Խորհրդային Հայաստանի 104-ամյակը՝ Հայաստանում
Հանրապետության խորհրդայնացման 104-րդ տարեդարձը Հայաստանում նշվեց մի շարք միջոցառումներով:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ, ի նշանավորումն Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձի, ծաղիկներ խոնարհեցին ականավոր հեղափոխական և պետական գործիչներ Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձաններին։
Ծաղիկներ դրվեցին նաև Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար իրենց կյանքը զոհած մարտիկների «Անմար կրակի» հուշարձանին և մյուս ականավոր հեղափոխականների հուշակոթողներին։
Ընկեր Ղազարյանն իր ելույթում նշեց, որ միայն Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության և դրա շարունակություն՝ Նոյեմբերյան հեղափոխության հաղթանակով հնարավոր եղավ կասեցնել Հայաստանի սրընթաց անկումն ու փրկել երկիրը իսպառ կործանումից։ Ելույթն ավարտվեց հանճարեղ Չարենցի տողերով.
«Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ Հոկտեմբերյան հողմերը տվին»։
Նույն օրը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի գրասենյակում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 104-րդ տարուն։ Նիստին զեկուցումով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն և բոլոր ներկաները պարգևատրվեցին մեդալներով։
Կլոր սեղան
Նոյեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «ՀԽՍՀ 104 տարին, խորհրդային հանրապետությունների նվաճումները, դրանց ներկայիս վիճակը և զարգացման տենդենցները» թեմայով՝ նվիրված Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարելիցին։
Կլոր սեղանի կազմակերպիչ էր հանդես եկել «ՈՒժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժումը՝ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ։ Քննարկմանը հրավիրված էին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Չինաստանի Ժողովրդական հանրապետությունից Գե Չժի Լին, քաղաքական և մշակութային հանրույթի ներկայացուցիչներ։ Տեսակապով միացավ նաև Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ՝ Թեմուր Պիպիան։
Բանախոսները բոլորն էլ միաբերան շեշտեցին, որ իրական անկախ Հայաստանը եղել է միայն խորհրդային տարիներին։
Ելույթով հանդես եկավ նաև Երջանիկ Ղազարյանը։ Ներկայացնելով Հայաստանի խորհրդայնացման պատմությունը, դրան նախորդող ու հաջորդող պատմական ժամանակաշրջանը, ընկեր Ղազարյանը հիմնական շեշտը դրեց Հայաստանի ներկայիս իրավիճակի քննարկմանը։
"Բոլորիս էլ պարզ է, որ ԽՍՀՄ դավաճանական փլուզումը ծանր հետևանք ունեցավ բոլոր նախկին եղբայրական հանրապետությունների համար։ Այսօր մենք բոլորս շարունակում ենք զգալ դրա հետևանքները։ Բոլոր 15 հանրապետություններն էլ ունեցան նվաճումներ ու հաղթանակներ, որովհետև մաս էին կազմում հզոր Խորհրդային Միությանը, որի առանցքը Ռուսաստանն էր։ Հիմա, արևմուտքի ջանքերով այնքան են սրվել հակառուսական տրամադրությունները, որ դրանց հիմնական տարածողները հենց գործող իշխանություններն են հանդես գալիս։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը հիրավի ազգային կուսակցություն է, մշտապես հետևել և շարունակելու է հետևել ավանդական գծին՝ այն է ամուր բարեկամություն ու եղբայրություն Ռուսաստանի հետ։ Հայաստանում հազիվ թե գտնվեն ռացիոնալ մտածող քաղաքական ուժեր, որոնք դեմ լինեն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին և հետագայում նաև նոր միությանը։ Մնացյալ բոլոր տարբերակներն ու ճնապարհները տանում են դեպի անխուսափելի աղետալի հետևանքների։
Ներկայիս քաղաքական ուժերին, որոնք կողմ են հայ-ռուսական ամուր բարեկամությանը, թերևս պակասում է միասնականությունը։ Հայաստանում կան, գործում են քաղաքական ուժեր, որոնք կիսում են այս գաղափարները, սակայն, դժբախտաբար մասնատված են և գործում են յուրաքանչյուրն իրեն առաջին պլան բերելու մոտեցմամբ։ Ես ներողություն եմ խնդրում, եթե այս իմ խոսքերը վիրավորեցին որոշ ընկերների, բայց կոմունիստները չեն կարող ասել ճշմարտությունից բացի այլ բան։
Ընկերներ, թույլ տվեք կրկին շնորհավորել բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ և եկեք համախմբենք մեր ուժերը միասնական պայքարի ու հաղթանակի համար", իր ելույթն ավարտեց ընկեր Ղազարյանը։
Բոլոր մասնակիցները միաձայն համաձայնվեցին այն մտքին, որ երկրորդ հանրապետության՝ Խորհրդային Հայաստանի օրը պետք է նշվի, որպես պետական ազգային տոն։
Comments