Պայքարի տրամաբանությունը
Կապիտալիստական երկրների ղեկավարների համար խաղի կանոնները, ամեն դեպքում, սահմանվում և փոխվում են Միացյալ Նահանգների կողմից:
Ռ. Տեր - Հարությունյան քաղաքագետ
Հայաստանում իշխանության համար պայքարի տրամաբանությունը, որոշակի պատճառներով, կորցրել է իր ողջախոհությունը, վերջնականապես վերածվել է ժողովրդի խաբեության եւ քաղաքական գործի իմատիցիայի:
Բավական է բերել երեք գլխավոր պատճառները. առաջինը, որ ամբողջ քաղաքական դաշտը վերահսկվում է ազդեցիկ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր լիբերալ կուսակցությունների կողմից, երկրորդ պատճառը՝ կապիտալիստները պայքարում են կապիտալիստների դեմ և երրորդը՝ Փաշինյանը դավադրաբար փակեց Արցախի թեման, և այն այլևս չի կարող գործոն հանդիսանալ կուսակցությունների տարբերության համար:
Պետք է հստակ հասկանալ, որ այս կամ այն քաղաքական կուսակցությունը, որը հանդես է գալիս շուկայական տնտեսության (կապիտալիզմի) օգտին, իր էությամբ լիբերալ է, այսինքն՝ արևմտամետ քաղաքական ուժ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլոսաքսերը կառուցեցին ներկայիս ֆինանսա-քաղաքական կապիտալիստական համակարգը, որտեղ շուկայական տնտեսության առկայությունն այս կամ այն երկրում արդեն իսկ ենթադրում է քաղաքական և ֆինանսական ենթակայություն Միացյալ Նահանգներին: Այդ պատճառով կապիտալիստական Հայաստանը, ինչպես ցանկացած այլ կապիտալիստական երկիր, ձգտում է ինտեգրվել Արեւմուտքի հետ, լինել ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Ըստ այդմ, Հայաստանում իշխող կապիտալիստական ուժերը, ինչպես մյուս կապիտալիստական երկրներում, գտնվում են երկակի դրության մեջ։ Այս երկակիությունը որոշվում է շահերի բախմամբ՝ Վաշինգտոնի պահանջների և տեղի բնակչության ակնկալիքների միջև։ Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել մշտապես հավասարակշռել Արեւմուտքի պահանջները կատարելու անհրաժեշտության եւ մյուս կողմից, սեփական դեմքը եւ ազգային շահը պահպանելու ձգտման միջեւ։ Հավասարակշռությունը, սակայն, բավականին հարաբերական էր, քանի որ Արևմուտքի շահերի նսեմացումը, հօգուտ ազգային շահերի, սպառնում էր ղեկավարին հրաժեշտ տալ իր կարիերային։ Ինչպես եղավ 2018-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Կապիտալիստական երկրների ղեկավարների համար խաղի կանոնները, ամեն դեպքում, սահմանվում և փոխվում են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև "ազգային շահ" արտահայտելու սահմանները:
Փաշինյանի իշխանության խնդիրն այն է, որ իշխանությունը ստացել է Արևմուտքի ձեռքից, համապատասխանաբար իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը նախընտրում է Արևմուտքի շահերն ավելի բարձր դասել և միևնույն ժամանակ ամբողջովին հրաժարվում է ազգային շահերից: Ազգային շահ արտահայտելու հնարավորությունն կապիտալիզմի պայմաններում, երբ Հայաստանի եւ Արեւմուտքի շահերը հակադրվում են միմյանց, խիստ սահմանափակված են: Լիբերալ կուսակցությունների առաջնորդներ շատ լավ հասկանում են, որ անհնար է լինել Արևմուտքի կիսագաղութը և միևնույն ժամանակ դեմ գնալ Արևմուտքի շահերին։ Դրա համար էլ արեւմտամետ ընդդիմության եւ արեւմտամետ իշխանության միջեւ այս ամբողջ քաղաքական պայքարը իմիտացիոն բնույթ է կրում:
Այնպես որ, կարևոր չէ, թե որ կապիտալիստական կուսակցության համար են համակրում մարդիկ: Լլինի դա Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, կլինի նույն կապիտալիզմը՝ բոլոր խնդիրներով, լինի դա Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ- կուսակցությունը, կլինի նույն կապիտալիզմը՝ բոլոր խնդիրներով, կլինի Դաշնակցությունը, Լուսավոր Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետությունը և այլն և այլն..., կլինի նույն կապիտալիզմը՝ բոլոր խնդիրներով։ Հայաստանում քաղաքական պայքարի իմաստը դարձել է Արևմուտքի մի խամաճիկի փոխարինումը մյուսով։
Ամեն ինչ այդպես էլ կշարունակվի, քանի դեռ կպահպանվի տնտեսության կապիտալիստական մոդելը։ Բնակչության մեծամասնության կյանքի իրական փոփոխությունները դեպի լավը, հնարավոր է միայն կապիտալիստական համակարգը սոցիալիստականով փոխարինելու դեպքում: Միայն կապիտալիստական համակարգից դուրս գտնվելով՝ Հայաստանին կհաջողվի պաշտպանել իր ազգային շահերը, վարել ինքնուրույն քաղաքական և տնտեսական քաղաքականություն՝ ի շահ ժողովրդի մեծամասնության: Ամենակարևորը միայն սոցիալիզմի դեպքում Հայաստանին կհաջողվի ազատվել Արևմուտքի խամաճիկներից, լուծել անվտանգության, գործազրկության, աղքատության, արտագաղթի խնդիրները։
Comments