top of page

Ինչպես Լոռին 1921 թ. վերամիավորվեց Սոցիալիստական Հայաստանի հետ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպչական ակտիվ գործունեության և Խորհրդային Ռուսաստանի եղբայրական օգնության շնորհիվ Լոռին վերջապես վերամիավորվեց Հայաստանի հետ։



Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների պատմությունը հարուստ է ինչպես համագործակցության, այնպես էլ արյունալի պատերազմների օրինակներով, հատկապես 20-րդ դարասկզբին: 1917թ. փետրվարյան հակամոնարխիստական հեղափոխությունը Ռուսաստանում դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որ մարտին ռուսական կայսրությունը փլուզվեց ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ դրանով իսկ առաջացնելով երկրում իշխանության քաղաքական ճգնաժամ: Ռուսական կայսրության ազգային ծայրամասերի ապակենտրոնացված ուժերը, օգտվելով իրավիճակից և ունենալով արևմտյան տերությունների աջակցությունը, սկսեցին մեկը մյուսի հետևից հայտարարել իրենց շրջանների անկախությունը։ Լեհաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ուկրաինա, իսկ 1918թ. ապրիլի 9-ին Թուրքիայի պահանջով Անդրկովկասը սկզբից իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Իսկ հետո կարճ ժամանակ անց հետևեց Անդրկովկասյան հանրապետության փլուզումը, քանի որ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը իրենց հռչակեցին անկախ հանրապետություններ: Հստակ պետական սահմանների բացակայությունը, իշխող խմբերի՝ բանակցությունների միջոցով սահմանների շուրջ համաձայնության չգալու անկարողությունը, տարածքային հավակնությունները, Գերմանիայի, Թուրքիայի և Անգլիայի միջամտությունները տարածաշրջանը ներքաշեցին արյունալի պատերազմի մեջ։


Այն հակասությունները, որոնք հանգեցրին Անդրկովկասյան Սեյմի վերացմանը, երեք ազգային հանրապետությունների ստեղծումից հետո ոչ միայն չթուլացան, այլ ընդհակառակը, սաստկացան և հանգեցրին նրանց միջև զինված բախումների։ Դեռևս 1918 թվականի մայիսին, երբ թուրքական բանակը ներխուժեց Անդրկովկաս, վրաց մենշևիկները Թիֆլիսը թուրքական սպառնալիքից պաշտպանելու պատրվակով իրենց զորքերը մտցրեցին Լոռի։ 1918թ. վերջին, երբ թուրքական բանակը դուրս եկավ Անդրկովկասից, Հայաստանի կառավարությունը, որը ներկայացնում էր "Դաշնակցություն" կուսակցությունը, ամեն կերպ փորձում էր լուծել Լոռիի հարցը խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով, սակայն Վրաստանի մենշևիկների կառավարությունը կտրականապես հրաժարվում էր Լոռին վերադարձնել Հայաստանին։ 1918թ. դեկտեմբերին ակնհայտ դարձավ, որ Լոռու վիճելի տարածքային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը փակուղի մտան, և Վրաստանի ու Հայաստանի միջև սկսվեցին ռազմական գործողություններ: Երկշաբաթյա պատերազմը Հայաստանի համար իսկական փորձություն էր։ Վրաստանը Հայաստանի դեմ կիրառել էր բոլոր հնարավոր միջոցները:


- Վրաստանը հայտարարեց Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, ընդհուպ մինչև 1919 թվականի մարտ;


- Վրաստանը գրավել էր այն ժամանակ Թիֆլիսում գտնվող Հայաստանի ռազմական զենքը;


- Վրաստանը կազմակերպեց Վրաստանում բնակվող հայերի էթնիկ ահաբեկումը, թալանը, բռնությունը, տեղահանությունը, շորթումը, խտրականությունը, ձերբակալությունները, պատանդությունները և այլն;


- Վրաստանը լայնորեն կիրառել էր ռազմական ավիացիան հայկական բնակավայրերի ռմբակոծման գործում;


- վրացական բանակին միացել էին Բորչալուի թուրքերի ռազմական ջոկատները:


Սակայն, չնայած այս փաստերին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ծանր վիճակի առկայությանը բուն Հայաստանում, որտեղ կար 300 հազար սոված փախստական Արևմտյան Հայաստանից, հայկական բանակը կարողացավ ազատել Լոռին վրացական օկուպացիոն զորքերից: Ավելին, հայկական բանակը այնքան առաջ գնաց, որ դեկտեմբերի վերջին մոտեցավ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի արվարձաններին՝ դրանով իսկ խուճապ առաջացնելով Վրաստանի իշխող շրջանակներում։ Բայց Անտանտի երկրները ներքաշվեցին հակամարտության մեջ։ 1918 թվականի դեկտեմբերի 21-ին բրիտանացիները մտցրեցին իրենց զորքերը Վրաստան, և արդեն դեկտեմբերի 25-ին բրիտանական բանակը մտավ Թիֆլիս։ Անգլիայի առաջարկով ռազմական գործողություններն ավարտվեցին և սկսվեցին բանակցությունները։ Լոնդոնի նախաձեռնությամբ Լոռիում ստեղծվեց "Չեզոք գոտի", որտեղ մտան անգլիական զորքերը։ Այսպիսով, Մեծ Բրիտանիայի միջամտության շնորհիվ Հայաստանի ռազմական հաղթանակը վերածվեց դիվանագիտական պարտության և Հայաստանի Հանրապետությունից խլվեցին նրա հյուսիսային շրջանները։


Հայ-վրացական պատերազմն ավարտվեց 1918թ. դեկտեմբերի 31-ին: Ո՞վ շահեց դրանից՝ տարբեր կարծիքներ կան ինչպես վրաց, այնպես էլ հայ պատմաբանների շրջանում։ Սակայն փաստը մնում է փաստ, որ վրացիներին բրիտանացիների օգնությամբ հաջողվել է փրկել մայրաքաղաք Թիֆլիսը և հայկական բանակի դիրքերը հետ մղել սկզբնական շրջաններ:


1919 թվականի օգոստոսին սկսվեց բրիտանական զորքերի դուրսբերումը Լոռու չեզոք գոտուց։ 1919 թվականի վերջին և 1920 թվականի սկզբին Հայաստանի և Վրաստանի միջև կրկին սկսվեցին տարածքային վեճեր, պատճառ դարձան Վրաստանի կառավարության նոր տարածքային հավակնությունները Կարսի և Արդահանի հայկական շրջանների նկատմամբ: Հաջորդեցին հերթական բանակցությունները, սակայն ոչ Հայաստանին, ոչ Վրաստանին , չէր հաջողվում ընդհանուր ըմբռնման հասնել Լոռի-Ախալքալաք և Կարս-Արդահան շրջանի վերաբերյալ սահմանային տարածքային վեճերի լուծմանը։


Բանակցությունների սեղանի շուրջ չկարողանալով բավարարել իր տարածքային պահանջները, Վրաստանը օգտվեց 1920 թվականի հայ-թուրքական պատերազմից, որպեսզի կրկին օկուպացնի Լոռին։ Լոռիի համար պայքարը նոր փուլ մտավ 1920 թվականի նոյեմբերին։ Թուրքական բանակի կողմից Ալեքսանդրապոլի օկուպացիայից հետո Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս "Դաշնակցություն" կուսակցության, վրացական բանակին թույլ տվեց ժամանակավորապես օկուպացնել Լոռին։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը 1920 թվականի նոյեմբերի 13-ին Թիֆլիսում պայմանագիր է կնքել Վրաստանի կառավարության հետ, որտեղ Հայաստանը դե ֆակտո և դե յուրե ճանաչել է Լոռու ժամանակավոր օկուպացիան Վրաստանի կողմից, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը Լոռին հանձնել է Վրաստանին ։


1920 թվականի հայ-թուրքական պատերազմն ավարտվեց Հայաստանի պարտությամբ։ 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը ստորագրեց կապիտուլյացիա, որը կոչվում էր "Ալեքսանդրապոլի խաղաղության պայմանագիր", դրանով իսկ Հայաստանի կառավարությունը, ի դեմս "Դաշնակցություն" կուսակցության, ոչ միայն առանց կռվի հանձնեց Հայաստանի զգալի տարածքները (Արարատ լեռ, Օլթի, Կարս, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Անի, Արդահան), այլև իրավաբանորեն ճանաչեց թուրքական օկուպացիան։


1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հեղափոխական Կոմիտեի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի հռչակումից հետո հաջորդեց դեկտեմբերի 2-ին իշխանության խաղաղ փոխանցման մասին պայմանագրի ստորագրումը, որտեղ կազմավորվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին անցնում է Հայաստանի ողջ իշխանությունը: Հայաստանում իշխանափոխությունը Թիֆլիսում լուրջ չընդունեցին և նախընտրեցին շարունակել իրենց հակահայկական քաղաքականությունը: Բանն այն է, որ մինչև կոմունիստների իշխանության գալը դաշնակներն արդեն Հայաստանի զգալի տարածքներ էին հանձնել Թուրքիային և Վրաստանին, Հայաստանի տարածքը կազմում էր 9 հազար քառ.կմ: Սակայն Խորհրդային Հայաստանի կառավարությունը իշխանության գալու առաջին իսկ օրերից սկսեց պայքարել գրավյալ հայկական տարածքների վերադարձի համար: Այսպես Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմիսար Ա. Բեկզադյանը 1920 թվականի դեկտեմբերի 7-ին և 10-ին նոտաներ է ուղարկում Վրաստանի ԱԳՆ, որտեղ պահանջում է Վրացական օկուպացիոն զորքերի անհապաղ դուրսբերումը Լոռիից և Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացումը: Ինչին Վրաստանի կառավարությունը 1920 թվականի դեկտեմբերի 10-ին պատասխանում է մերժումով, և որպես պատճառ վկայակոչում է 1920 թվականի նոյեմբերի 13-ի պայմանագիրը, որի գործողության ժամկետն արդեն ավարտվել էր։ 1920թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի ժողկոմիսար Ա. Բեկզադյանը կոշտ նոտա է ուղարկում Վրաստանի մենշևիկյան կառավարությանը, որտեղ Վրաստանի իշխանությունների առջև պահանջ է դնում Լոռիից վրացական օկուպացիոն զորքերը դուրս բերելու մասին, քանի որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը չեղյալ է հայտարարել Լոռիի մասին 1920թ. նոյեմբերի 13-ի պայմանագիրը: Ինչին Վրաստանի արտաքին գործերի նախարար Կ. Սաբախտարաշվիլին պատասխանում է Ա. Բեկզադյանի նոտայով, որ Վրաստանի կառավարությունը համաձայն չէ 1920թ. նոյեմբերի 13-ի պայմանագրի միակողմանի չեղյալ հայտարարմանը:


Լոռու հարցի շուրջ իրավիճակն աստիճանաբար թեժանում էր։ 1920թ. դեկտեմբերի վերջին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ հավաքվում է գյուղական խորհուրդների ներկայացուցիչների ժողով, որին մասնակցում էին նաև Լոռու գյուղական խորհուրդների ներկայացուցիչները: Այս ժողովում որոշվում է զինված ապստամբության միջոցով իրականացնել ժողովրդական կամքը՝ Լոռին վերամիավորել Հայաստանի հետ։ 1920 թվականի դեկտեմբերի 30-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը նոր նոտա է ուղարկում Վրաստանի կառավարությանը, -"Թուրքիայի հետ պատերազմի ժամանակ վրացական զորքերը օկուպացրել են Չեզոք գոտին։ Դեկտեմբերի 10-ի և 21-ի ձեր պատասխաններում դուք հրաժարվում եք կատարել մեր պահանջները և ասում եք, որ Չեզոք գոտին գրավվել է դաշնակների հետ նոյեմբերի 13-ի համաձայնության հիման վրա։ Հայաստանի կառավարությունը հարկադրված է հայտարարել, որ նա չի ընդունում նոյեմբերի 13-ին համաձայնությունը, քանի որ այն կնքվել է Անտանտի պահանջով... Մեր պահանջն է՝ վերջ դնել այդպիսի վիճակին Չեզոք գոտում, այդ անվիճարկելի հայկական տարածքում":


Դիվանագիտական աշխատանքին զուգահեռ ակտիվ նախապատրաստություն էր ընթանում Լոռիում տեղի ունեցած ժողովրդական զինված ապստամբության համար։


1920 թվականի փետրվարի 7-ին բոլշևիկ Հ. Լազյանի ղեկավարությամբ կազմակերպվեց Ռազմահեղափոխական կոմիտե։ Կոմիտեն ներառում էր բազմաթիվ նշանավոր բոլշևիկներ, ովքեր ակտիվ աշխատանք էին կատարում ապստամբության նախապատրաստման ուղղությամբ։ Լոռիի ազատագրման հարցում մեծ աջակցություն և օգնություն է ցուցաբերել Հայաստանին Խորհրդային Ռուսաստանը: 1921 թվականին Սոցիալիստական Հայաստանի կառավարությունը վերջնագիր ներկայացրեց Վրաստանի կառավարությանը՝ Լոռիից վրացական օկուպացիոն զորքերի դուրսբերման և տարանցիկ հաղորդակցության ուղիների բացման պահանջով։ Ի պատասխան, Վրաստանի կառավարությունը Լոռիում հայ բնակչության նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք է կազմակերպել, բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվել են: Փետրվարի 11-ից 12-ը սկսված ապստամբության արդյունքում ամբողջ Լոռին ազատագրվեց վրացական օկուպացիայից։


Հայ ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակաշրջանում, երբ Հայաստանի կոմունիստները զբաղված էին հայկական տարածքների ազատագրմամբ, երբ երկրի բոլոր ռազմական ռեսուրսներն ուղղված էին Լոռիի ազատագրմանը, փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունենում հակահեղափոխական հեղաշրջում, Երևանում իշխանությունը կգրավում են դաշնակները՝ Ս. Վրացյանի գլխավորությամբ և "Հայրենիքի փրկության կոմիտեի"։ Դաշնակների իշխանության գալը դարձավ Հայաստանում քաղաքացիական պատերազմի սկիզբը, դաշնակցականների վայրագությունների արդյունքում սպանվեցին և ձերբակալվեցին բազմաթիվ հայ հայրենասեր կոմունիստներ: 1921թ. ապրիլի 2-ին Կարմիր բանակը ջախջախելով դաշնակցական զորամասերը ազատագրեց Երևանը: Պարտվելով քաղաքացիական պատերազմում ՝ դաշնակները թալանել են պետական բյուջեն և փախել Զանգեզուր։


1921թ. հուլիսի 7-ին Կավբյուրոյի ժողովին, որին մասնակցում էին Ի. Ստալինը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի ժողկոմիսարներ Ա. Սվանիձեն եւ Ա. Մռավյանը, որոշում կայացվեց Լոռին միացնել Հայաստանին (6 կողմ, 1 ձեռնպահ ձայներով): Այսպես, Հայաստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպչական ակտիվ գործունեության և Խորհրդային Ռուսաստանի եղբայրական օգնության շնորհիվ Լոռին վերջապես վերամիավորվեց Հայաստանի հետ։

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page