"Կոմկուսը մշտապես ասում է ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այսօր չեն ուզում լսել ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմությունը"
Հարցազրույց ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հետ, որը լույս է տեսել Երևանում, այս տարվա ապրիլ ամսի "Հայաստանի Կոմունիստ" թերթի համարում։
-Ընկեր Ղազարյան, չնայած նրան, որ 2018թ իշխանության եկած քաղաքական թիմն ուներ հակառուսական տրամադրություններ, դա ակնհայտ էր դառնում նրանց կենսագրությունն ուսումնասիրելիս, բայց վերջին շրջանում կարծես այդ տրամադրություններն ավելի են ակտիվացել և կրում են գործնական բնույթ։ Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ։
-Ինչպես ճիշտ նկատեցիք, նրանք դեռ իրենց ընդդիմադիր եղած ժամանակ աչքի էին ընկնում հակառուսական գաղափարներով և հայտարարություններով և իշխանազավթումից հետո, սպասել, որ նրանք կփոխեին իրենց մոտեցումները, պարզապես անմտություն է։ Դեռ 2017թ, երբ Նիկոլ Փաշինյանը Ելք դաշինքի ցանկով անցավ Ազգային Ժողով, նա սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, ինչի տրամաբանական շարունակությանն ականատես ենք լինում հիմա։ Իշխանական քարոզչամեքենան անընդհատ հրապարակ է նետում կեղծ լուրեր ու մեղադրանքներ ու այդ ամենի պատասխանատու կարգում է Ռուսաստանին։ Հայ-ռուսական դարավոր բարեկամության, շփումների մեջ չի եղել երբևէ մի դեպք, որպեսզի մեր կողմերը միմյանց դիվանագիտական բողոքի նոտա հղեն, եթե նման բանի մասին խոսվեր նախքան 2018թ, մարդիկ կմտածեին, որ դա աբսուրդի ժանրից է, սակայն այսօր, ականատես ենք լինում դրան, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով։
Գործող իշխանություններն ամեն գնով, անսալով իրենց դրսի՝ արևմտյան հրահանգիչներին, փորձում են տարածաշրջանից հանել Ռուսաստանին։ Եթե այս պրոցեսն իրականություն դառնա, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շատ կարճ ամանակ անց՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային քաղաքական սուբյեկտ, կդադարի գոյություն ունենալուց։
-Իշխանությունների և նրանց սատարող քաղքական ուժերի, լրատվական գործակալությունների առաջ տարվող թեզն հիմնականում այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ չոգնեց, հիմա էլ ոչինչ չի անում, իսկ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն այս պահին լավագույն այլընտրանքն են Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։
-Կատարյալ անհեթեթություն, իրականության հետ որևէ աղերս չունեցող մերկապարանոց հայտարարություններ են դրանք, որոնք միտված են առաջացնել հակասություններ հայ-ռուսական հարաբերություններում և խորացնել դրանք։ Այդ հայկական կողմն էր, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ, փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը՝ քրեական գործ հարուցեց ու կալանավորեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Հետո ինչպես իհարկե պետք է պարզվեր՝ նա անմեղ էր և արդարացվեց։ ՀԱՊԿ-ից պարբերաբար զգուշացրել են հայկական կողմին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, առաջարկել են անցկացնել զորավարժություններ Հայաստանում, այստեղ ՀԱՊԿ զորք տեղակայել և այլն, բայց այս բոլոր առաջարկները մնացել են անպատասխան։ Իհարկե ես ամբողջությամբ չեմ արդարացնում ՀԱՊԿ-ի հատկապես վերջին շրջանի պահվածքը՝ կապված Ադրբեջանի կողմից հայկական հողերի օկուպացիայի հետ, բայց չեմ էլ ասում, որ դրա ամբողջական մեղավորը ՀԱՊԿ-ն է։ Եթե հայկական կողմը ոչինչ չի անում սեփական հողը պաշտպանելու համար, կարող եք ասել, ուրիշն ի՞նչ պիտի անի։ Կա մի պարզ ճշմարտություն։ Մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ հայաթափեց Արցախը՝ բառիս ամենալայն իմաստով ցեղասպանության ենթարկելով տեղի հայերին, բայց քար լռություն ամբողջ աշխարհի կողմից, ինչը սպասելի էր։ Ըստ հայկական իշխանությունների և Ադրբեջանի նախագահի պարբերաբար սպառնալիքների, ազերիները պատրաստվում են ուժի միջոցով գրավել Զանգեզուրի միջանցքը, իրենց կողմից հայտարարված «անկլավները» և այլն, բայց դա տեղի չի ունենում։ Հարց տվեք ձեզ, ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն դիմում զենքի ուժին, պատասխանը մեկն է՝ կա զսպող հանգամանք և այդ զսպող հանգամանքի անունը Ռուսաստան է, մյուս բոլոր փաստարկները սին են և անհիմն։
Ինչ վերաբերում է նրան, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կարող են փոխարինել կամ այլընտրանք լինել Ռուսաստանին, դա ևս կատարյալ հիմարություն է։ Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանաք, չեմ ասում, թե պետք է մեկուսանալ ամբողջ աշխարհից, բայց նաև այս կապիտալիստական համակարգում խոշոր իմպերիալիստական խաղերի մեջ ներգրավվելն ու մեծ կենտրոնների ձեռքին մանրադրամ դառնալը միայն մեկ ելք կարող է ունենալ՝ Հայաստանի իսպառ վերացում և հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն։
-Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն իր ելույթում ասաց, որ նրանք պատրաստ են Հայաստանին օգնել Ռուսաստանի կողմից ագրեսիայից, եթե հայերը որոշեն փոխել քաղաքական վեկտորը, հայկական կողմը ռազմական պայմանագրեր է կնքում Ֆրանսիայի, Հունաստանի հետ՝ մեկնաբանելով սա, որպես պաշտպանության ոլորտի դիվերսիֆիկացիա։
-ՈՒմ մտքով կանցներ, որ հայերը կարող են պաշտպանության կարիք ունենան ռուսներից։ Հասկանում եք ինչքան վատ է մեր վիճակը, որ հայկական իրականության մեջ կարող են նման հարցեր քննարկվել։ Այսինքն մեզ ուզում են աշխարհի թիվ մեկ ցեղասպան երկրները պաշտպանել այն երկրից, որի շնորհիվ մենք փրկվել ենք ցեղասպանությունից և ստեղծել պետություն։ Ռուսների հետ միասին մենք ջախջախել ենք ֆաշիզմը, ազատագրել աշխարհն դարչնագույն ժանտախտից, և այսօր մեզ առաջարկում են փրկել մեր եղբայրներից։ Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե իրականում այսքան ողբերգական չլիներ։ Առաջին անգամը չէ, որ բրիտանացիները փորձում են հայերի կյանքի գնով, իրենց համար որոշակի հարցեր լուծեն, այն էլ ոչ կենսական։ 1920թ էլ էին բրիտանացիները օգնում հայերին, տվել էին մի քանի հազար հրացան, մի երկու թնդանոթ և բրիտանական համազգեստ հայկական բանակի համար։ Արդյունքը բոլորս էլ գիտենք, թե ինչ եղավ՝ անհետացման եզրին կանգնած Հայաստան, որը փրկվեց միայն բոլշևիկների շնորհիվ։ Հիմա էլ կարող են նույն օգնությունը տրամադրել և վերջում կրկին հայտարարել, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական Տավրոսի լեռները։ Հայաստանին տանում են ՈՒկրաինայի սցենարով։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, Հայաստանը արևմուտքին հետաքրքիր է ճիշտ այնքանով, որքանով կկարողանան Հայաստանի միջոցով վնասել Ռուսաստանին, սա մարգարեական ճշմարտություն է՝ դոգմա։ Սուտ է նաև այն պնդումը, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէր, դրա համար եվրոպական երկրները չկարողացան գալ օգնության։ Պատմությունը մեզ լրիվ հակառակն է ապացուցում։
-Ընկեր Ղազարյան, վերջին շրջանում լայն քննարկման առարկա դարձավ վարչապետի հնչեցրած մտքերը՝ մասնավորապես սահմանադրության փոփոխության և Տավուշի շրջանի գյուղերի վերադարձի հարցը։ Այս մասով ի՞նչ կասեք։
-Սահմանադրությունը խաղալիք չէ, որ ով երբ ուզենա փոփոխություններ անի։ Ճիշտ է, չնայած նրան, որ մեր սահմանադրությունը գրեթէ ամբողջությամբ փոխառնված է Ֆրանսիայի սահմանադրությունից, այնուամենայնիվ այնտեղ կա դրույթ, որ երկրի տարածքային ցանկացած փոփոխություն պետք է իրականանա հանրաքվեի միջոցով։ Հետևաբար օրվա իշխանությունները չեն կարող հենց այնպես վերցնել ու թշնամուն հանձնել տարածքներ։ Հիմա կարող է հարց առաջանալ, որ ասում են այդ գյուղերը մերը չեն, դրանք խորհրդային տարիներիին պատկանել են Ադրբեջանին և այլն։ Եկեք հարցը դիտարկենք այլ տեսանկյունից։ Ներկայումս՝ այս հասարակարգի պայմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մոտ ապագայում, հայ-ադրբեջանական խաղաղ համակեցությունը համարյա անհնար է դարձել, որքան էլ, որ դա ցավոտ լինի։ Հիմա, եթե այդ գյուղերը համարվում են անվտանգային գոտի, արդյոք դրանք թշնամուն հանձնելը անվտանգային համակարգի խարխլում չէ, այն էլ այն հատվածում, որտեղ քիչ թե շատ կա կազմված պաշտպանական գիծ։ Նման գործողությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական հանցագործություն։ Առավել ևս այն պարագայում, որ հակառակորդ կողմը չի տալիս քեզ որ մի երաշխիք, որ պատերազմ չի սկսի։ Այսինքն դու գիտակցաբար թուլացնում ես քո դիրքերը՝ սպասվող պատերազմին ընդառաջ։ Իսկ սահմանադրությունը պետք է փոխել, բայց ոչ թե օրվա իշխանությունների անհեթեթ առաջարկությունների հիման վրա, այլ համաժողովրդական բարօրության ապահովման։ Այն է, որ պետք է հրաժարվել կապիտալիստական ազատ շուկայական հարաբերություններից և այն ամրագրել սահմանադրորեն, սակայն դա ներկայիս հարց չէ։
-Այս բոլոր ծավալվող գործընթացների ֆոնին մարդիկ կարծես մոլորվել են։ Տեղի չի ունենում ընդդիմադիր ուժերի համախմբում, ոչ մի ուժ հստակ ելք չի առաջարկում ստեղծված իրավիճակից։ Դուք ինչ կասեք, արդյո՞ք Կոմկուսը պատրաստ է կազմակերպել համաժողովրդական դիմադրություն կամ մաս կազմել որևէ ընդդիմադիր ուժի կողմից առաջարկված շարժման։ Ի՞նչ անեն մարդիկ, որն է լուծման ուղին։
-Հարցի պատասխանը շատ պարզ է և հստակ։ Հարկավոր չէ ակադեմիկոս լինել հասկանալու համար, որ այս իրավիճակի լուծման առաջնային գերխնդիրը՝ օրվա իշխանություններին անհապաղ հեռացնելն է։ Նրանից հետո հարկավոր է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը ի դեպ գտնվում է շատ ծանր վիճակում, ինչի մասին երեկ շեշտեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանը դուրս բերել այս իմպերիալիստական գազանանոցի կեղտոտ խաղից։ Ընդդիմադիր ուժերի մոտ համախմբում կամ գործընթացի հաջողություն ինչու չի առաջանում, դրա պատասխանն էլ կա։ Այսօր ընդդիմադիր ուժերից շատերը շարունակում են նախկին կեղտոտ բարքերն ու ավանդույթները, որի պատճառով նաև իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց իշխանության տարիներին երկրում առաջացել էր քաղաքական վակուում, չէին ձևավորվում քաղաքական ուժեր, գործող համարյա բոլոր ուժերը կամ իշխանությունների հաճախորդն էին, կամ էլ արևմուտքի գրանտներով սնվող ապազգային ուժեր։ Դրա համար էլ արդյունքում ունեցանք այն ինչ ունեցանք։ Ես չեմ ցանկանում հիմա վարկաբեկել կամ ցեխ շպրտել ընդդիմության ուղղությամբ, հիմա դրա ժամանակը չէ, ուստի կսահմանափակվեմ այսքանով։ Բայց երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը և Հայաստանը դարձավ «անկախ», այդ օրվանից մինչ օրս գոյություն ունեցող իշխանությունները զբաղվեցին ամեն ինչով, բացի պետություն կերտելուց, դրա համար էլ այսօր շարքային քաղաքացին չի կարողանում ներել նրանց։ Որովհետև ստացվում էր մի աբսուրդային իրավիճակ, հայկական կողմը հաղթել էր առաջին արցախյան պատերազմում, բայց տարօրինակ կերպով հաղթող կողմը ավելի վատ էր ապրում քան պարտվողը։ Ահա և ընդդիմադիր ուժերի չհաջողելու պատասխանը։ Ինչ վերաբերվում է համախմբանը, ապա մենք բաց ենք համագործակցության համար, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի գոյությանը, սակայն այսքան ժամանակ չի եղել դեպք, որ երկրի խորհրդարանական ընդդիմություն համարվող ուժերը դիմեն մեզ այդ հարցով։ Դա էլ ունի իր բացատրությունը, որովհետև դեռ գործընթացի արդյունքը չտեսած կռիվներ են գնում պաշտոնների համար, բայց ինչպես նոր ասացի այս պահին պետք չէ դրան անդրադառնալ, որ չխաթարենք առանց այն էլ չկայացած ընդդիմադիր դաշտը։
-ԵՎ վերջում ընկեր Ղազարյան մի հարց, որը թերևս հետաքրքրում է շատերին։ Կոմկուսին մեղադրում են պասիվության և աղաքական դաշտում բացակայության մեջ։ Որքանո՞վ են արդարացի այս պնդումները։
-Ես չեմ կիսում այդ միտքը։ Կոմուսը ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը, այլև ասեմ ավելին․ երկրի համար ստեղծված այս ծանր վիճակում մենք ջանում ենք անել ամեն բան մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս օգտակար լինենք մեր երկրին։ Նույն պրոցեսները գնում են նաև միջազգային կոմունիստական և բանվորական շարժման հարթակներում։ ՈՒրիշ բան, որ մարդիկ չեն ցանկանում դա տեսնել։ Մեզ չեն հրավիրում հեռուստատեսություն, չեն տրամադրում եթերներ, որովհետև Կոմկուսը մշտապես ասում է ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այսօր չեն ուզում լսել ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմությունը։ Մենք չունենք այնպիսի ռեսուրսներ, որպեսզի կարողանանք ավելի լայն շփման մեջ գտնվենք հասարակության հետ, սակայն վստահեցնում եմ Ձեզ, որ արվում են բոլոր քայլերը այդ ուղղությամբ։ Կուսակցությունն այսօր քաղաքական դաշտի ամենակայացած կուսակցություններից մեկն է, որն ունի երկարամյա փորձ, կուռ տարածքային կառույցներ։ Եթե մարդիկ ուզում են իմանալ Կոմկուսի դիրքորոշումները կամ ծանոթանալ գործունեությանը, վստահեցնում եմ Ձեզ, որ ցանկության դեպքում կարող են դա անել։ Աշխատում է և մեր կայքը, և ֆեյսբության էջը, մեր գրասենյակը մշտապես բաց է, տպագրվում է մեր թերթը, իսկ մնացած պնդումները, թե մենք ոչինչ չենք անում, ավելի շատ նման է վարկաբեկման փորձի։ Իհարկե մենք այսուհետ էլ անելու ենք ամեն բան, որպեսզի հնարավորինս ավելի շատ շփման մեջ լինենք հանրության լայն շերտերի հետ։
Comments