top of page

Պետք չէ խաբվել

Երեք նախագահների վարչակազմերի կողմից Արցախի նկատմամբ կատարված բազմաթիվ սխալները հիանալի հնարավորություն տվեցին Փաշինյանին՝ իրականացնելու Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագիրը, Արցախը տալու Ադրբեջանին, լվանալու բնակչության ուղեղները և շարունակելու իշխել:



Ռ. Տեր-Հարությունյան քաղաքագետ


Կապիտալիստական Հայաստանի իշխանությունները 33 տարի շարունակ մշտապես խաբել են ժողովրդին թե արտաքին, թե ներքին քաղաքականության հարցերում, հատկապես Արցախի հարցում: Հայաստանի իշխանությունները ոչնչով չեն տարբերվում կապիտալիստական մյուս երկրներից, որտեղ իշխանությունները նույն կերպ խաբում են իրենց ժողովուրդներին։ Քանի որ Հայաստանի իշխանությունները սպասարկում են ամերիկյան իմպերիալիզմի շահերը, իսկ այդ շահերը դեմ են բնակչության մեծամասնության շահերին, ուստի Հայաստանի իշխանությունները ստիպված են ստել, երկերեսանիություն անել, որպեսզի կարողանան պահպանել իշխանությունը և իրականացնել հակաժողովրդական քաղաքականությունը:


Նման խաբեություններից մեկը հասկացությունների նենգափոխումն էր, ազգային-ազատագրական պայքարի անվան տակ Արցախում իրականացվում էր ադրբեջանական տարածքների օկուպացիա:

Հայաստանի ժողովրդին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, Արցախում ռազմական գործողությունների ժամանակ ասվում էր, որ ընթանում է ազգային-ազատագրական պայքար։ Ինքը՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր հրապարակային ելույթներում օգտագործել է ազգային-ազատագրական պայքար եզրույթը: Եվ հայ ժողովուրդն իսկապես հավատում էր իշխանություններին, որ գրավելով Քելբաջարը կամ Աղդամը՝ տեղի է ունենում պատմական հայկական տարածքների ազատագրում և վերադարձը։ Սակայն իրականում ամեն ինչ այդպես չէր։

Ամեն ինչ այդպես չէր, քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին, ի սկզբանե, հայ-ադրբեջանական տարածքային վեճը լուծել, ինչպես հարկն է, Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու եղանակով, այլ որոշեցին օգտագործել ժողովրդի ինքնորոշվելու մշուշոտ իրավունքը:


Հասկանալու համար համեմատական օրինակ բերենք՝ ընդունված է Աթաթուրքի ազգայնական շարժումը համարել ազգային-ազատագրական շարժում, և դա ճիշտ է, որովհետև թուրքերի կառավարությունը, օրինակ, Իզմիրը, Էրզրումը, Ադանան, Կարսը հայտարարել է թուրքական տարածք, համապատասխանաբար ստացվում է այնպես, որ երբ թուրքերը գրավում էին Կարսը կամ Իզմիրը, նրանք ազատագրում էին իրենց տարածքը։ Իսկ այստեղ ստացվում է, որ տղաները գրավում են Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, Լաչինը, իսկ Հայաստանի կառավարությունն այդ տարածքները ճանաչում է որպես ադրբեջանական, հետևաբար ստացվում է, որ այդ տարածքները գրավելով տեղի է ունենում ոչ թե հայկական պատմական տարածքների ազատագրում, այլ օկուպացիա։ Բնական հարց է ծագում, թե ի՞ նչպես կարելի է Քելբաջարի կամ Աղդամի գրավումը անվանել ազգային-ազատագրական պայքար, եթե Հայաստանի իշխանությունները Քելբաջարը կամ Աղդամը ճանաչում են ոչ թե հայկական, այլ ադրբեջանական տարածք: Դրանից հետո ծագում է հետևյալ հարցը, եթե Քելբաջարը կամ Աղդամը Ադրբեջանի տարածք է, ապա ի՞նչպես կարող են Ստեփանակերտը կամ Մարտունին համարել հայկական։


1990թ. փետրվարի 12-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունում ՌԿԿ(Բ) Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումն անօրինական ճանաչելու մասին: Սա նշանակում է, որ Հայաստանը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում ինքնավարության հիման վրա թողնելու որոշումը: Եվ հետո հանկարծ անօրինական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բազայի վրա հռչակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե նույնիսկ ենթադրենք, որ մի օր Ադրբեջանը կհամաձայներ ճանաչել Արցախի անկախությունը, ապա այն կլիներ Ադրբեջանի ճիրաններում։ Ադրբեջանը կկիրառեր տարբեր սադրանքներ, օդային և տրանսպորտային շրջափակումներ, մի խոսքով՝ ամեն ինչ՝ Արցախը խեղդելու համար։ Սա խոսում է այն մասին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա տարածքային վեճը լուծելու Հայաստանի իշխանությունների որոշումը մեծագույն սխալն է:

 

Այնուհետև, երկար տարիներ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր Արցախը օկուպացնելու և անեքսիայի մեջ, իսկ Հայաստանն ամեն կերպ մերժում էր այդ մեղադրանքները, նրանով, որ գոյություն ունի ԼՂՀ, որը վերահսկում է Արցախի հարակից Ադրբեջանի շրջանները, որոնք կոչվում են անվտանգության գոտի։ Հայկական կողմը միշտ փորձել է ԼՂՀ-ն ներկայացնել ոչ թե որպես խամաճիկ պետություն, այլ որպես կայացած ինքնուրույն պետություն: Բայց այս բոլոր կեղծ պետականության խաղերը տապալվեցին հաշված օրերի ընթացքում, երբ իշխանության բերեցին Փաշինյանին։ Հենց Փաշինյանն էր, որ հրապարակավ, սկզբից Արցախի նախագահ Բ. Սահակյանին մարզպետ անվանեց, իսկ հետո հաջորդեց Փաշինյանի պաշտոնական հայտարարությունը Ստեփանակերտի հրապարակում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այսինքն՝ Փաշինյանին երկու տարում հաջողվեց աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը ճիշտ էր, դա ոչ թե ազգային-ազատագրական պայքար էր, այլ օկուպացիա։ Որ Հայաստանն է օկուպացրել ու բռնակցել Արցախը, այնտեղ ստեղծել խամաճիկային կեղծ պետություն՝ առանց որևէ տարածքային հավակնություն հայտարարելու։ Իսկ դա ժամանակակից աշխարհում թույլատրելի չէ, դրա համար էլ Ադրբեջանը հանգիստ կարողացավ վերադարձնել Արցախը։ Բացի այդ, Փաշինյանը հայ ժողովրդից գաղտնի ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը՝ պաշտոնապես ընդունել է, որ Հայաստանը օկուպանտ և ագրեսոր է, իսկ այսպես կոչված Արցախի Հանրապետությունը ընդամենը ֆիկտիվ պետություն է: Երեք նախագահների վարչակազմերի կողմից Արցախի նկատմամբ կատարված բազմաթիվ սխալները հիանալի հնարավորություն տվեցին Փաշինյանին՝ իրականացնելու Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագիրը, Արցախը տալու Ադրբեջանին, լվանալու բնակչության ուղեղները և շարունակելու իշխել:


Եթե կարճ բնութագրենք հայկական իշխանությունների քաղաքականությունը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռ. Քոչարյանից, Ս. Սարգսյանից, վերջացրած Փաշինյանով Արցախի հարցում, ապա դա զուտ քաղաքական արկածախնդրություն էր: Հայաստանի իշխանություններն Արցախի հարցն օգտագործել են իրենց քաղաքական նպատակների համար, Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի թեման օգտագործել է որպես ցատկահարթակ իշխանությունը զավթելու համար, Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը Արցախի թեման օգտագործել են դասակարգային մասնատված հասարակությունը համախմբելու համար, Փաշինյանն Արցախի թեման օգտագործել է անձնական հարստացման համար և այլն: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի օրոք, օգտագործելով Արցախի հարցը, թնդանոթի մսի վերածեցին հազարավոր անկեղծ, բայց քաղաքական անգրագետ հայրենասերների։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանը գրեթե ամեն օր հայրենասերներին կոչ էր անում գնալ պատերազմի հանուն Արցախի, որովհետև ինչքան շատ հայրենասեր սպանվեն, այնքան Փաշինյանի նման ծախված տականքների իշխանությունն ավելի ամուր կլինի: Շատ հայ հայրենասերներ, իրենց կյանքը տալով պատմական հայկական տարածքների՝ Քելբաջարի, Լաչինի, Աղդամի կամ Ֆիզուլիի ազատագրման համար, կարծում էին, որ դա հավերժ է, որ այլևս այդ տարածքները չեն խլվի Հայաստանից։ Իսկ հետո պարզվեց, որ այդ տարածքները օգտագործվելու են բանակցային գործընթացում՝ Ադրբեջանին վերադարձնելու ակնկալիքով: Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի դավաճանության պատմությունը պետք է իսկական դաս լինի հայրենասերների համար, որպեսզի չդառնան հերթական թնդանոթի միսը, նրանք պետք է լավ հասկանան կապիտալիստների քաղաքականությունը, ինչպես ասում են՝ ճանաչեն իրենց թշնամու դեմքը:


Հայաստանի իշխանությունների՝ Արցախը և Նախիջևանը Հայաստանի կազմ վերադարձնելու ճիշտ ուղուց հրաժարվելու որոշման վրա ազդել է կապիտալիզմի հաստատումը։ Կապիտալիզմը Հայաստանը վերածեց Արևմուտքի կիսագաղութի, Արևմուտքի և Ադրբեջանի շահերը համընկան, և Արևմուտքը դարձավ Հայաստանի թշնամին, որը վերահսկում էր Հայաստանի տնտեսությունը: Նման պայմաններում Հայաստանի թշնամին՝ Արևմուտքը, երբեք թույլ չի տա, որ Հայաստանն ունենա զարգացած տնտեսություն և ուժեղ բանակ, Արևմուտքը երբեք թույլ չի տա, որ իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանը հաղթի իր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանին։ Հայաստանի իշխանություններն իրենց դեմքն ու իշխանությունը փրկելու համար որոշել են ձևացնել, թե իրենք ծառայում են Հայաստանի շահերին՝ ամեն կերպ թաքցնելով, որ իրականում ծառայում են Արևմուտքի շահերին: Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը վաճառելու դասը պետք է լինի անվստահությունն ու անհավատությունը կապիտալիստական Հայաստանի իշխանություններին։ Կապիտալիզմի պայմաններում Հայաստանը երբեք չի կարող վերադարձնել ոչ Արցախը, ոչ էլ առավել ևս Նախիջևանը։ Կապիտալիզմի պայմաններում Հայաստանը միշտ ենթարկվելու է ցեղասպանությունների և տարածքների կորուստների, Արցախից հետո հերթը Զանգեզուրի հանձնումն է։


Հիմա իրական ազգային-ազատագրական պայքարի մասին, ինչպիսին պետք է լինի այն, ինչ քաղաքականություն պետք է վարի պետությունը:


-պետք է տեղի ունենա իշխանափոխություն, կապիտալիզմը պետք է փոխարինվի սոցիալիզմով, որտեղ նոր իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն բոլոր հակապետական պայմանագրերը


-պետությունը պետք է ի սկզբանե հանդես գա, օգտագործի բոլոր միջազգային հարթակները՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու համար


-հայկական պետությունը պետք է հայտարարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին՝ հիմք ընդունելով Ադրբեջանի կառավարության 1920 թ. դեկտեմբերի 2-ի Հռչակագիրը, որտեղ Ադրբեջանը՝ Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է որպես Հայաստանի տարածք


-պետությունը պետք է Արցախը (Արցախ ասելով նկատի ունենք ոչ թե ԼՂԻՄ-ի տխրահռչակ տարածքը՝ 4 հազար քառ. կմ-ով, այլ իրական Արցախի տարածքը, որը կազմում է մոտ 15 հազար քառ. կմ) և Նախիջևանը հայտարարի Հայաստանի ժամանակավոր օտարված տարածքներ, բոլոր քարտեզներում այդ տարածքները պետք է նշվեն Հայաստանի կազմում


-Հայաստանը պետք է պահանջի Ադրբեջանից, որպեսզի վերջինս կատարի իր ադրբեջանական Հռչակագիրը և խաղաղ ճանապարհով վերադարձնի Հայաստանի օկուպացված տարածքները, եթե Ադրբեջանը հրաժարվի խաղաղ ճանապարհով վերադարձնել Նախիջևանն ու Արցախը, ապա Հայաստանն իրեն իրավունք է վերապահում այլ միջոցներով, այդ թվում՝ զինված ճանապարհով Նախիջևանն ու Արցախը վերամիավորել Հայաստանի հետ


-ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում սկսել Արցախի և Նախիջևանի վերամիավորումը Հայաստանին, ինչպես դա եղավ Լոռիի հետ


Հենց այդ ժամանակ էլ ճիշտ կլինի խոսել ազգային-ազատագրական պայքարի մասին։ Հենց այդ ժամանակ Ադրբեջանի Արևմտյան հովանավորները, Ռուսաստանը կզրկվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու իրավական հիմքից։

Opmerkingen


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page