top of page

Լևոն Տեր-Պետրոսյան. "Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է"

Հանրաքվեի ժամանակ ժողովուրդը քվեարկեց հանուն "անկախ և ժողովրդավարական" Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս, իսկ արդյունքում Հայաստանը վերածեցին Արևմուտքի կիսագաղութի:



Փաշինյանի հայատյաց քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայատյաց քաղաքականության պատճենն ու շարունակությունը: Բայց Փաշինյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, կարողացավ Արևմտյան հակահայկական դավադրության ծրագիրը հասցնել իր գագաթնակետին՝ դավաճանական կերպով հանձնել Արցախը Ադրբեջանին և միևնույն ժամանակ ողջ մնալ ու հանգիստ շարունակել կառավարել երկիրը։


Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի լիբերալ-գլոբալիստական քաղաքականությունը, գաղափարախոսությունն այնքան նման են միմյանց, որքան հնարավոր չէ պատկերացնել:

Ահա Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 1997 թ. մի փոքրիկ մեջբերում, "Պատերազմ, թե խաղաղություն. Լ լրջանալու պահը" հոդվածից. "Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել: Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել: Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների":


Իսկ ահա մեջբերում 2022 թ. խորհրդարանում Փաշինյանի ելույթից. "Այսօր միջազգային հանրությունը հստակ հայտարարում է. լինել աշխարհում միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր նվազեցրեք ձեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և դրանով դուք միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, հույս մի դրեք մեզ վրա, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում, այլ այն պատճառով, որ չենք կարող օգնել ձեզ":


Նախքան հիմնական թեմային անցնելը, նշենք որ Լ. Տեր-Պետրոսյանը օգտագործում է շատ խորամանկ, խճճված և մանիպուլյատիվ մտքեր: Սկզբում նա բաժանում է Հայաստանն ու Արցախը, խոսելով միայն Արցախի հակառակորդների մասին, չնայած 1990 թվականի անկախության հռչակագրին, ըստ որի Լեռնային Ղարաբաղը մտնում է Հայաստանի կազմի մեջ: Եվ այնուամենայնիվ վերջում նա միավորում է Հայաստանն ու Արցախը օգտագործելով "մենք" բառը, ինչը նշանակում է ըստ էության, որ միջազգային հանրությունը ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի հակառակորդն է: Նույն մանիպուլյատիվ քաղաքականությունը մեծ հաջողությամբ կրկնեց նաև Փաշինյանը: Սկզբում նա հայտարարեց, որ իրավունք չունի բանակցել և փաստաթղթեր ստորագրել ԼՂՀ անունից, բայց հետո ժողովրդից, ԼՂՀ-ից, խորհրդարանից, նախագահից գաղտնի ստորագրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը:


Անցնելով հիմնական թեմային՝ պետք է ասել, որ իմաստ չունի երկար կանգ առնել "միջազգային հանրություն" հասկացության վրա: Ակնհայտ է, որ "միջազգային հանրություն" հասկացության տակ նկատի ունեն կապիտալիստական աշխարհը ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: "Միջազգային հանրություն" հասկացությունը հաճախ օգտագործվում է գլոբալիզմի կողմնակիցների կողմից։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, և Փաշինյանը երկուսն էլ լիբերալ գլոբալիստներ են, երկուսն էլ համաշխարհային կառավարության գաղափարների կողմնակիցներ են:


Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Փաշինյանը խոսում են "միջազգային հանրության" մասին, նրանք առաջին հերթին նկատի ունեն ԱՄՆ-ին: Բայց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն և Փաշինյանն  իրենց ելույթներում նախընտրում են այդ ամենը քողարկել "միջազգային հանրություն" եզրույթով:

Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող իրեն թույլ տալ ժողովրդին ասել ճշմարտությունը, որ Արցախի, հետևաբար Հայաստանի իրական հակառակորդը ԱՄՆ-ն է՝ իր արբանյակներով, շատ ավելի հարմար է օգտագործել "միջազգային հանրություն" մշուշոտ բառակապակցությունը:


Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում Հայաստանը քայլ առ քայլ աստիճանաբար ինտեգրվեց կապիտալիստական համակարգին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Եվ դարձավ, ինչպես ցանկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպիսի եվրոպական երկիր, ինչպիսին է Բելգիան, Ֆրանսիան կամ Իսպանիան, այսինքն՝ ԱՄՆ-ի հերթական կիսագաղութային երկիր: Չէ որ հենց նրա օրոք հանրաքվեի ժամանակ ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ժողովրդավարական Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս, իսկ արդյունքում Հայաստանը վերածեցին Արևմուտքի կիսագաղութի՝ բուրժուական դեմոկրատիայով: Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները թշնամու դեմ պայքարելու փոխարեն Հայաստանը նետեցին թշնամու գիրկը:


Եթե այսպես կոչված "միջազգային հանրությունը", այսինքն՝ ԱՄՆ-ն իր կապիտալիստական համակարգով, ըստ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Արցախի իրական հակառակորդն է, ով չի ցանկանում, որ Արցախը վերամիավորվի Մայր Հայաստանին, որպեսզի Հայաստանի տարածքն ու բնակչությունը մեծանա, ապա տրամաբանական հարց է ծագում, թե ի՞նչու է այդ դեպքում Հայաստանի ղեկավարությունը որոշել է ինտեգրվել հայությանը թշնամաբար տրամադրված "միջազգային հանրությանը", այսինքն կապիտալիստական համակարգին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:


Փոխանակ անգլոսաքսերին համոզելու ընդունել Արցախը Մայր Հայաստանի հետ միավորելու փաստը, Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց նստել Երևանում և համոզել հայ ժողովրդին հրաժարվել Արցախից։ Ստացվում է, որ Հայաստանի իշխող դասը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, անցնում է հայության հակառակորդի կողմը և սկսում է պաշտպանել ոչ թե Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, այլ ամերիկյան իմպերիալիզմի շահերը:


Մյուս կարևոր մասը, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ Արցախի իրական հակառակորդը "միջազգային հանրությունն" է, ապա դա նշանակում է, որ Հայաստանը, լինելով Արևմուտքի կիսագաղութը, պետք է կատարի ԱՄՆ-ի բոլոր պահանջները: Ինչպես հայտնի է, Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, շահագրգռված է պանթուրքիզմի գաղափարների ուժեղացմամբ, հետագայում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարում օգտագործելու մեջ: Իսկ Հայաստանն ու Արցախը խանգարում են Արևմուտքի աշխարհաքաղաքական նախագծերին, դրա պատճառով Արևմուտքի քաղաքականությունը թշնամական, հակահայկական բնույթ է կրում։ Ուստի Արևմուտքը միշտ իր "բոլթոնների" միջոցով Հայաստանի ղեկավարությունից պահանջել է հրաժարվել Արցախից, 1915թ. ցեղասպանությունից, պատմական անցյալից, այսինքն՝ ընդունել թուրքական բոլոր պայմանները, հնազանդ լինել Հունաստանի, Վրաստանի,Կիպրոսի նման՝ պանթուրքիզմի ճանապարհը բացելու համար:


Հայաստանի ղեկավարությունը և այն իշխող ուժերը, որոնք 90-ականներին Հայաստանը վերածեցին կապիտալիստական երկրի, այսպես կոչված շուկայական տնտեսությամբ, դրանով իսկ նրանք կայացրեցին Հայաստանի պարտություն դատավճիռը Արցախի հարցում: Ըստ էության, Հայաստանի տնտեսությունը, իշխող դասը՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ինքնակամ հանձնել է Արևմուտքի ձեռքը: Դա նշանակում է, որ տնտեսական բոլոր հարցերը լուծում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Սկսած գլխավոր հարցերից, թե ինչպիսին պետք է լինի տնտեսությունը, որ տնտեսական ճյուղերը պետք է զարգացնել , իսկ որ տնտեսական ճյուղերն արգելված են զարգացնել, ինչպիսին պետք է լինեն աշխատավարձերն ու թոշակները, եւ վերջացրած ամենասովորական հարցերով, ինչպես օրինակ՝ ինչ մեթոդով վարել գործազուրկների եւ աղքատների վիճակագրությունը: Արևմուտքը, վերահսկելով Հայաստանի տնտեսությունը, ազդել է պետության բոլոր ոլորտների, այդ թվում՝ բանակի վրա։ 


Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսությունը վերահսկվում է նրա թշնամու կողմից՝ ի դեմս Արևմուտքի, երկիրը չի կարող ունենալ մեծաքանակ, հզոր բանակ: Կապիտալիզմի 32 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի կարողացել երկրին տալ այնպիսի բանակ, որն ինքը կարողանար պաշտպանել երկրի սահմանները: Սա ոչ ոք չի թաքցնում, նույնիսկ Փաշինյանն է ուղիղ տեքստով ակնարկում դրա մասին. "Իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան որ էտ բանակն հզորանա, որ պայմանական ասած պատմական արդարության հարց լուծի":


Փաշինյանն ուղիղ ասում է, որ Արևմուտքը՝ պանթուրքիզմի գլխավոր հովանավորը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, ձեռնտու չէ, որ Հայաստանն ունենա հզոր բանակ, որ Հայաստանը լինի տնտեսական զարգացած երկիր և այլն։ Եվ "փաշինյանները", որպես Արևմուտքի հավատարիմ ծառաներ կամ գործակալներ, դա թույլ չեն տա:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը և ապագա գլոբալիստները նրանք միշտ ներկայացնում են գործը այնպես, որ զարգացման այլ ճանապարհ չկա, քան կապիտալիզմը: Այսինքն՝ Հայաստանը պետք է հանգիստ կատարի Արևմուտքի բոլոր հրամանները և դրա համար ապրի վարկային ստրկության մեջ:


Այնուամենայնիվ, միշտ կա ընտրություն և դա ընտրություն է կապիտալիզմի և սոցիալիզմի միջև: Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հաջող պայքար մղելու համար Հայաստանը պետք է դուրս լինի կապիտալիստական համակարգից: Անհնար է որ  ինչ-որ մի համակարգի մասը, պայքարի այդ համակարգի ամբողջի դեմ:





Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page