Տարածքների փոխանակման ծրագրերի պատմությունից կամ Մեղրի կաթիլը բոռերի համար
Այս հոդվածը հրատարակվել է 2001 թվականի օգոստոսի 28-ին «ՎԱՍՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ» շաբաթաթերթում, որը Հայկական ժողովրդային շարժման հրատարակչությունն էր։ Լույս է տեսել 2001-2004 թվականներին Երևանում։
«ՎԱՍՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ» շաբաթաթերթ, 28.08.2001
Արցախահայության ազատագրական պայքարը և դրա շուրջ ծավալված իրադարձությունները տարիներ ի վեր իրենց վրա են բևեռել մի շարք երկրների ուշադրությունը: Տարածաշրջանային գործերին միջամտելու և հակամարտության լուծման իրենց դեղատոմսերն առաջարկելու փորձեր են
կատարում ԱՄՆ-ը, Թուրքիան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ, Ռուսաստանը: Դրանց մեջ հայտնի է տարածքների փոխանակման Գոբլի ծրագիրը, որի մասին մեզանում շատ է խոսվել:
Նրա ծրագրային դրույթները 2001թ. մայիսին կրկնեց Քերի Քավանոն. «ԼՂՄ-ն կունենա ինքնակառավարման բարձր աստիճան, բայց ձևականորեն կմնա Ադրբեջանի կազմում: Հայկական ուժերը դուրս կբերվեն ադրբեջանական զավթած տարածքներից: Հայաստանին ԼՂՄ-ի հետ կապվելու միջանցք կտրվի: Փոխարենն Ադրբեջանը միջանցքով կկապվի Նախիջևանին»:
Մեր ընթերցողներին ուզում ենք ծանոթացնել հակամարտության լուծման երկու այլ տարբերակների ևս, որոնք, ճիշտ է, մասամբ կրկնում են Գոբլի ծրագիրը, սակայն հեղինակային իմաստով մնում են խիստ հետաքրքրական:
1992 թ. Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալի Տենչերը Թուրքիայի ընկերվարական կուսակցության անունից հրապարակեց Ղարաբաղյան հարցի լուծման հետևյալ ծրագիրը: Ղարաբաղի մեծ մասը տրվում է Ադրբեջանին, Հայաստանը պետք է Զանգեզուրը հանձնի Ադրբեջանին, որպեսզի կապ ստեղծվի Նախիջևանի հետ: Հայաստանին պետք է տրվի Լեռնային Ղարաբաղի մի հատվածը: Հայաստանին պետք է տրվի Լաչինի հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի իր բաժնի հետ կապ ունենալու համար: Ալի Տենչերը միաժամանակ հարկ համարեց հայտարարել. «Այսպիսով, Նախիջևանից սկսած՝ Թուրքիան Կովկասի և Կենտրոնական Ասիայի թուրք աշխարհից բաժանվելու խոչընդոտ այլևս չի ունենա»:
Զարմանալի չէ, որ թուրք խորհրդարանականն այսպես բացահայտորեն է խոսում «Հայաստան- Ադրբեջան հակամարտության» լուծման խնդրում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին:
Զարմանալին այն է, որ «Հայաստան-Ադրբեջան հակամարտության» լուծման և տարածքների փոխանակման նմանատիպ մեկ այլ ծրագիր է առաջ քաշել ու պաշտպանել մարդու իրավունքների պաշտպան Անդրեյ Սախարովի մերձավոր զինակից Գալինա Ստարովոյտովան: Կովկասում ազգամիջյան փոխհարաբերությունների «գիտակ», ազգագրագետ Ստարովոյտովան, հանդես գալով Ղարաբաղի խնդրի փորձագիտական խմբի անունից, Լատվիայի ժողովրդական ճակատի «Ատմոդա» թերթում 1989 թ. հուլիսի 12- ին հրապարակեց հակամարտության լուծման հետևյալ ծրագիրը. «ԼՂԻՄ-ի 5 շրջաններից 4-ը, ինչպես նաև Շահումյանի, Խանլարի և մյուս շրջանների մի մասը, Լաչինի քրդական գյուղերի զգալի մասը պետք է միացվեն Հայաստանին, իսկ ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանը, Հայաստանի Վարդենիսի, Կրասնոսելսկի շրջանների զգալի մասը՝ Սևանի ափով, և Մեղրիի շրջանը տալ Ադրբեջանին»:
Եթե համեմատենք տարածքների փոխանակման երկու ծրագրերը, ակնհայտ կդառնա դրանց հոգեհարազատությունը: Երկուսն էլ (մենք կասեինք՝ երեքն էլ- խմբ.) անտեսում են հայության՝ անարդարացիորեն բաժանված երկու հատվածների վերամիավորման պատմական, իրավական և միանգամայն օրինական խնդիրը: Ավելին՝ ստացվում է, որ ամերիկյան հանրապետականը, Թուրքիայի ընկերվարականը և նույնիսկ ռուսաստանյան ժողովրդավարը հակամարտության լուծման միանման ծրագրեր են առաջարկում: Ահա սա է, որ լրջորեն խորհելու առիթ է տալիս, սա է մտահոգիչը...
Ինչևէ, ժամանակին Ստարովոյտովայի խմբի այդ առաջարկությունը խնամքով թաքցվեց հանրության ուշադրությունից: Իսկ վերջերս Երևանի դպրոցներից մեկը կոչվեց Գալինա Ստարովոյտովայի անունով: Մեր ժողովուրդը լավ ավանդույթ ունի. իր արդար գործը պաշտպանող շատ օտարերկրացիների գործունեությունը գնահատում է հարգանքով ու պատշաճորեն, նրանց հիշատակը հավերժացնում անվանակոչությամբ, հուշարձանների տեղադրմամբ, նրանց աշխատությունների ու գրքերի հայերեն թարգմանությամբ և այլն:
Սակայն տարածքների փոխանակման այսօրինակ ծրագրի հեղինակներից մեկին՝ Ստարովոյտովային վերոհիշյալ գործիչներին հավասարեցնելը, նրան հայ ժողովրդի անկեղծ բարեկամների աստղաբույլում դասելը, մեղմ ասած, ճիշտ չէ:
Commentaires