են՝ խնդրելով և առաջարկելով հայտնել իրենց հետաքրքրող մի քանի հարցի վերաբերյալ իմ տեսակետը՝ միաժամանակ նշելով, թե ինչո՞ւ եմ խուսափում այդ հարցերին անդրադառնալ։
Ահա այդ հարցերը․
1․Ինչի՞ համար եք խուսափում այսօր տիրող իրավիճակին անդրադառնալ։ Կարելի է ասել, որ Հայաստանում եռում է քաղաքական կյանքը, իսկ դուք դրանով չեք հետաքրքվում, նույնիսկ խուսափում եք անուններ հիշատակելուց։
2․Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ավարտել է նստաշրջանների գումարումը և մեկնել է արձակուրդի։ Ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունը։
3․Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գոյություն ունեցող ընդդիմադիր ուժերի գործունեությանը։
4.Դուք ին՞չ կարծիք ունեք Հայաստանի Հանրապետության զինանշանը փոխելու մասին։
Հարգելի՛ ընկերներ, իհարկե, Դուք ճիշտ եք։ Կփորձեմ համառոտ բացատրություն տալ և պատասխանել Ձեր հարցերին։
1․Ես հրապարակախոսությամբ չեմ զբաղվում, քաղաքագետ չեմ, հետևապես ընթացիկ հարցերով չեմ զբաղվում։ Չեմ զբաղվում նաև կանխատեսումով ու գուշակությամբ, որպեսզի ապագայում
տհաճ վիճակի մեջ չհայտնվեմ։
Ես մասնագիտությամբ պատմաբան եմ։ Իմ ուսումնասիրության առարկան պատմությունն է։ Պատմությունը նույնպես գիտություն է, գիտություն՝ անցյալ ժամանակաշրջանի, նաև մարդկանց կատարած գործերի մասին։
Պատմությունը՝ որպես գիտություն, ունի մի կարևոր առանձնահատկություն․ նա միտված է դեպի ներկան, դեպի ապագան։ Պատմական գիտությունն անցյալ ժամանակաշրջանում թույլ տված սխալներն ապագայում չկրկնելու և ճիշտ ճանապարհով գնալու ուղեցույց է։
Սկսած 1956 թվականից՝ 67 տարի շարունակ, զբաղվում եմ հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ նրա սահմանակից երկրների քաղաքականության պատմությամբ, հայկական հարցով զբաղվող պետությունների քաղաքականության պատմությամբ։
Նշեմ, որ հայ ժողովրդի պատմությանն առնչվող իմ աշխատություններում քննարկվում է երեք հիմնահարց՝ Արևմուտքի, Թուրքիայի և Ռուսաստանի կապակցությամբ։
Օբյեկտիվ ընթերցողը, ծանոթանալով իմ աշխատություններին, անպայման նկատած կլինի, թե ինչպես են անցյալ դարերում և հետո՝ հատկապես Առաջին Հանրապետության ժամանակ, հայ գործիչները բազմաթիվ անգամ դիմել Հռոմի Եկեղեցուն, Արևմուտքի տերություններին՝ խնդրելով օգնություն։ Ընթերցողին հայտնի դարձած կլինի նաև, թե Արևմուտքի տերությունների ղեկավարներն ինչպիսի խոստումներ են տվել հայ ժողովրդին, և երբ եկել է օգնելու պահը, հրաժարվել են իրենց խոստումներից՝ օգնելով հայ ժողովրդի թշնամի Թուրքիային։
Պատմական իրադարձությունների վերլուծությունը այսօրվա օբյեկտիվ ընթերցողին, իհարկե, կբերի այն համոզմանը, որ այսօր էլ նույնն է կատարվում։ Միայն փոխվել է ձևը, իսկ բովանդակությունը մնացել է նույնը։ Այսօր էլ դիմումներ ու խնդրանքներ են ուղղվում Արևմուտքի տերություններին, որոնց ղեկավարները բավարվում են խոստումներ տալով, բայց գործնականում՝ օգնում Ադրբեջանին։
Մի՞թե այդ մասին չի վկայում այն փաստը, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Արևմուտքի մյուս տերություններն անտեսում են իր ազատության համար մարտնչող Լեռնային Ղարաբաղի հայության շահերը և պահանջում են Լեռնային Ղարաբաղը նորից ենթարկել Ադրբեջանի իշխանություններին։
Այսպիսով՝ պատասխանելով վերոհիշյալ հարցին՝ ուզում եմ նշել, որ անցյալում տեղի ունեցած պատմական իրադարձությունների վերլուծությամբ ուղղակի թե անուղղակի առնչվում եմ մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններին՝ փորձելով օգնել անցյալի սխալներից խուսափելու համար։ Թե որքանով է դա հաջողվում, արդեն ինձնից կախված չէ, այլ կախված է նրանցից, ովքեր զբաղվում են այսօրվա քաղաքականությունը վարելով։
Ինչ վերաբերում է անուններ չտալուն, ապա ասեմ հետևյալը․
Ելնելով իմ աշխատությունների պատմագիտական բնույթից՝ անհրաժեշտության պահանջ չի հրապարակել այն անձանց, որոնք հայտնի են նաև որպես ազդեցության գործակալներ, որովհետև ինչպես անցյալ ժամանակների պատմության մեջ, այնպես էլ այժմ՝ մեր օրերում, ազդեցության գործակալները հետք չեն թողել ու չեն արժանացել հիշատակման։
2․Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի նույնպես հետևել եմ Ազգային ժողովի ընթացքին։ Իմ տպավորությունն այն է, որ Ազգային ժողովում ընդունած օրենքները կարճ ժամանակ անց փոփոխվում են։ Դա, ըստ երևույթի, վկայում են, որ օրենքները ընդունելիս ցույց է տրվում շտապողականություն, իրավիճակին անհամապատասխան գնահատելու ընդունակություն։
Ազգային ժողովում հնչած ելույթները, պատգամավորների դրսևորած վարքագիծը նկատի ունենալով՝ ուզում եմ ընդգծել, որ դրանք պերճախոս կերպով ցույց են տալիս, թե ովքեր չպետք է ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր։
Իհարկե, պատգամավորների թվում կան մի քանի բանիմաց, գործը տիրապետող, իրենց վրա դրված պատասխանատվությունը զգացող պատգամավորներ, բայց, ափսոս, որ նրանք ի զորու չեն շտկել, կամ, ավելի ճիշտ, փոխել Ազգային ժողովում տիրող մթնոլորտը։ Սա իմ անձնական գտահատականն է։
3․Հավանաբար Դուք նկատի ունեք Ազգային ժողովի կազմը։ Իմ սուբյեկտիվ տեսակետով՝ Ազգային ժողովում դասական իմաստով չկա ձախ ընդդիմություն։ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը գտնվում է կենտրոնում և ներկայացնում է աջ ուժերին։ Ազգային ժողովում իրենց ընդդիմություն հայտնած դաշինքը նույնպես ներկայացնում է աջ հայացքներ ունեցողներին։
Ազգային ժողովից դուրս գոյություն ունեն ծայրահեղ աջ գաղափարախոսության ուժեր։ Ինչպես Ազգային ժողովի աջակենտրոն մեծամասնությունը, այնպես էլ նրանց պաշտպանող Ազգային ժողովից դուրս գտնվող ծայրահեղ աջերը որդեգրել են Դաշնակցության գաղափարախոսությունը և գործում են այդ գաղափարախոսության սկզբունքներով։ Դա դրսևորվում է արևմտյան երկրների հետ վարվող դիվանագիտական հարաբերությունների մեջ և Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությամբ։ Վերջին հանգամանքը դրսևորվում է Ռուսաստանից հեռանալու և նրա փոխարեն արևմտյան երկրների հետ ինտեգրվելու մեջ։ Այդպիսի գաղափարախոսությամբ մշտապես գործել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը։
Այս առումով էլ այսօր Դաշնակցությունը ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ նրանից դուրս հայտնվել է շփոթված վիճակում, քանի որ իշխող մեծամասնությունը և նրան պաշտպանող ծայրահեղ աջերը մի կողմից ղեկավարվում են Դաշնակցության գաղափարախոսությամբ, մյուս կողմից՝ աշխատում են քաղաքական ասպարեզում ՝ Դաշնակցությանը մեկուսացնելու համար։
Իհարկե, կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի այն հարցը, թե ինչո՞ւ ասպարեզում չեն ձախ ուժերը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հռչակել է բոլոր քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Սակայն, Սահմանադրությունից դուրս մտցվել է նախընտրական գրավ մուծելու պահանջ։ Ըստ էության՝ ձախ ուժերը հնարավորություն չեն ունեցել հավաքել այդ նախընտրական գրավը՝ 10 միլիոն դրամը, և զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այսինքն՝ Հայաստանում ընտրվել կարող են միայն դրամ ունեցողները և այլն։
4․Չորրորդ հարցին պատասխանում եմ, որ տարիներ առաջ երկու անգամ անդրադարձել եմ զինանշանին, դրոշին և օրհներգին։ Այդ մասին կներկայացնեմ կարճ ժամանակ անց։
תגובות