Սովետական հայրենասիրությունը և գլոբալիստ Փաշինյանը
Փաշինյանի հայտարարությունները խորհրդային հայրենասիրության, միջազգային հանրության և մտածելակերպի փոփոխության մասին պատահական չէ: Ամերիկացի իմպերիալիստները լավ գիտեն, որ սոցիալիզմի գաղափարախոսությունը ցույց է տալիս բոլոր երկրների ժողովուրդներին կապիտալիստական ստրկությունից և ազգային ճնշումից ազատելու ուղին:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի ավելի քան 32 տարի, սակայն Խորհրդային Միությունը հանգիստ չի թողնում ոչ կապիտալիստ ազգայնականներին, ոչ էլ առավել ևս կապիտալիստ գլոբալիստներին:
32 տարի շարունակ շուկայական տնտեսության (կապիտալիզմի) կողմնակիցների կողմից անընդհատ քննադատություններ են հնչում սովետական պետության, պատմության, առաջնորդների, կարգի, տնտեսության և այլնի հասցեին: Այսպես, վերջերս հայատյաց Փաշինյանը, իր ելույթներից մեկում, հանդես եկավ հերթական հակասովետական քարոզչությամբ, -"Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց, և 1998 թվականի, 1999 թվականի, մասնավորապես հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Իսկ չէի՞նք կարող ավելի վաղ հասկանալ այս ամենն առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու: Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության, իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետև դեռևս կոմունիստական ժամանակներում ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել: Հենց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողության փոփոխություն, հայրենասիրական ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը":
Արցախի հարցով Փաշինյանը, ինչպես միշտ, փորձում է իր պատասխանատվությունը գցել ուրիշների վրա: Արցախի հարցը դավադրության և դավաճանության միջոցով Փաշինյանը լուծել է հօգուտ Ադրբեջանի: Նախ իր սադրիչ հայտարարություններով Փաշինյանը պատերազմ սանձազերծեց, արդյունքում Արցախի մի փոքր հատված հայտնվեց Ալիևի ձեռքում, երկրորդ՝ հայ ժողովրդից գաղտնի Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիրը, դրանով իսկ Փաշինյանն առանց կռվի հանձնեց Արցախի շուրջ գտնվող զգալի տարածքներ, անվտանգության գոտին և դե յուրե ընդունեց նաև, որ Հայաստանը օկուպանտ և ագրեսոր երկիր է, իսկ վերջում Փաշինյանը, առանց հանրաքվեի ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի տարածք:
Ինչ վերաբերում է սովետական հայրենասիրության թեմային, ապա լինելով սոցիալիստական հասարակության մեծ շարժիչ ուժերից մեկը, սովետական հայրենասիրությունը միևնույն ժամանակ հզոր հոգևոր գործիք էր կապիտալիստական գաղափարախոսության, ազգայնականության և դրա հակառակ կողմի՝ գլոբալիզմի դեմ պայքարում: Այդ իսկ պատճառով Փաշինյանը և կապիտալիստական երկրների մյուս ղեկավարները մշտապես հարձակվում են և սևացնում են Խորհրդային Միության հետ կապված ամեն ինչ: Փաշինյանը, որպես գլոբալիզմի գաղափարների ներկայացուցիչ շատ լավ հասկանում և ամեն կերպ վախենում է սոցիալիզմի գաղափարական ուժից, քանի որ կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է:
Սովետական հայրենասիրությունը առաջացել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակի արդյունքում: Այն ձևավորվել և զարգացել է սոցիալիզմի պայքարում: Խորհրդային հայրենասիրության բովանդակության մեջ գլխավորը սոցիալական գիտակցությունն է և ընդհանուր նպատակները, որոնց անունից համագործակցել և պայքարել են մարդիկ։ Այս գիտակցությունը պայմանավորված էր արտադրության միջոցների հասարակական սոցիալիստական սեփականության գերակայությամբ և շահագործող դասակարգերի ոչնչացմամբ։ Միայն սոցիալիզմի պայմաններում են աշխատավորները դառնում իրենց երկրի իրական տերը, իրենց պետության իրական տերը, միայն սոցիալիզմի պայմաններում նրանք կարող են ասել՝ «իմ հայրենիք», «իմ երկիր», «իմ պետություն»։
Ամերիկացի իմպերիալիստները լավ գիտեն, որ սոցիալիզմի գաղափարախոսությունը ցույց է տալիս բոլոր երկրների ժողովուրդներին կապիտալիստական ստրկությունից և ազգային ճնշումից ազատելու ուղին: Ուստի իմպերիալիստներն իրենց խամաճիկների միջոցով, ինչպիսին Փաշինյանն է, անում են ամեն ինչ, որպեսզի ամեն կերպ զրպարտեն խորհրդային համակարգը և ժողովրդից թաքցնեն սոցիալիզմի գերակայությունը կապիտալիզմի նկատմամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիստական երկրներում, հատկապես ԱՄՆ-ում և Անգլիայում, ծավալվեց գլոբալիզմի կատաղի քարոզչություն: Կապիտալիզմի գաղափարական պաշտպանների բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ սկսեցին քարոզել հայրենիքի հանդեպ սիրո ժխտումը, հայրենիքի նկատմամբ անտարբերությունը՝ իրենց ներկայացնելով որպես "աշխարհի քաղաքացիներ", "համաշխարհային կառավարության" կողմնակիցներ և այլն:
Այս առումով բնորոշ էր մի խումբ ամերիկացի գիտնականների ելույթը, ովքեր 1948-ին հայտարարությունով դիմում էին աշխարհի գիտնականներին: Այս հայտարարության մեջ նրանք հայտարարում էին, որ այն ստորագրած գիտնականները իրենց համարում են "աշխարհի քաղաքացիներ", և որ նրանց համար գոյություն ունի միայն մեկ համաշխարհային գիտություն: Այս "գիտնականները", ծառայելով ամերիկյան իմպերիալիզմին, կոչ էին անում ստեղծել "համաշխարհային կառավարություն" և համապատասխան զինված ուժեր, իհարկե ԱՄՆ հեգեմոնիայի ներքո, որոնք կարող էին ճնշել յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր դեմ դուրս գալ այս "համաշխարհային կառավարությանը" ։
Գլոբալիզմի գաղափարների քարոզչության ոլորտում պայքարում են ոչ միայն գիտնականները, հասարակական գործիչները, պատմաբանները, գրողները, փիլիսոփաները, տնտեսագետները, այլև հայտնի քաղաքական գործիչները: ԱՄՆ նախագահ Թրումենը հայտարարել է իր ելույթներից մեկում, -"Այսօր մեզ սպառնացող իրական վտանգը բացատրվում է հնացած մտածելակերպով... և այն փաստով, որ ազգային երևակայական շահերն առաջին պլան են մղվում ի վնաս համընդհանուր բարիքի":
Փաշինյանի հայտարարությունները խորհրդային հայրենասիրության, միջազգային հանրության և մտածելակերպի փոփոխության մասին պատահական չէ: Փաշինյանի քաղաքականությունը միտված է թուլացնել հայրենասիրական շարժումը, կաթվածահար անել հայ ժողովրդի պայքարը պետական ինքնուրույնության և հայկական պատմական տարածքների վերադարձի ձգտումները:
Comments