Իշխանավորները իրենց ազգի մեջ մի ուրիշ ազգ են
Հովհաննես Թումանյանն ասում է՝ ամեն չար բան մթնիցն է։ Մթան ժամանակներն անցան, լույս է, սակայն մթնից սերված չարերը օր օրի շատանում են...
Հովհաննես Մելքոնյան*
"Հոռետեսության համար չեմ ծնվել
Եվ դեմ եմ հիմար լավատեսության․․․"
Պարույր Սևակ
Սատանան ասում է․․․ Այս բառերը արյունդ պղտորում են, երբ ինչ որ բանից զայրանում ես․ ասենք, ստահակի մեկը դեմդ է դուրս գալիս և հայհոյում մայթով քայլող բոլորին՝ սկսած քեզնից։ «Սատանան ասում է՝ քարը վերցրու և տուր գլխին»,-ասում ես ինքդ քեզ։ Հայհոյաբերան ստահակները շատացել են,- ժամանակները սեփականաշնորհված են նրանց,- և ամեն քայլափոխի դեմ են դուրս գալիս,- և, ուրեմն, լսիր խորհուրդս, և փողի պես մշտապես քար պահիր գրպանդ։
Արցախի ազատագրության հրաշք տեղատարափից հետո սունկերի պես ասպարեզ ելան պատեհապաշտ հրեշներ՝ սև արյունով տականքներ, որոնք գողացան, գռփեցին, գռեհկացրին ամեն ինչ՝ հերոսների արյան գնով ձեռք բերվածը, ազգի սերուցքի ստեղծածը, ամենայն լավը վար քաշեցին, փոսերը լցրին և հողով ծածկեցին և ամենայն վատը հողատակերից հանեցին, վեր խոյացրին և բազմեցրին իշխանական աթոռներին և ․․․ լույսերը մարեցին, արևի լույսն էլ մարելով լիներ, արևի լույսն էլ կմարեին։ Լույսերը մարեցին,- Հովհաննես Թումանյանն ասում է՝ ամեն չար բան մթնիցն է։ Մթան ժամանակներն անցան, լույս է, սակայն մթնից սերված չարերը օր օրի շատանում են, որոնք ձախ ձեռքով իշխանավոր են, աջով՝ ձեռնարկատեր, և ձեռնարկությունը ոչ թե ժառանգություն է, այլ ավարառություն խորհրդային կործանված կարգերից,- ձախ ձեռքով նախարար, աջով՝ խաղատների տեր և տեր անպատուհան զվարճատների, որոնք ընդհատակյա հասարակաց տներ են,- ձախ ձեռքով Ազգային ժողովի պատգամավոր, աջով՝ բենզինի առքուվաճառող, աջով՝ խանութների տեր, աջով՝ սրճարան- բարերի տեր, աջով․․․ Ձախ ձեռքով ազգին ծառայելու երդում տվող, աջով՝ ազգի ունեցվածքը ճանկ-ճանկ թալանող․․․
Ինչ ասես, տար Աստված, Աստված սրանց մի ձեռք տար՝ միայն ձախ, բայց երևի դա էլ փրկություն չլիներ, որովհետև նրանք այդ դեպքում ձախ ձեռքին աջի պաշտոն կտային և կշարունակեին իրենց ինչքապաշտ և ագահապաշտ նույն վարվեցողությունը։ Եվ ցավն ի՞նչ է,- ցավն այն է, որ շատանում են սրանց նմանները, որոնց գլուխը ուղեղի փոխարեն ճարպով է լցված՝ սրանք մտածում են միայն փող դիզել, ուրիշ ոչինչ, ուրիշ ոչինչ․․․
Եվ այս ճարպամիտ հարստացածների խիղճը նման է հավի քարաճիկի՝ լցված ապակու կտորտանքով, ավազով և խիճ ու խռաճով։ Եվ նրանք աղբամաններում ուտելիք փնտրող մարդկանց իրենց թիթեղյա ապարանքների՝ ավտոմեքենաների պատուհաններից նայում են, ինչպես կնայեն աղբին և վատ են զգում, որ իրենք էլ են մարդ, նրանք էլ, իրենք էլ են հայ, նրանք էլ և, թե հնար լիներ ազգությունը փոխելու, վայրկյան իսկ չէին տատանվի։ Եվ դիմելով ձեզ, միստր Չարլզ Դարվին, ասեմ, որ սրանք գիրանում են ոչ միայն մարմնով և փքվում են ոչ միայն նրանց փորերը, այլև գիրանում են գլխով, զարմանալի բան, և փքվում են նրանց գլուխները։ Եվ ինչքան ազգի տականքը ներկայացնողները գիրանում ու փքվում են, այնքան նվազում են ազգի սերուցքը ներկայացնողների ոսկրածուծերը, ավելի չարքաշ վիճակի են հասնում Արցախի և անկախության համար զոհված ազատամարտիկների մայր ու կին ու երեխաները, հաշմված ազատամարտիկները, գրողները, գիտնականները, արվեստագետները, մտավորականները․․․
Դրանք՝ այդ ազգային գռփողները, ավելի ավազակաբարո մարդիկ են, քան՝ ծովահենները,- դրանք ազգահեններ են։
Ազգահեններ․․․
Եվ ես այդպիսի հղփացած ու ցոփացած հայուկների տեսնելով՝ ինքս ինձ ասում եմ․«Սատանան սում է՝ բերանդ բաց ու թքիր դրանց ճակատին»։ Սակայն ես խոհեմ ու շրջահայաց մարդ եմ՝ գիտեմ, որ նրանք թիկնապահներ ունեն, որոնք երկու բռունցք ունեն դաստակներին, երկու եղջյուր ճակատներին, երկու սմբակ ոտք-վերջույթներին և պատրաստ են մարդ սպանել, ինչպես եղավ Երևանի «Առագաստ» կոչված արյունահեղիչ սրճարանում․ սա խորհրդային տարիներին գրողների, նկարիչների, դասախոսների, լրագրողների հավաքատեղին էր՝ խմում էին իննսուն կոպեկանոց սպիտակ և կարմիր գինի,- լիքը գրպանով օրերին՝ նաև շամպայն,- ուտում էին նրբերշիկ, սուրճը կար ու կար, և սեղաններին այնպիսի բարձրակարգ վեճեր ու զրույցներ էին ծայր առնում, որ հիմա երբեք չես լսի ներկայիս Ազգային ժողովի ձայնափողերից։ Անկախությունից հետո այս սրճարանը իր ներքևի և վերևի հարկերով ձեռք գցեցին՝ իրենցով արին հհշական և հետհհշական իշխանավորների ազգականները, վարորդները, թիկնապահները և սուլթանախանական այնպիսի անճաշակ ճոխությամբ օժտեցին, որ նախկին հաճախորդներն այնտեղ ոչ միայն չեն կարող մուտք գործել, այլև կողքերից էլ չեն կարող անցնել։
Եվ հիմա ես չինացիաբար կրկնեմ Մո Ցզիի խոսքերը․«Երբ իմաստուններն են կառավարում տխմարներին ու ստորներին, ապա կարգուկանոն է տիրում, իսկ եթե տխմարներն ու ստորներն են կառավարում ազնիվներին ու իմաստուններին, ապա խառնահկություն կլինի»։
Արդ, ովքե՞ր են կառավարում,- ցավոք, շատերը Մո Ցզիի չինացիներն են,- և երբ ճարպից փքված կամ դատարկությունից սմքած նրանց գլուխները հայտնվում են հեռուստացույցի էկրանին, աչքերիս բբերից զայրույթի կայծեր են թռչում, ինչպես լուցկու գլխիկից են կայծեր թռչում։ Եվ հիշողությանս վերքերի վրա աղի պես ցանվում են Խորենացու «Ողբի» դառն ու դաժան բառերը,- ուրեմն, սրանից 1500 տարի առաջ հայ իշխանավորները նույնպիսի գող, ավազակ ու ապիկար են եղել, ինչպես հիմա են։ Ապա հազար տարվա հեռավորությունից Նարեկացին է վկայում, որ նրանք «միայն խոստացող են ապագայի նման», ինչպես որ հիմա է։ Ահա հիշողությանս մեջ այս պահին պսպղում են ֆրանսիացի փիլիսոփա-գրող Միշել Մոնտենի անողոքաբար ճշմարտացի խոսքերը, ասում է՝ իշխանավորները իրենց ազգի մեջ մի ուրիշ ազգ են։ Իսկ հայ իշխանավորները, Միշել, էլ մի հարցրու․․․
***
Միջնադարում Փարիզի թաղամասերից մեկը կոչվում էր Հրաշքների արքունիք, որտեղ ապրում էին բացառապես գողեր և մուրացկաններ։ Այսօր ոչ թե թաղամասերից մեկը, այլ ամբողջ Երևան քաղաքը դարձել է Հրաշքների արքունիք, որտեղ ապրում են բացառապես գողեր ու մուրացկաններ,- և ես ինչպես դժգոհ չլինեմ․․․ Եվ գողերից շատերը, շատ շատերը պաշտոնյաներ են՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, թաղապետեր․․․
Բոլոր նրանք, ովքեր մի մատնաչափից մի փղաչափ իշխանություն ունեն, զավթել ու իրենցով են արել երկրի հողն ու փողը, ջուրն ու հողը, թթվաշն ու քաղցրը, աղին ու լեղին․․․ Զավթել-ծծել են ամեն ինչ և արյունաքամ են արել իմ աստվածային ժողովրդին։
Եվ ինչ զարմանալի բան՝ հազար տարին մարդկային արյուն ծծող մարդկանց որձաքարային հոգիների մեջ ոչինչ չի փոխել՝ Գրիգոր Նարեկացին վկա, որը հազար տարի առաջ իր աստվածային բարկությամբ ներկայացրել ու նզովել է այսօրվա վամպիրների նախնիներին՝ վաղեմի վամպիրներին։
Comments