top of page

Հայաստան-Ադրբեջան. միջպետական տարածքային վեճեր՝ անցյալ, ներկա, ապագա

Կապիտալիստական Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի հայտնել Ադրբեջանի նկատմամբ։


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանի և Ադրբեջանի միջպետական անտագոնիզմն, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն ու Թուրքիան, ունի տարածքային հակասության ձև, որը բնութագրվում է հակադիր միտումների և շահերի անհաշտությամբ։ Մի կողմից, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները չեն կարող բարիդրացիական լինել, ինչպես օրինակ Թուրքիայի և Վրաստանի միջև է, քանի որ Հայկական լեռնաշխարհի զգալի մասը գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Դրա պատճառով հայկական պետականության առկայությունը ադրբեջանական իշխող շրջանակներում ընկալվում է որպես մշտական սպառնալիք, որ մի գեղեցիկ օր Հայաստանը կսկսի իր "ռեկոնկիստան"։ Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստան պետությունը լինի կամ թույլ ու կախյալ, կամ էլ Հայաստանն ընդհանրապես վերանա աշխարհի քաղաքական քարտեզից։ Դրա համար Ադրբեջանը վարում է տարատեսակ վնասարար հակահայկական քաղաքականություն:


Մյուս կողմից, հայ ժողովուրդն ունի արդար ձգտումներ՝ ազատագրելու և վերամիավորելու բռնազավթված հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի հնարավորինս շատ տարածքներ: Եվ հայկական պետության առկայությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում որոշակի առաքելություն է դնում պետության վրա՝ այդ ձգտումներն իրականացնելու համար: Մի խոսքով, սեփականատերը ցանկանում է վերադարձնել մաս առ մաս իր տունը, իսկ անկոչ քոչվորը ցանկանում է սպանել սեփականատիրոջը, որպեսզի վերջապես ամբողջությամբ տիրանա տանը: Շարունակվում է բնական բազմադարյա քաղաքական պայքարը, որը բազմիցս տեսել է Հայկական լեռնաշխարհը, տարածքների, ռեսուրսների, ճանապարհների, այս արևի տակ կենսական տեղի համար:


1918-1920 թվականներ


Փետրվարյան հեղաշրջումից հետո հազարամյա պատմություն ունեցող միապետական Ռուսաստանը ապշեցուցիչ արագությամբ փլուզվեց 1917թ. մարտի 2-ին, ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Նախկին կայսրության ապակենտրոնացված ազգայնական ուժերը մեկը մյուսի հետևից սկսեցին հռչակել իրենց երկրամասերի "անկախությունը": Այսպես, 1918 թվականին Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը իրենց հռչակեցին հանրապետություններ։ Եվ անմիջապես սկսվեցին արյունալի պատերազմներ՝ սահմանների հարցի չլուծված լինելու և բազմաթիվ տարածքային հավակնությունների պատճառով։ Երկրներից յուրաքանչյուրը փորձում էր որքան հնարավոր է շատ տարածքներ ձեռք բերել։ Այս գործում ակտիվորեն մասնակցել և տարբեր ձևերով ազդել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Գերմանիան, Անգլիան և ԱՄՆ-ն:


Ռուսական բանակի հեռանալուց հետո տարածաշրջանը անցավ Թուրքիայի, Գերմանիայի վերահսկողության տակ, այնուհետև նրանց փոխարինեց անգլիական բանակը։ Ըստ այդմ, կարճ երկամյա ժամանակահատվածում այս երեք հանրապետությունների միջև տարածքային վեճերի և միջպետական սահմանների հարցերով զբաղվում էր Թուրքիան և Անգլիան։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Անգլիայի քաղաքական շահերը իրենց էությամբ դեմ էին Հայաստանի շահերին, բոլորը փորձում էին իրենց հարցերը լուծել հայերի հաշվին, Հայաստանի տարածքի կրճատման ճանապարհով։ 


Այն ժամանակ Հայաստանում իշխող "Դաշնակցություն" կուսակցությունը պատրանքներ ուներ, որ Հայաստանի և Անտանտի տերությունների շահերը, առաջին հերթին Անգլիայի հետ, համընկնում են, ուստի ճիշտ կլինի կողմնորոշվել դեպի մառախլապատ Ալբիոնը, լինել հերթական անգլիական կամ ամերիկյան գաղութը, անել այն ամենը, ինչ Անգլիան կհրամայի՝ փոխարենը ստանալով փող ու զենք, և ի վերջո հավատալ Անգլիայի աջակցությանը տարածքային վեճերում։ Բայց կյանքն ցույց տվեցին, որ Դաշնակցությունը իր քաղաքական հաշվարկներում կոպտորեն սխալվում է: Ամեն անգամ տեսնելով, թե ինչպես է Անգլիան տարածքային վեճերում աջակցում հակառակորդներին, Դաշնակցության կուսակցական պարագլուխները աստիճանաբար սկսեցին գիտակցել, որ Անգլիայի և Հայաստանի շահերը հակադիր են: Բայց արդեն ուշ էր, դաշնակցականները իրենք իրենց փակուղի մտցրեցին, իրենց արևմտամետ, հակառուսական քաղաքականությամբ: Մի կողմից դաշնակցականները Հայաստանը վերածեցին Արևմուտքի գաղութի, մյուս կողմից էլ տարածքային բոլոր վեճերում Արևմուտքը հանդես եկավ Հայաստանի դեմ։


Կարճ ասած՝ Հայաստանը հանձնեցին թշնամիների ձեռքը, իսկ հետո, չգիտես ինչի, հույս ունեին, որ թշնամին բարեկամ կդառնա։ Նույն սցենարը կրկնվեց 90-ականներին՝ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք, երբ հրապարակավ ասվում էր, որ Արցախի/Հայաստանի իրական թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը, այսինքն՝ Արևմուտքը: Սակայն, չնայած այդ փաստին, Հայաստանն ինտեգրվեց թշնամուն, Հայաստանը վարկ էր խնդրում թշնամուց և հետո, չգիտես ինչի, հույս ունեին, որ թշնամին Արցախի հարցում հայանպաստ որոշում կկայացնի։


Հարյուր տարվա մեջ երկու անգամ, նույն քաղաքական սխալ սցենարը կրկնելը, ցեղասպանության ու տարածքների կորստի միջով անցնելը աններելի պետական հանցագործություն է։ Կարելի է նաև մեկ այլ բնորոշում տալ՝ դավաճանություն, հակահայկական դավադրություն կամ ինչպես ժամանակին Ավետիք Իսահակյան էր նշում, որ հայերը տառապում են անբուժելի ռոմանտիզմով դեպի Արևմուտք:


Իշխող "Դաշնակցություն" կուսակցության բացարձակ արևմտամետ արտաքին քաղաքականության կուրսը Հայաստանը հասցրեց պարտության, աղետի, բազմաթիվ տարածքների կորստի և Հայոց ցեղասպանության շարունակմանը: Անգլիացիների միջամտությամբ Վրաստանի և Հայաստանի միջև Լոռու հարցի տարածքային վեճը լուծվեց փաստացի հօգուտ Վրաստանի։ Լոռիի հայկական ռազմական հաղթական ազատագրումը անգլիացիները վերածեցին Հայաստանի դիվանագիտական պարտության։ Անգլիացիները կանգնեցրին հայ-վրացական 1918թ. պատերազմը, դրանով իսկ փրկեցին վրացիներին կապիտուլյացիայից և Թիֆլիսի կորստից, Հայաստանից օտարեցին Լոռու մարզը և ստեղծեցին Չեզոք գոտի Անգլիայի օկուպացիայի տակ։ Ավելի ուշ՝ 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ, Անտանտի, գլխավորապես Անգլիայի ճնշման ներքո, դաշնակցականները 1920 թ. նոյեմբերի 13-ին Թիֆլիսում ստորագրեցին Լոռին Վրաստանին ժամանակավոր հանձնելու հայ-վրացական պայմանագիրը:


Նույնը կարելի է տեսնել 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում։ Անգլիայի իշխող շրջանակները ծրագրեր ունեին, որպեսզի Թուրքիան բախվի Խորհրդային Ռուսաստանի հետ։ Այդ նպատակով Անգլիան 1920 թ. դաշնակցական Հայաստանը հրահրեց թուրքերի դեմ և դրանից հետո թողեց բախտի քմահաճույքին: Թուրքական զորքերը ներխուժեցին Հայաստան և գրավեցին նրա մի շարք շրջանները, այդ թվում՝ Արարատ լեռը, Կարսը, Նախիջևանը, Ալեքսանդրապոլը: 1920թ. դեկտեմբերի 2-ին դաշնակցականները ստորագրեցին Ալեքսանդրապոլի դավաճանական պայմանագիրը, որով Հայաստանը ճանաչեց, լեգիտիմացրեց հայկական տարածքների թուրքական օկուպացիան: Դաշնակ-քեմալական դավադրության արդյունքում Հայաստանի տարածքը նվազեց մինչև 9 հազար քառ. կմ: 


Բարդ հարաբերություններ են ձևավորվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանը հավակնում էր Նախիջևանի, Արցախի և Զանգեզուրի տարածքներին՝ գերակշռող հայ բնակչությամբ: Անգլիան ձգտում էր վերահսկողության տակ վերցնել Բաքվի նավթային հանքերը ։ Ադրբեջանի "Մուսավաթ" իշխող կուսակցության հակասովետական և հակահայկական քաղաքականությունը ձեռնտու էր անգլիացիներին։ Սեփական շահերից ելնելով՝ անգլիական հրամանատարությունը, ինչպես մինչ այդ Թուրքիան, փորձում էր հօգուտ Ադրբեջանի լուծել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝ Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ենթարկել Ադրբեջանին: Արցախի հայ բնակչությունը, որը կազմում էր մարզի բնակչության մեծամասնությունը, 1918թ. իր ներկայացուցիչների համագումարում որոշում ընդունեց դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մարզը համարել Հայաստանի անբաժանելի մասը: Բնակչության խնդրանքով Անդրանիկը իր ջոկատով տեղափոխվեց Արցախ, որպեսզի թույլ չտա Արցախի բռնակցումը Ադրբեջանին։ Բաքվում անգլիական զորքերի հրամանատարը Անդրանիկից պահանջել է հեռանալ Արցախից, այլապես սպառնացել է, որ դա կդիտվի որպես թշնամական գործողություն Անգլիայի դեմ: Անդրանիկը ստիպված էր վերադառնալ: Անգլիացիները 1919 թ. փետրվարին Արցախը հայտարարեցին Ադրբեջանի մաս և նահանգապետ նշանակեցին ադրբեջանցի գեներալ Սուլթանովին։


Ադրբեջանի և Արցախի Ազգային խորհրդի միջև ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 1919թ. օգոստոսի 26-ին: Արցախցիները նպատակ ունեին զինադադար հաստատել մուսավաթական Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։ Ըստ պայմանագր՝ Արցախի Ազգային խորհուրդը ժամանակավորապես՝ մինչև խաղաղության խորհրդաժողովի հրավիրումը, ճանաչում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Այստեղ կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե նախկին ԼՂԻՄ-ի 4 հազար քառ. կմ-ի մասին է, այլ Արցախի շատ ավելի ընդարձակ տարածքների՝ մոտ 15 հազար քառ. կմ-ի մասին է: Դե ֆակտո և դե յուրե, անգլիացիների օգնությամբ գրավելով Արցախը, Ադրբեջանն էլ ավելի կատաղի սկսեց վարել իր հակահայկական քաղաքականությունը: 1920-ի մարտին ադրբեջանական ջոկատները Շուշիում կազմակերպեցին հայերի կոտորածը:


1920-1991 թվականներ


Այն բանից հետո, երբ Ադրբեջանը (1920 թ.ապրիլի 28), Հայաստանը (1920 թ. նոյեմբերի 29) և Վրաստանը (1921 թ. փետրվարի 25) դարձան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ, սկսվեց այդ հանրապետությունների միջև տարածքային-վարչական սահմանազատման նոր փուլ:


Նախ, նոր խորհրդային իշխանությունը երկար սպասված խաղաղություն բերեց տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ռազմական բախումները դադարեցվեցին, հանրապետությունների սահմանները բացվեցին: 1922 թվականին այդ հանրապետությունները միավորվեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունում, իսկ հետո արդեն ԱՍՖԽՀ-ի կազմում, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ միասին հիմնեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (1922 թ):


Երկրորդ՝ ներքին և արտաքին թշնամիների դեմ հայ ժողովրդի պայքարի շնորհիվ՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ և Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ , Հայաստանի տարածքը 9 հազար քառ. կմ-ից դարձավ 30 հազար քառ. կմ: Դա Լոռու ազատագրումն էր վրացական օկուպացիայից, Ալեքսանդրապոլի ազատագրումն էր թուրքական օկուպացիայից, ինչպես նաև Զանգեզուրի ազատագրումն էր դաշնակցականներից: Բացի այդ, խորհրդային իշխանությունը հայ ժողովրդին տվեց մի շատ կարևոր փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանն արդարացիորեն կարող է վերամիավորել ինչպես Արցախը, այնպես էլ Նախիջևանը: Խոսքը Ադրբեջանի կառավարության Հռչակագրի մասին է, Սոցիալիստական Հայաստանի հռչակման հաջորդ օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը հանդես եկավ հեռագրային Հռչակագրի հաղորդագրությամբ՝ "Նախիջևանը, Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի անբաժանելի տարածքներ ճանաչելու մասին"։ Այդ Հռչակագրի տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Բաքվի "Կոմունիստ" թերթում։ Հռչակագիրը ընդունվել է Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր սոցիալիստական Հայաստանի հռչակմանը: Զեկուցում էր Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովը: Նարիմանովը հայտարարել է որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից և՝ Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչում է որպես Հայաստանի անբաժանելի տարածք: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ խոսքը զգալի տարածքների մասին է, Նախիջևանի տարածքը մոտ 5 հազար քառ. կմ է, Արցախի տարածքը՝ մոտ 15 հազար քառ. կմ, ընդհանուր ստացվում է 20 հազար քառ. կմ տարածք: Սոցիալիստական Հայաստանի տարածքը, ըստ այդ Ադրբեջանական Հռչակագրի, պետք է լիներ մոտ 50 հազար քառակուսի կիլոմետր, իսկ Սոցիալիստական Ադրբեջանի տարածքը՝ մոտ 60 հազար քառակուսի կիլոմետր:


Այսպիսով, հենց՝ խորհրդային իշխանությունը, հենց՝ կոմունիստական կուսակցության քաղաքական գործիչները, իրատեսական լուծում տվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճին՝ համաձայն Ադրբեջանի Հեղկոմի դեկտեմբերի 1-ի Հռչակագրի:


Հաշվի առնելով դեկտեմբերի 1-ի Հռչակագիրը՝ Սոցիալիստական Հայաստանի կառավարությունը 1921 թվականի հունիսի 12-ին Արցախը հռչակեց իր անբաժանելի մասը: Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) Կովկասյան բյուրոյի պլենումը 1921թ. հուլիսի 4-ի որոշմամբ հաստատեց Արցախի պատկանելությունը Սոցիալիստական Հայաստանին:


Դրանից հետո տարօրինակ գործընթաց է սկսվում կուսակցական բարձրագույն շրջանակներում, որը չեղյալ է հայտարարում երեկվա կայացրած որոշումները։ Հաջորդ օրը՝ 1921 թվականի հուլիսի 5-ին, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) Կովկասյան բյուրոյի պլենումը վերանայեց հարցը՝ որոշելով Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ նրան տալով մարզային ինքնավարություն։ Կարող ենք ենթադրել, որ եթե չլիներ 1919 թվականի օգոստոսի 26-ի պայմանագիրը, որտեղ Արցախի Ազգային խորհուրդը համաձայնում է ժամանակավորապես դառնալ Ադրբեջանի մաս, ապա չէր լինի նաև "թողնել" բառը:


Մինչ այժմ պատմաբաններն ու մասնագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում՝ փորձելով բացատրել՝ նման քաղաքական որոշման տրամաբանական դրդապատճառների բացատրության շուրջ։ Քանի որ Արցախը Ադրբեջանին հանձնելու պաշտոնական բացատրությունը մի շարք հարցեր է առաջացնում: Պաշտոնական բացատրությունը հետևյալն է, -"Ելնելով մահմեդականների և հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին և ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում": Սա, անշուշտ, քաղաքական որոշում էր, որը քողարկված է երկիմաստ արտահայտություններով. քանի որ նույն երկիմաստ արտահայտություններով կարելի է, ասենք, խոսել Լոռիի մասին, այսպես ասած՝ հանուն վրացիների ու հայերի խաղաղության, ելնելով Լոռիի Վրաստանի հետ տնտեսական կապերից, Լոռին թողնել Վրաստանին։ Չէ որ հանրահայտ փաստ է, որ Լոռին տնտեսական առումով ավելի շատ կապված էր Վրաստանի, մայրաքաղաք Թիֆլիսի հետ, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին, քան Երևանի հետ։ Հետևաբար, նման արտահայտությունների հետևում թաքնված է զուտ քաղաքական որոշում, բայց բազմաթիվ վիճահարույց վարկածներից որն է հիմնական բացատրող դրդապատճառը, դեռ հայտնի չէ:

Ընդ որում, ի խախտումն 1921 թ.հուլիսի 5-ի Կավբյուրոյի որոշմաման, մարզային լայն ինքնավարությունը ստեղծվել էր ոչ թե ամբողջ Արցախում (մոտավորապես շուրջ 15 հազար քառ. կմ), ինչպես նախատեսված էր, այլ ընդամենը 4 հազար քառակուսի կիլոմետրի տարածքում ։


1923թ. Կովկասյան բյուրոյի որոշմաման խախտումը հիմնավորելու համար Բաքուն առաջ է քաշել Արցախի տարածքում քրդական ազգային ինքնավարություն (Կարմիր Քուրդիստան) ստեղծելու գաղափարը։ Կարմիր Քուրդիստանի մասին ժամանակի ընթացքում մոռացան, բայց Բաքվին հաջողվեց արհեստականորեն վարչատարածքային բաժանել Հայաստանն ու Արցախը՝ Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջաններով:


Միանգամայն պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճը, ցավոք, խորհրդային տարիներին ժամանակ չլուծվեց: Խախտելով 1920 թ. Նարիմանովի դեկտեմբերի 1-ի Հռչակագիրը, որտեղ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ տարածքային վեճից և Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչում է որպես Հայաստանի տարածք, լուծվեց նաև Նախիջևանի հարցը:


Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, համաձայն երրորդ հոդվածի Պայմանավորվող երկու կողմերն էլ համաձայն են, որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի հավելվածում նշված սահմաններում (մոտ 5 հազար քառ. կմ) ձևավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքո, այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի այս Պրոտեկտորատը որևէ երրորդ պետության (Հայաստանին): Նախիջևանը թուրքերի ձեռքում հայտնվեց 1920թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ, այն բանից հետո, երբ հայկական իշխանությունները, ի դեմս Դաշնակցություն կուսակցության, լիգիտիմացրին Թուրքիայի օկուպացիան՝ ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Թուրքական օկուպացիայից Ալեքսանդրապոլն ու Նախիջևանն առանց պատերազմի վերադարձնելու համար խորհրդային կառավարությունը դաշնակցականների դավաճանության և արևմտամետ քաղաքականության համար բարձր գին վճարեց, և զենքով, և ոսկով և այլն: Թուրքական կողմը Մոսկվայի բանակցություններում իրեն անզիջում պահեց, քանի որ իր գրպանում ուներ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, բացի այդ թելադրում էր իր պայմանները, և այդ պայմաններից մեկը Նախիջևանի հարցն էր։ Թուրքերը համաձայնել են Նախիջևանը հետ վերադարձնել միայն այն պայմանով, որ մարզը լինի Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի կազմում: Նախիջևանի կարգավիճակը փոխվեց 1924թ., երբ կազմավորվեց Նախիջևանի Խորհրդային Ինքնավար Սոցիալիստական Հանրապետությունը։


Պատմության մեջ բազմաթիվ առիթներ են եղել, Նախիջևանը Հայաստանի հետ վերամիավորելու համար, սակայն Մոսկվան տարբեր պատճառներով չի ցանկացել ընդունել այդ որոշումը։ Օրինակ՝ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 1952 թվականին, ինչը, ըստ էության, բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագրի խախտում է։ Թուրքիան բացահայտ թշնամական ակտ է դրսևորել Խորհրդային Միության դեմ, և այս դեպքում Մոսկվան կարող էր արդարացի հիմքով բարձրացնել Նախիջևանի վերամիավորման հարցը Հայաստանի հետ: Մեկ այլ օրինակ, 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև, որը պայմանավորված էր 1961 թվականին ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում իր հրթիռների տեղակայմամբ: Կրկին, բարեկամության և եղբայրության մասին 1921թ. Մոսկվայի պայմանագրի լկտի խախտումը, Մոսկվան լիարժեք հիմք ուներ բարձրացնելու ոչ միայն Նախիջևանի վերամիավորման, այլև Արցախի վերամիավորման հարցը: Սակայն Կրեմլում այս ամենին այլ տեսանկյունից էին նայում:


Խորհրդային ողջ ժամանակահատվածում պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս բարձրացրել են Արցախի վերամիավորման հարցը Հայաստանի հետ, սակայն Մոսկվան տարբեր պատճառներով նախընտրել է պահպանել կարգավիճակը առանց փոփոխությունների: 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված տարածքային հարցերի հետ կապված իրավիճակը տարիների ընթացքում այնքան է եռացել, որ արդեն ուշ էր գոլորշին բաց թողնելը: Ամեն ինչ պայթեց Գորբաչովի վերակառուցման ժամանակ: Խորհրդային Միության փլուզման գործընթացի ժամանակ որոշ արևմտամետ, հակակոմունիստական ուժեր օգտվեցին Արցախի թեմայից՝ որպես ցատկահարթակ Հայաստանում իշխանությունը զավթելու համար: Խոսքն առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայոց համազգային շարժման մասին է :


1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը խնդրանքով դիմում է Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելու և դրական լուծելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը: Ի պատասխան այդ քաղաքական խնդրանքի՝ Բաքուն 1988թ. փետրվարի 28 պատասխանում է Սումգայիթում հայերի ջարդերով: Իսկ 1988թ. նոյեմբերի 21-ը սկսվում է զանգվածային հակահայկական ահաբեկչության և ջարդերի նոր ալիք ողջ Ադրբեջանում:


1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը ընդունում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Հայկական ԽՍՀ-ի համատեղ վերամիավորման որոշում: Մեկ ամիս անց ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը չեղյալ հայտարարեց այդ որոշումը՝ այն ընդունելով որպես հակասահմանադրական։ Քանի որ համաձայն Խորհրդային Միության Սահմանադրության 78-րդ հոդվածի, -"Միութենական հանրապետության տարածքը չի կարող փոխվել առանց նրա համաձայնության: Միութենական հանրապետությունների միջև սահմանները կարող են փոփոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է հաստատման ԽՍՀ Միության կողմից": Հայաստանի և Արցախի իշխանությունները վերամիավորման որոշում կայացնելիս չեն դիմել 1920 թվականի դեկտեմբերի 1-ի հռչակագրին։ Չնայած դրան Հայաստանում, Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը չեղյալ չեն հայտարարել: Բացի այդ, 1990թ. փետրվարի 12-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում , "Կովկասյան Բյուրոյի Կենտկոմի Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) 1921թ. հուլիսի 5-ի որոշումն անօրինական ճանաչելու մասին":


Այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ հիմքով է հուլիսի 5-ի որոշումն անօրինական։ Եթե հուլիսի 5-ի որոշումը խախտում է ավելի վաղ հուլիսի 4-ի որոշումը, որը հիմնված է դեկտեմբերի 1-ի Հռչակագրի վրա, ապա Հայաստանի իշխանությունները պետք է այդ ամենը ներառեին օրենքում, որպեսզի հասկանալի լիներ հարցի էությունը: Հայաստանի իշխանությունների կիսատ-պռատ որոշումների արդյունքում Արցախի հարցն ավելի է խճճվել:


Արցախի հետ չլուծված հարցը, Մոսկվայի երկերեսանի դիրքորոշումը, հայկական ջարդերը Ադրբեջանում, Կոմունիստական կուսակցության թուլությունը, այս ամենը հաղթաթուղթ դարձան հակակոմունիստական ուժերի ձեռքում՝ վարկաբեկելու և զրպարտելու համար, որ կոմունիստական կուսակցությունը ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, ձեռքի հետ վարկաբեկեցին նաև ռուս-հայկական բարեկամությունը, եթե Մոսկվան թույլ է տալիս հայերի ջարդերը Ադրբեջանում, ապա Ռուսաստանը չի կարող բարեկամ լինել: Այս ամենը հանգեցրեց Հայաստանի Գերագույն Խորհրդի նոր ընտրությունների: Նորընտիր Գերագույն Խորհուրդը իր աշխատանքը սկսեց 1990 թ. հուլիսի 20-ից, որը կազմված էր 260 պատգամավորներից, որոնց 60%-ը Կոմունիստական կուսակցության անդամ էր: Դավադրության արդյունքում, պատգամավորները մերժեցին Կոմունիստական կուսակցությունից Վլադիմիր Մովսիսյանի թեկնածությունը և ընտրեցին Գերագույն Խորհուրդի նախագահ հակակոմունիստ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ճիշտ նույն դավադրությունը տեղի ունեցավ 2018 թվականին, երբ Հայաստանի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում "Հայաստանի Հանրապետական կուսակցության" պատգամավորները, վարչապետ ընտրեց հակահանրապետական Փաշինյանին:


1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ըստ հռչակագրի՝ Հայաստանը Արցախը ճանաչում է որպես իր տարածքի մի մաս, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Խորհրդային շրջանի եզրակացության մեջ կարելի է ասել հետեւյալը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճը դեկտեմբերի 1-ի Հռչակագրի անտեսման պատճառով չի լուծվել:


1991-2022 թվականներ


Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի արևմտամետ իշխանությունները փոխեցին իրենց հին մոտեցումները Արցախի հարցում։ Եթե նախկինում շեշտը դրվում էր տարածքային վեճի վրա, որ Արցախն իր տարածքով պետք է վերամիավորվի Հայաստանի հետ, ապա այժմ շեշտը դրվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք վրա։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Արցախը Հայաստանին վերամիավորելու գաղափարից, հրաժարվեցին Արցախի հարցը լուծել տարածքային պահանջատիրության հունով, չնայած այն հանգամանքին, որ ունեցել են բոլոր հիմքերը, այդ թվում 1920թ. դեկտեմբերի 1-ի Ադրբեջանի Հռչակագիրը։


Խորհրդային Միության փլուզումից հետո Խորհրդային Միության նախկին հանրապետությունները աստիճանաբար դառնում էին Արևմուտքի կիսագաղութները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Հենց ԱՄՆ-ն, որպես միաբևեռ աշխարհի տեր, իր պայմաններն էր թելադրում իրեն ենթակա երկրներին։ Հայաստանի ղեկավարությանը, Արևմուտքը հստակ պայման է դրել՝ Հայաստանը պետք է լինի առանց Արցախի: Մի կողմից իշխանությունը պահելու, մյուս կողմից Արևմուտքի պայմաններն իրագործելու համար Հայաստանի իշխող դասը բերեց օրակարգ ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման: Կարծիք հաստատվեց, որ ինքնորոշման միջոցով, Արցախի ժողովրդի ինքը կընտրի իր ապագան: Այդ պատճառով Արցախի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական որոշումները, գործողությունները պետք է դիտարկվեն Արեւմուտքի աշխարհաքաղաքական նախագծերի տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի ճիշտ հասկանալ անցած և տեղի ունեցող իրադարձությունները:


Կապիտալիստական Հայաստանը, գտնվելով ԱՄՆ-ի կողմից վերահսկվող կապիտալիստական համակարգում, պարտավոր է կատարել այն ամենը, ինչ կհրամայի Միացյալ Նահանգների իշխող դասը։ Պատմական այնպես է ստացվել, որ Արևմուտքի և Հայաստանի շահերը հակադրվում են միմյանց։ Ահա թե ինչու հենց Հայաստանը վերածվում է մանրադրամի Արևմուտքի ձեռքում, Արևմուտքը միշտ օգտագործում է Հայաստանը իր նպատակների և հետո գցում բախտի քմահաճույքին։ Հայաստանը, ընդ որում, ենթարկվում է ցեղասպանությունների և տարածքների կորստի։ Հայաստանը մանրադրամ էր 1918-1920 թվականներին, Հայաստանը դարձավ ճիշտ նույն մանրադրամը 90-ականներին Լևոն Տեր -Պետրոսյանի օրոք, շարունակվեց այդպիսին լինել Քոչարյանի, Սարգսյանի և Փաշիյանի օրոք: Եվ քանի դեռ Հայաստանը կապիտալիստական երկիր է լինելու, ապա նա միշտ կլինի մանրադրամ Արևմուտքի ձեռքում և նրան միշտ կառավարելու են "փաշինյանների" տիպի արևմտյան խամաճիկները:


90-ականներին կապիտալիստական Հայաստանի իշխանությունը կայացրեց որոշում տարանջատել Հայաստանն ու Արցախը, սկսվեց Հայաստանի և Արցախի տարանջատման գործընթացը: Սա, ըստ էության, պետական հանցագործություն էր, քանի որ իշխանությունները խախտում էին Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի օրենքը։


1991թ. սեպտեմբերի 2-ին, ԼՂԻՄ մարզային պատգամավորների խորհրդի և Շահումյանի շրջանի պատգամավորների խորհրդը համատեղ նիստում ընդունում է Հռչակագիր՝ "Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին": Սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Սակայն հանրաքվեն անցկացվել է միայն նախկին Հայկական ԽՍՀ տարածքում։ 1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրությունները: Ընտրություններն անցկացվել են նաև միայն նախկին Հայկական ԽՍՀ տարածքում, այսինքն՝ տեղի է ունենում 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին օրենքի հերթական խախտումը։ 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի են ունենում ԼՂՀ անկախության հանրաքվե, քվեաթերթիկում ձևակերպվել է հետևյալ հարցը՝ Համաձայն եք արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն է որոշում այլ պետությունների և համայնքների հետ համագործակցության ձևերը:  Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի չեղյալ չհայտարարված որոշման համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կազմում: Հետևաբար Արցախը ցանկանում է անկախ պետություն դառնալ Հայաստանից: 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ խորհրդարանը ընդունեց Հռչակագիր ԼՂՀ պետական անկախության մասին (նախկին ԼՂԻՄ սահմաններում, որի տարածքը կազմում է 4,4 հազար քառ. կմ  գումարած Շահումյանի շրջանի տարածքը):


Այստեղ կարևոր է նշել ևս մեկ թեմա, խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Արցախի հարցի մասին է: Խորհրդային Միության փլուզման ընթացքում, Ադրբեջանում 1991 թվականի օգոստոսի 30-ին ընդունում է "Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին" հռչակագիրը: Ըստ այդ հռչակագրի՝ Ադրբեջանը հրաժարվում է Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունից, և հռչակվում է 1918-1920 թվականների Ադրբեջանի պետականության վերականգնումը։ Մի շարք հայ մասնագետներ պնդում են, որ 1918-1920 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունը չուներ հստակ և համընդհանուր ճանաչում ունեցող սահմաններ, և Արցախը չէր մտնում Ադրբեջանի կազմի մեջ, համապատասխանաբար, եթե Ադրբեջանը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, ապա նա նույնպես զրկվում է Արցախն իր կազմում ունենալու իրավունքից: Ըստ այլ աղբյուրների, միջազգային իրավունքում, խոսելով պետության իրավահաջորդության մասին, նկատի ունեն այն տարածքը, որի վրա ներկայումս առկա է։ Այդպես Ռուսաստանն իրեն հայտարարեց Խորհրդային Միության իրավահաջորդ, իր վրա վերցրեց Խորհրդային Միության բոլոր պարտքերը, եթե ելնենք հայ մասնագետների տրամաբանությունից, ապա բոլոր հանրապետությունները պետք է լինեն Ռուսաստանի կազմում։ Իսկ եթե ենթադրենք, որ Ռուսաստանն իրեն ցարական Ռուսաստանի իրավահաջորդ է հայտարարել, ապա հայ մասնագետների տրամաբանությամբ ԱՄՆ-ը պետք է Ալյասկան վերադարձնի Ռուսաստանին, Լեհաստանն ու Ֆինլանդիան պետք է հետ մտնեն Ռուսաստանի կազմի մեջ: Այսինքն՝ տարածքային ամբողջականությունը իրավահաջորդության դեպքում չի փոխվում: Հայաստանը կարող է իրեն հռչակել Տիգրան Մեծի թագավորության իրավահաջորդը, բայց Հայաստանի տարածքը կլինի նույնը՝ 34,2 հազար քառ. կմ: Հայաստանը կարող է իրեն հռչակել դաշնակցական Հայաստանի 1918-1920թթ իրավահաջորդներ, բայց Հայաստանի տարածքը կլինի նույնը՝ 34,2 հազար քառ. կմ (1989թ. դեկտեմբերի 1-ի դեռևս չեղարկված օրենքի համաձայն):


Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ 1919թ. օգոստոսի 26-ին Ադրբեջանի և Արցախի Ազգային խորհրդի միջև կնքվել է պայմանագիր, որով Արցախը ժամանակավորապես համաձայնում է դառնալ Ադրբեջանի մաս: Այնպես որ, միջազգային իրավունքի համաձայն, 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդությանը, Արցախը մտնում է ներկայիս Ադրբեջանի տարածքների մեջ, քանի որ կապիտալիստական Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի հայտնել Ադրբեջանի նկատմամբ։


Նույնը վերաբերում է Արցախի շուրջ այսպես կոչված անվտանգության գոտին։ Պատերազմի ժամանակ հայկական կողմին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Արցախին սահմանակից շրջանները և այդպիսով ստեղծել անվտանգության գոտի։ Անվտանգության այդ գոտին աշխարհում ընկալվում էր որպես Ադրբեջանի օկուպացված տարածքներ, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Արցախը պաշտոնական տարածքային պահանջներ չէին ներկայացնում Ադրբեջանին: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցնում էր հայ ժողովրդին, որ աշխարհը թույլ չի տա ադրբեջանական շրջանի ևս մեկ գրավում: Ճիշտ է, որովհետև Հայաստանը, ունենալով բոլոր հիմքերը, ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել այդ շրջանների նկատմամբ: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը տարածքային պահանջներ ներկայացներ Ադրբեջանին, ապա այլ երկրները արդեն այլ կերպ կընկալեր կատարվածը: Բանակցային գործընթացներում ենթադրվում էր, որ հենց Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, Հայաստանը հետ կվերադարձնի անվտանգության գոտու շրջանները, բացառությամբ Հայաստանն ու Արցախը կապող երկու շրջանից: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելով՝ Փաշինյանը դե յուրե ընդունել է, որ Հայաստանը, ինչպես Իսրայելը կամ Թուրքիան, օկուպացրել է այլ երկրի տարածքը և առանց պայքարի անվտանգության գոտին հանձնեց Ադրբեջանին:


Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը պետականության արևմտյան, եվրոպական մոդելի գաղափարական և շուկայական տնտեսության՝ կապիտալիզմի կողմնակիցն է, մոլի գլոբալիստ է։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական գործունեության մեջ առաջնորդվել է հակակոմունիզմի, գլոբալիզմի գաղափարներով, նրա օրոք անկախության և ժողովրդավարության կարգախոսների ներքո Հայաստանը վերածվեց Արևմուտքի կիսագաղութի: Արցախի կարգավորման հարցում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագիրը հետևյալն էր, ոչ մի դեպքում Արևմուտքի հետ առճակատման չգնալ, այլ հակառակը՝ կատարել այն ամենը, ինչ կասի Արևմուտքը, եթե նույնիսկ դա վնասում էր պետական շահերին:


Լ. Տեր-Պետրոսյանը Արցախի հարցի կարգավորման իր ծրագրում կատարել է Արևմուտքի հրահանգը՝ Հայաստանն առանց Արցախի, փորձում էր Արևմուտքի հակահայկական շահը համատեղել Հայաստանի շահերի հետ։ Մի խոսքով, Լևոն Տեր- Պետրոսյանի քաղաքական հաշվարկը խոսում էր նրա մասին, որ Արևմտյան վարկերն ու Հայաստանի ինտեգրումը Արևմուտքին գերազանցել են Արցախի արժեքը:


Հայաստանի իշխանությունները, ի դեմս ՀՀՇ կուսակցության, Լևոն Տեր-Պետրոսյանի, սկսում են սպասարկել և ներկայացնել ամերիկյան իմպերիալիզմի շահերը Երևանում։ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում էր համոզել և բարոյալքել Հայաստանի ժողովրդին, որ 1994 թվականին հաղթել են միայն մեկ ճակատամարտ, բայց ոչ պատերազմ, որ ճիշտ կլինի, եթե հայերը ենթարկվեն միջազգային հանրության կարծիքին, որ Արցախի իրական թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը, որ Հայաստանը չի կարող հաղթել Ադրբեջանին և այլն և այլն: Հայաստանի իշխանությունները սկսում են քարոզել այն գաղափարը, որ Հայաստանում կյանքը կբարելավվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կհրաժարվի Արցախից: Այդ գաղափարն առաջացել է նրանից, որ Արևմուտքը խոստացել է ավելացնել իր վարկերը, հենց որ Հայաստանը հրաժարվի Արցախից։ Սակայն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական գործունեության մեջ խոցելի էր, քանի որ քաղաքական թիմում կային մարդիկ, ովքեր Արցախի ճակատագրի վերաբերյալ այլ տեսլական ունեին: Իշխանական շրջանակներում այդ տարաձայնությունները հանգեցրին 1998-ի պետական հեղաշրջմանը, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ:


Հայաստանի նոր իշխանությունների օրոք, ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ամեն ինչ շարունակվեց ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր՝ հակակոմունիզմ, կապիտալիզմ, ինտեգրում արևմտյան, եվրոպական կառույցներին, արևմուտքից ֆինանսական կախվածության խորացում և այլն։ Սակայն Արցախի կարգավորման հարցում նախագահ Ռ. Քոչարյանը հանդես եկավ ստատուս քվոյի պահպանման, բանակցությունների շարունակման օգտին։


Եթե Տեր-Պետրոսյանն առաջ էր տանում այն գաղափարը, որ պետք է արագ լուծել Արցախի հարցը, Արցախի չլուծված հարցով Հայաստանը չի կարող զարգանալ, ապա Ռ. Քոչարյանն իր քաղաքականությամբ փորձում էր հերքել դա, ապացուցել, որ կարելի է զարգանալ և միաժամանակ բանակցել:


Նախագահ Ռ. Քոչարյանը համակրում էր Դաշնակցության գաղափարներին, նա շուկայական տնտեսության՝ կապիտալիզմի կողմնակիցն է և ազգայնական: Ռ. Քոչարյանի հիմնական քաղաքական հաշվարկը նախատեսված էր այն բանի վրա, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել, համոզել, լեզու գտնել Արևմուտքի հետ, որ մի օր Արևմուտքը Արցախի վերաբերյալ հայկական որոշում կկայացնի։ Սակայն Հայաստանը չդարձավ Ալբանիա, իսկ Արցախը չդարձավ Կոսովո:


Հայաստանի նոր իշխանությունների օրոք, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի ամեն ինչ շարունակվեց ինչպես Ռոբերտ Քոչարյանի օրոք էր՝ հակակոմունիզմ, կապիտալիզմ, ինտեգրում արևմտյան, եվրոպական կառույցներին, արևմուտքից ֆինանսական կախվածության խորացում և այլն։ Արցախի հարցի կարգավորման գործում նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի կուրսը՝ բանակցությունների միջոցով գալ կոնսենսուսի, գտնել բոլոր հարցերի լուծումը, ընդհանուր առմամբ, և միայն դրանից հետո իրականացնել այդ պայմանավորվածությունները:


Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի քաղաքական հաշվարկը, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել Արևմուտքի հետ Արցախի հարցով, տապալվեց, Արևմուտքը մերժեց, ինչը հանգեցրեց 2018-ի հերթական պետական հեղաշրջմանը: Իշխանությունը անցավ Արևմուտքի դրածո Փաշինյանի ձեռքը:

Հայաստանի նոր իշխանությունների օրոք, ի դեմս հայատյաց Փաշինյանի ամեն ինչ շարունակվեց ինչպես Ս. Սարգսյանի օրոք էր՝ հակակոմունիզմ, կապիտալիզմ, ինտեգրում արևմտյան, եվրոպական կառույցներին, արևմուտքից ֆինանսական կախվածության խորացում և այլն։ Արցախի հարցի կարգավորման գործում Փաշինյանը շարունակեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդհատված քաղաքականությունը: Սկսած 2018 թվականից մինչև 2022 թվականը Փաշինյանը քայլ առ քայլ կատարեց Արևմուտքի այն աշխարհաքաղաքական ծրագիրը, որը ժամանակին չկարողացավ իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանը: Փաշինյանի արևմտամետ քաղաքականության գագաթնակետը 2020 թվականի պատերազմում Արցախի դավադիր պարտությունն էր, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը, Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքների հանձնումը: Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։


1991-1922 ժամանակահատվածը բնութագրվում է նրանով, որ երկիրը, հայտնվելով Արևմուտքից ֆինանսական կախվածության մեջ, Հայաստանի արևմտամետ իշխող դասը չհամարձակվեց գնալ ԼՂՀ ճանաչման, այլ նախընտրեց, որ Արևմուտքի վարկերը ավելի նշանակալի են, քան Արցախը:


Ապագայում


Հայաստանն ունի երկու ապագա։


Առաջինը՝ ներկայիս քաղաքականության շարունակությունն է, որտեղ Հայաստանը կապիտալիստական երկիր է, Արևմուտքի կիսագաղութը, իսկ Հայաստանի իշխող դասը՝ ի դեմս Արևմտյան խամաճիկների, ծառայում և առաջ են տանում թշնամիների շահերը՝ փոխարենը ստանալով Արևմուտքի վարկերը: Պարզ է, որ նման պայմաններում տարածքային վեճերը Հայաստանը ոչ մի կերպ չի կարող լուծել իր օգտին։ Կապիտալիստական Հայաստանը դատապարտված է դանդաղ մահվան, հավերժական պարտության և թուրքականը՝ ստրկության: Բայց կա մեկ այլ ապագա, ներկայիս կապիտալիստական Հայաստանի այլընտրանքը դա ապագա Սոցիալիստական Հայաստանն է:


Կապիտալիզմի պայմաններում ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջոցով տարածքային վեճը լուծելու փորձերը հայ ժողովրդի համար դարձել են ոչ իրատեսական: Քանի որ Արևմուտքի և Հայաստանի շահերը միշտ եղել են, կան և կլինեն հակադիր: Տարածքային վեճերը լուծվում են ըստ իրենց կանոնների, ուժեղի իրավունքի միջոցով, և նոր հեծանիվ հորինելու կարիք չկա: Բոլոր երկրները, որոնք հասել են տարածքային վեճերի լուծմանը իրենց օգտին, գործել են որոշակի ընդունված ալգորիթմի համաձայն: Բավական է նայել Չինաստանի պատմական փորձը Մակաոյում, Հնդկաստանը՝ Գոայում, Խորհրդային Միությունը՝ Բեսարաբիայում, Ադրբեջանը՝ Արցախում և այլն։ Պետք չէ հեռու գնալ, բավական է ուշադրություն դարձնել, թե ինչպես է Սոցիալիստական Հայաստանը վերամիավորել Լոռին 1921 թվականին, և նույն կերպ գրագետ գործել այլ հարցերում:


Սոցիալիստական Հայաստանն իր պատմական տարածքների վերամիավորման հարցը կկարողանա լուծել միայն հերթականությամբ, և առաջին հերթին դա Արցախի և Նախիջևանի վերամիավորման հարցն է: Ահա որոշ գործողություններ, որոնցով պետությունը պետք է առաջ շարժվի.


- սոցիալիզմի հիման վրա կառուցել անկախ քաղաքական և տնտեսական զարգացման համակարգ,


- ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ,


- չեղյալ համարել կապիտալիստական Հայաստանի կողմից Արցախի վերաբերյալ ստորագրված բոլոր փաստաթղթերը, հատկապես պետական հանցագործ Փաշինյանի ստորագրածները,


- հայտարարել Ադրբեջանի տարածքի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին,


- տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։ Հիմնվելով 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագրի վրա, որտեղ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից և Նախիջևանը, Արցախը, Զանգեզուրը ճանաչում է որպես Հայաստանի տարածք,


- եթե Ադրբեջանը ինքնակամ չհամաձայնի կատարել իր Հռչակագրի որոշումը, ապա Հայաստանն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ իրականացնել այդ Հռչակագրի որոշումը, այդ թվում՝ դիվանագիտական և ռազմական ճանապարհով,


- պատրաստ լինել, X-ի ճիշտ ժամանակին, իրականացնել նախատեսված ծրագիրը, Նախիջևանն ու Արցախը վերամիավորել Հայաստանին։


Շատերի համար այս դրույթները զարմանք կառաջացնեն, ինչպես այդպես, վերցնել և անել: Թեեւ իրականում այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ այդ ամենը քաղաքականություն է: Ահա Փաշինյանը վերցրեց ու վերացրեց Արցախի վերաբերյալ 27 տարվա վաղեմության բոլոր պայմանավորվածությունները՝ հայտարարելով, որ սկսում է իր զրոյական կետից:


Ահա Հայաստանը չի ճանաչում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի, Կիպրոսի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ԱՄՆ-ն չի ճանաչել ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը և այլն, և այլն: Ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ պարզվում է կապիտալիստական Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ իսկ մենք այս 33 տարիների ընթացքում այդ մասին չենք էլ լսել, որ Հայաստանի իշխանություններն այդ մասին խոսեն։ Այնպես որ քաղաքականության մեջ ամեն ինչ իրագործելի է, կարևորը ինքնուրույն ճանապարհով շարժվելն է, խոսքը սոցիալիզմի մասին է, որն արդեն անցել է պատմության քննությունը և բոլոր նպատակները հասանելի կլինեն:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page