Ի՞նչպես հասկանալ, թե ով ո՞վ է հայկական քաղաքականության մեջ
Կապիտալիստական Հայաստանում բոլոր իշխանությունները՝ սկսած Տեր-Պետրոսյանից մինչև հայատյաց Փաշինյան, ամեն ինչ արել և անում են այնպես, ինչպես "խորհուրդ" է տալիս Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Համաշխարհային Բանկը, Միացյալ Նահանգների դեսպանատունը, Եվրոպայի Խորհուրդը և Եվրոպական Միությունը։
Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Կապիտալիստական Հայաստանում 100-ից ավելի գրանցված քաղաքական կուսակցություններ կան: Այս առումով տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչպես պետք է հասարակ քաղաքացին, որը հեռու է քաղաքական խոհանոցից, հասկանա տարբերությունները, թե ով ո՞վ է և ի՞նչ է իրենից ներկայացնում, որպեսզի կարողանա ճիշտ ինքնորոշվել քաղաքականության մեջ:
Ամենակարևոր հարցը, որի միջոցով որոշվում է քաղաքական ուժի իմաստը, նրա վերաբերմունքն է տնտեսա-քաղաքական համակարգի նկատմամբ։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ տնտեսական կարգի հիմքը շուկայական, այսինքն՝ կապիտալիստական տնտեսությունն է: Ըստ այդմ, կապիտալիստական Հայաստանում ազդեցիկ քաղաքական կուսակցությունների մեծ մասը կապիտալիզմի կողմնակիցներ են։ Այն բանից հետո, երբ սովորական քաղաքացին, պարզում է, որ քաղաքական կուսակցությունների գործնական մեծամասնությունը կապիտալիզմի կողմնակիցներ են, ուրեմն քաղաքացին պետք է մեկընդմիշտ հասկանա, որ չնայած կուսակցությունների տարբեր անվանումներին և ծրագրերին՝ այդ կուսակցությունները իրականում նույն կուսակցություններն են, որոնք հանդես են գալիս կապիտալիզմի ընդհանուր դրոշի ներքո։ Իսկ կուսակցական ծրագրերում այնպիսի դրույթներ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, հարկերի նվազեցումը կամ ավելացումը, կանաչ տնտեսության զարգացումը, տնտեսության բարգավաճումը, աղքատության և գործազրկության նվազեցումը և այլն և այլն, ընդամենը շեղող հնարքներ են, մի խոսքով՝ լավ կենացներ, որոնց միջոցով հաջողվում է խաբել բնակչությանը։
Հաջորդ բանը, որ հասարակ քաղաքացին պետք է հասկանա իր համար, դա այն է, թե ինչ է կապիտալիստական պետությունը: Կապիտալիզմի առկայությունը, այս կամ այն երկրում, արդեն իսկ ենթադրում է ֆինանսական, և, հետևաբար, քաղաքական ենթակայություն Արևմուտքին, ԱՄՆ իշխող դասի գլխավորությամբ: Այսինքն՝ Հայաստանը, ինչպես ցանկացած այլ կապիտալիստական երկիր, իմպերիալիզմի կիսագաղութությունն է։ Իսկ իմպերիալիզմը ֆինանսական ստրկության և գաղութային ճնշման համաշխարհային համակարգ է մի բուռ "առաջադեմ" երկրների կողմից՝ հսկա պետությունների մեծամասնության նկատմամբ:
Այսինքն՝ քաղաքացին պետք է հասկանա, որ Հայաստանի կապիտալիստական իշխանությունը բազմաթիվ որոշումներ է կայացնում և այսպես թե այնպես գործում է ոչ թե իր պետական շահերից կամ քմահաճույքներից ելնելով, այլ այնպես, ինչպես իրեն կթելադրի կապիտալիզմի քեռի Սեմը՝ ԱՄՆ-ն։ Կոպիտ ասած քեռի Սեմը ստիպեց Ս. Սարգսյանին իշխանությունը հանձնել Փաշինյանին, և նա առանց դիմադրության կատարեց դա, քեռի Սեմը Փաշինյանին ասաց, որ պետք է հրաժարվել Արցախից, և նա հաճույքով կատարեց դա: Կապիտալիստական համակարգում յուրաքանչյուր երկրի համար հստակ կանոնակարգված է իշխանությունների գործունեությունը, թե ինչ կարող են անել և ինչը ՝ ոչ ՝ ելնելով ԱՄՆ իշխող դասի շահերից։ Կապիտալիստական Հայաստանում բոլոր իշխանությունները՝ սկսած Տեր-Պետրոսյանից մինչև հայատյաց Փաշինյան, ամեն ինչ արել և անում են այնպես, ինչպես "խորհուրդ" է տալիս Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Միացյալ Նահանգների դեսպանատունը, Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական Միությունը։ Դրա համար էլ, կապիտալիզմի օրոք, իշխանափոխությունն ընդամենը դեկորատիվ երևույթ է, քանի որ ընդամենը Արևմուտքի հերթական խամաճիկի անուն-ազգանունն է փոխվելու, իսկ կապիտալիստական համակարգը ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է գործել։
Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք հանդես են գալիս կապիտալիզմի դրոշի ներքո (Քաղաքացիական պայմանագիր, Դաշնակցություն, Ռամկավար, ՀՀԿ, Հայրենիք, Միացյալ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ այլն) , միասնական են իրենց նպատակների մեջ: Նրանք բոլորն ուզում են կապիտալիզմ, ուզում են ինտեգրվել Արևմուտքին, ուզում են լինել Արևմուտքի կիսագաղութը, և ապրել Արևմուտքի վարկերի հաշվին։ Ելնելով դրանից՝ այն քաղաքացիները, որոնք աջակցում են կամ համակրում են Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը, "Դաշնակցությանը" կամ "Հայաստանի Հանրապետական կուսակցությանը" կամ այլ պրոկապիտալիստական կուսակցություններին, պետք է հասկանան, որ մեծ հաշվով նրանց մեջ տարբերություն չկա: Իհարկե, կար 20 տարվա դրվագ, երբ նրանց միջև Արցախի հարց կար։ Կապիտալիստ ազգայնականները փորձում էին կառչել Արցախից, իսկ կապիտալիստ գլոբալիստները փորձում էին ազատվել Արցախից՝ որպես ծանր բեռ: Արդյունքում հաղթեցին կապիտալիստ գլոբալիստները, Փաշինյանի գլխավորությամբ, որոնք դավադրաբար հրաժարվեցին Արցախից, և այժմ այդ քաղաքական պրոկապիտալիստական կուսակցությունները կրկին դարձան միասնական և անբաժանելի իրենց նպատակների համար:
Ժամանակին Էնգելսը ամերիկյան երկկուսակցական համակարգի մասին գրել է հետևյալը, - "Քաղաքական սպեկուլյանտների երկու մեծ խմբավորումներ, որոնք հերթով իրենց ձեռքն են վերցնում պետական իշխանությունը և շահագործում այն ամենակեղտոտ ձևով և ամենակեղտոտ նպատակների համար, իսկ ազգն անզոր է քաղաքական գործիչների այս երկու մեծ միությունների առջև, որոնք իբր ծառայում են նրան, իսկ իրականում իշխում են նրան և թալանում նրան": Վերաձեւակերպելով Էենգելսի խոսքերը՝ նույնը կարելի է ասել Հայաստանի բազմակուսակցական համակարգի եւ իշխող քաղաքական կուսակցությունների մասին: Հասարակ քաղաքացին պետք է այս ամենը հաշվի առնի, որպեսզի հասկանա, թե ինչպիսին է դեմքը և ինչպես է գործում հայկական քաղաքականությունը։
Հասկանալու համար անհրաժեշտ են օրինակներ, շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են պրոկապիտալիստական կուսակցությունները քննադատում կապիտալիստական իշխանությանը, քանի որ այն գործում է կապիտալիստական կանոններով: Անհեթեթ է թվում, բայց իրականում այդպես է: Ժամանակին կապիտալիզմի կողմնակից, ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր կապիտալիզմի կողմնակից, նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ իշխանությունը վարկեր էր վերցնում, դրանով իսկ ավելացնում պետական պարտքը: Այսօր կապիտալիզմի կողմնակից Փաշինյանին քննադատում են կապիտալիզմի կողմնակից գործիչները նույն բանի համար, Արևմուտքը Փաշինյանին շատ վարկեր է տալիս՝ դրանով իսկ մեծացնելով Հայաստանի կախվածությունն ու պետական պարտքը: Միանգամայն ակնհայտ է, որ վաղ թե ուշ Փաշինյանին նետելու են պատմության աղբամանը, բայց եթե նրա փոխարեն գա կապիտալիզմի նույն ջատագովը, ապա ամեն ինչ կշարունակվի նախկինի պես: Այսպես է կառուցված այս կապիտալիստական աշխարհը, և Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանն անում են այնպես, ինչպես ընդունված է կապիտալիզմի ժամանակ: Այստեղ քաղաքացին պետք է միշտ զգուշությամբ մոտենա իշխանությունների կեղծ պետական քարոզչությանը և կապիտալիստական ընդդիմության քննադատությանը կապիտալիստական իշխանությունների հասցեին։ Քանի որ այս ամենը սուտ է, և գործնականում ապացուցված է հենց Փաշինյանի օրինակով։ Վստահել և հավատալ կապիտալիստական քաղաքական կուսակցություններին լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, դա նշանակում է խաբվել: Քննադատության և անկեղծության մեջ պետք է վստահել միայն այն քաղաքական կուսակցություններին և գործիչներին, ովքեր հանդես են գալիս այլընտրանքով, ովքեր կողմ են սոցիալիզմին, այսինքն՝ դեմ են կապիտալիզմին, շուկայական տնտեսությանը:
Ամենակարևորը՝ սովորական քաղաքացին այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելուց կամ համակրելուց առաջ պետք է ինքնուրույն կողմնորոշվի կուսակցության ընտրության հարցում, իսկ դա արվում է իր շահի միջոցով, իսկ շահերը դրսևորվում են դասակարգային մոտեցմամբ: Օրինակ, կա օլիգարխ, նա ունի իր օլիգարխիկ դասակարգային շահերը, և քաղաքական տրամաբանությամբ նա միշտ քվեարկելու է լիբերալների օգտին, և նա միշտ դեմ է լինելու կոմունիստներին։ Նմանապես, ըստ տեսության, պետք է առաջնորդվեն վարձու աշխատանքի մարդիկ, որոնց դասակարգային շահերը հակադրվում են իշխող կապիտալիստական դասի շահերին: Այնուամենայնիվ, իրական պրակտիկայում դա այնքան էլ այդպես չէ, քանի որ շատ պրոլետարներ՝ վարձու աշխատանքի մարդիկ, այնքան էլ հստակ չեն գիտակցում իրենց շահերը։ Բանվոր դասակարգի շատ ներկայացուցիչներ ենթարկվում են պետական կապիտալիստական քարոզչությանը, ինչը նրանց մոտ պատրանք է ստեղծում, որ կապիտալիստների և նրանց շահերը համընկնում են, այսպես ասած, նրանք նույն նավի մեջ են: Եվ շատ գործազուրկներ, աղքատներ, բանվորներ, գյուղացիներ առանց իրենց հաշիվ տալու կամ կաշառքի համար քվեարկում են կապիտալիստների կուսակցությունների օգտին:
Այն ամենը, ինչ արվում է երկրի հետ և երկրում, կապիտալիզմի ուղղակի հետևանքն է: Եթե որևէ մեկը չի ուզում փաշինյանների տիպի խամաճիկներ, գործազրկություն, աղքատություն, ճգնաժամ, ցեղասպան արտագաղթ, ադրբեջանական ագրեսիա ու օկուպացիա, իշխանությունների անվերջանալի ստեր ու անպատասխանատվություն, տնտեսության դեգրադացիա, ապա նա պետք է հրաժարվի կապիտալիզմից - այսինքն՝ Արևմուտքից, եւ դադարեցնել աջակցել այս կամ այն քաղաքական կուսակցությանը, որը պաշտպանում է կապիտալիզմը։ Սա է ամբողջ խնդիրը: Այս ամենին այլընտրանքը, զարգացման ինքնուրույն սոցիալիստական ուղին է՝ Հայկական Սոցիալիստական Հանրապետության տեսքով:
Opmerkingen