Լևոն Տեր-Պետրոսյանի լիբերալ մտքերը
Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները ի հայտ եկան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանն առաջարկում է Արցախի կարգավորման հարցը թողնել ապագային, իսկ Արևմուտքը, ընդհակառակը, շտապում է արագ Արցախը ներառել Ադրբեջանի կազմում։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Դժբախտաբար, բոլոր այն կործանարար քաղաքական մտքերն ու գաղափարները, որոնցով 90-ականներին հանդես էր գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը՝ և "Հայոց Համազգային Շարժում" կուսակցությունը, այսօր քայլ առ քայլ իրականացնում է հայատյաց Փաշինյանը՝ և "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը: Հենց այդ պատճառով էլ այս մտքերն ու գաղափարներն այսօր արդիական են, քան երբևէ:
Այսպես հանդես գալով 1998թ. հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի նիստում, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, -"Ինձ համար բաց է մնում նաև այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի և Իրանի հետ: Ռուսաստանն, այո, մինչև այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի և զինամթերքի մատակարարման բնագավառներում: Անկախությունից ի վեր հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են չափազանց բարենպաստ մթնոլորտում և այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Հայաստանը կարողացել է առավելագույնս օգտվել այդ հարաբերություններից, որը թերևս անկախության շրջանի մեր կարևորագույն նվաճումներից է: Բայց, դժբախտաբար, այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել: Նախ, ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ: Այնուհետև, Ռուսաստանն այսօր այնպիսի կենսական շահերով է կապված Արևմուտքի, մասնավորապես միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ, որ չի կարող կտրուկ հակադրվել Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի ծրագրերին: Արդեն իսկ տեսանելի է, որ վերջերս, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, Ռուսաստանը լիակատար համերաշխություն է ցուցաբերում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած կարգավորման պլաններին: Արևմուտքի հետ ավելորդ պրոբլեմներ չունենալու նույն պատճառով Ռուսաստանը մի օր նաև ստիպված է լինելու դադարեցնել զենքի մատակարարումները Հայաստանին: Ավելին, ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական և հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու իր առավելությունը":
Այս փոքրիկ մեջբերման մեջ, կան կարևոր գաղափարներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել.
- Առաջին՝ առանձնապես հույս մի դրեք Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանը պաշտոնապես անկախ երկիր է, բայց փաստացի քաղաքական և տնտեսական կախված է կապիտալիստական Արևմուտքից, ճիշտ այնպես, ինչպես և Հայաստանը, այդ իսկ պատճառով, ըստ Տեր-Պետրոսյանի տրամաբանության, ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը երբեք չեն ճանաչի Արցախի անկախությունը:
- Եվ երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակիորեն ակնարկում է, որ Արևմուտքը դեմ է, որ Հայաստանն ու Արցախը դե յուրե միավորվեն:
Իհարկե, Տեր-Պետրոսյանի բերված պնդումը, որ Ռուսաստանը համաձայն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Արևմուտքի ծրագրերին, այն պատճառով, որ Ռուսաստանը ինչ-որ մի հեռավոր Ղարաբաղի պատճառով չի վտանգի Արևմուտքի հետ իր կարևոր տնտեսական շահերը գոյություն ունի, բայց այս պնդումը պատճառներից ամենակարևորը չէ:
Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել այդ անվտանգության գոտու 7 շրջանների նկատմամբ: Եթե Հայաստանի ղեկավարությունը, Աղդամի կամ Ֆիզուլիի շրջանները ճանաչում են որպես անվտանգության գոտու Ադրբեջանի տարածք, ապա ինչ հիմքով Ռուսաստանը կամ Արևմուտքը կարող են այլ կերպ մտածել: Քանի որ, հայկական կողմը Արցախի մասին խոսելիս միշտ նկատի է ունեցել միայն ԼՂԻՄ տարածքը՝ 4,4 հազար քառ. կմ-ով, ապա ԼՂԻՄ-ին հարակից յոթ շրջանները, որոնցից ստեղծվել էր անվտանգության գոտին, ըստ բանակցային գործընթացի պետք է վերադառնային Ադրբեջանի կազմ, բացառությամբ մեկ կամ երկու շրջանների, որոնք Հայաստանը կկապեին Արցախի հետ։ Այսինքն՝ Արցախի վերաբերյալ Արևմուտքի և Ռուսաստանի կարգավորման պլանը հետևյալն էր, անվտանգության գոտու այդ 7 կամ 5 շրջանները վերադարձնել Ադրբեջանին, խաղաղապահներ մտցնել, իսկ Ղարաբաղի կարգավիճակը նախկին ԼՂԻՄ-ի շրջանակներում թողնել ապագայի համար։ Ահա թե ինչու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբ Փաշինյանը մեկ ստորագրությամբ, ժողովրդից գաղտնի, առանց կռվի, անվտանգության գոտու այդ 7 շրջանները հանձնեց Ադրբեջանին, Արևմուտքում առարկություն չառաջացրեց։ Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները ի հայտ եկան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանն առաջարկում է Արցախի կարգավորման հարցը թողնել ապագային, իսկ Արևմուտքը, ընդհակառակը, շտապում է արագ Արցախը ներառել Ադրբեջանի կազմում։
Ի սկզբանե Արցախյան վեճը Ադրբեջանի և Հայաստանի միջև եղել է որպես տարածքային պահանջի վեճ, բավական է հիշեցնել Ն.Նարիմանովի գլխավորությամբ Ադրբեջանի կառավարության 1920թ. հռչակագիրը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն այլևս տարածքային վեճեր չունի Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանը ճանաչում է Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը որպես Հայաստանի անբաժանելի տարածք: Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կազմավորվել է միայն 1923 թվականին՝ 4 հազար քառ.կմ տարածքով, ապա միանգամայն պարզ է դառնում, որ Նարիմանովի 1920 թվականի հռչակագրում Ադրբեջանը Ղարաբաղը ճանաչում է Հայաստանի մաս՝ մոտավորապես 10-15 հազար քառ. կմ տարածքով։ Այսինքն, դա մոտավորապես նույնն է, ինչ ԼՂԻՄ-ը անվտանգության գոտու 7 շրջանների հետ միասին: Ինչու՞մոտավորապես, քանի որ այն ժամանակ դեռ հստակ սահմանված չէին սահմանները, հենց սա էր պատճառը, որ Ղարաբաղը 10-15 հազար քառ. կմ-ից Բաքվի թեթև ձեռքով վերածվեց Ինքնավար Մարզի՝ 4 հազար քառ. կմ-ի, և Արցախը Հայաստանից արհեստականորեն բաժանող 7 շրջաններով:
Այն, որ Հայաստանի ղեկավարությունը 90-ականների սկզբին հրաժարվեց լուծել Ադրբեջանի հետ վիճելի հարցերը տարածքային պահանջների տեսքով, ի վերջո թույլ տվեց Արևմուտքին, իր տրոյական ձիու՝ Փաշինյանի միջոցով, Արցախի հարցի բանակցային գործընթացը սկզբում տանել փակուղի, հետո Ալիև-Փաշինյան պայմանավորված դավադիր պատերազմի, իսկ վերջում առանց կռվի, մի ստորագրությամբ Փաշինյանը պարզապես Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ կարծես դա իր կնոջ բոստանն է, այլ ոչ թե չճանաչված հանրապետություն:
Comments