Քաղաք հերոս Ստալինգրադ
Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Փետրվարի 2-ին նշվում է Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը: Ստալինգրադի հաղթանակը արմատական փոփոխություն ստեղծեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Սևաստոպոլի և Օդեսայի հերոսական պաշտպանությունը, գերմանացիների պարտությունը Մոսկվայի մերձակայքում, համառ մարտեր Լենինգրադի մերձակայքում, պատմության մեջ ամենամեծ մարտը Ստալինգրադում, ամուր հիմք դրեցին գերմանական ֆաշիստական բանակների նկատմամբ տարած հաղթանակի համար: ԽՍՀՄ հաղթանակը Ստալինգրադում թույլ չտվեց ոչ Թուրքիան, ոչ Ճապոնիան, Գերմանիայի դաշնակիցներին, ռազմական գործողություններ սկսել Խորհրդային Միության դեմ։
1942-ի ամռանը, խորհրդային-գերմանական ճակատի հարավ-արեւմտյան ուղղությամբ ուժերի մեծ առավելություն ստեղծելով, հիտլերականները զգալի մարտավարական հաջողությունների էին հասել' դուրս գալով Վորոնեժի, Ստալինգրադի եւ Նովոռոսիյսկի շրջան: Հիտլերը նախկինի պես իր գլխավոր նպատակն էր համարում Մոսկվայի գրավումը։ Այս անգամ նա մտադիր էր Մոսկվային շրջանցել արևելքից՝ կտրելով այն Վոլժսկի և Ուրալյան թիկնակից։ Հիտլերի նոր ծրագրերում հատուկ դեր էր հատկացվում Ստալինգրադի գրավմանը, որը հսկայական ռազմավարական նշանակություն ուներ։ Գտնվելով կարեւորագույն ջրային եւ երկաթուղային ուղիների խաչմերուկում՝ Ստալինգրադը երկրի կենտրոնները կապում էր Կովկասի եւ Անդրկովկասի, Աստրախանի եւ Բաքվի, ԽՍՀՄ արեւելյան շրջանների հետ: Ստալինգրադը նաեւ խորհրդային բանակը տանկերով եւ այլ զենքով մատակարարող կարեւորագույն զինանոցն էր։
Ստալինգրադի դեմ հիտլերյան հրամանատարությունը նետեց 6-րդ բանակը ֆելդմարշալ ֆոն Պաուլյուսի հրամանատարության ներքո, ինչպես նաև Իտալիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Խորվաթիայի բանակները: Հազարավոր ինքնաթիռներ ամեն օր նրան նետում էին ֆուգասային եւ հրկիզող ռումբեր: Ստալինգրադը համառորեն և խիզախորեն դիմադրում էր թշնամու կատաղած հարձակումներին։ Ստալինգրադի տրակտորի գործարանի եւ այլ ձեռնարկությունների բանվորները շարունակել են աշխատանքը հակառակորդի կրակի տակ եւ քաղաքի պաշտպաններին տանկեր ու զինամթերք են մատակարարել: Մեկ ամիս կատաղի մարտերից հետո գերմանացիներին հաջողվել է որոշ տեղերում դուրս գալ Վոլգա գետի վրա։ Քաղաքը բաժանված էր մասերի, բայց նա չի հանձնվել։ Գեներալ Չույկովի 62-րդ բանակը, որը պաշտպանում էր Ստալինգրադը, պայքարում էր ամեն փողոցի, ամեն տունի համար։
Ստալինգրադի պաշտպանության պատմությունը լի է խորհրդային զինվորների խիզախության եւ հերոսության բազմաթիվ օրինակներով: Ստալինգրադին օգնության է հասել ամբողջ երկիրը։ Բոլորը հասկանում էին, որ Ստալինգրադի պայքարի ելքից է կախված հայրենիքի ճակատագիրը: Դա հատկապես զգացվում էր Հայաստանում և Անդրկովկասում։ Կովկասի եւ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Ստալինգրադի ճակատամարտի դաշտում: Պարտության դեպքում Թուրքիան անհապաղ կհարձակվեր Խորհրդային Միության վրա, ֆաշիստական Գերմանիայի կողմում, և այդ ժամանակ կիրականանային հայ ժողովրդի լիակատար ոչնչացման պլանները: 1942 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին, հրետանային հզոր պատրաստությունից հետո, երեք ճակատների զորքերը ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը և անցան հարձակման։ Ջախջախելով թշնամու թեւերը՝ խորհրդային բանակը շրջապատել է գերմանական բանակի զորամասեր եւ ձեռնամուխ եղել շրջափակված խմբավորման ոչնչացմանը։ Դեկտեմբերի ընթացքում ոչնչացվել են իտալական, ռումինական և որոշ գերմանական բանակի զորամասեր։ Կարմիր բանակը հետ է մղել Մանշտեյնի տանկային դիվիզիաների փորձերը՝ միջանցք բացել դեպի Պաուլյուս։ Հունվարի 31-ին ոչնչացվել է ֆաշիստների Հարավային խմբավորումը, գերի է վերցվել ֆելդմարշալ Պաուլյուսը՝ 24 գեներալների հետ։ Փետրվարի 2-ին կապիտուլացվել է գերմանացիների Հյուսիսային խմբավորումը։ Գերմանական դիվիզիաների կապիտուլյացիան ազգային սգո օր էր Գերմանիայի համար եւ ուժեղ հարված ֆաշիստների համար։
Ստալինգրադի ճակատամարտը, չունի իր հավասարը ամբողջ համաշխարհային ռազմական պատմության մեջ: Պատերազմի պատմության մեջ առաջին անգամ շրջափակվել և ոչնչացվել է թշնամու նման հսկայական բանակ։ Ստալինգրադի հաղթանակից հետո ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ը չի պարտվի նացիստական Գերմանիային, ընդհակառակը, նացիստական Գերմանիան պարտություն կկրի: "Ստալինգրադ" բառը դարձավ հաղթանակի հոմանիշը։
Ցավոք, ներկայումս Հայաստանում գերիշխող հասարակական քաղաքական տրամադրությունը անտեսում է Ստալինգրադի ճակատամարտի նշանակությունը: Հայաստանում պետական մակարդակով քարոզվում է հակասովետիզմի, հակակոմունիզմի և հակաստալինիզմի գաղափարախոսությունը։ Ինչն ինքնին վնասակար երեւույթ է, որը ազդում է երիտասարդ սերնդի աշխարհայացքի վրա: Հայաստանում պետք է լինեն Ստալինգրադի եւ Ստալինի հաղթանակի պատվին փողոցներ, հրապարակներ եւ հուշարձաններ: Եթե չլիներ Ստալինի հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում, Հայաստանի Հանրապետությունն ու հայերը չէին լինի։ Հիտլերի նպատակը ժողովուրդների ցեղասպանությունն էր:
Եվրոպական երկրում ինչպիսին Ֆրանսիան է, միանգամայն բնական է եւ նորմալ է Ստալինգրադի պատվին փողոցներ ունենալը, մետրոյի կայարան եւ այլն, սակայն Հայաստանում Ստալինի անունը տաբուի է վերածվել: Ինչպես ասում էր մեծ ռուս պատմաբան Վ. Կլյուչեւսկին, -"Պատմությունը ոչինչ չի սովորեցնում, այլ միայն պատժում է դասերը չիմանալու համար":
Comments