Ո՞ւր է ելքը
Կիսագաղութային Հայաստանում, կապիտալիստների իշխող դասը նետել է ժողովրդավարական ազատությունների դրոշը, ազգային անկախության և ազգային ինքնիշխանության դրոշը:
Հայաստանի կապիտալիստական իշխանությունները՝ հայատյաց Փաշինյանի գլխավորությամբ, իրականացնելով հակահայկական դավադիր ծրագիրը, հրաժարվեցին Արցախից, Հայաստանի ազգային շահերից, տարածքներից և հայ-ռուսական բարեկամությունից: Բնականաբար, այս ամենը հանգեցրել է երկրի անվտանգության վիճակի վատթարացմանը և առաջացրել է հասարակության և ադեկվատ քաղաքական ուժերի մոտ բնական արձագանք, այս ծանր վիճակից ելք առաջարկելու հարցում:
Բոլոր դեպքերում, ճիշտ ելք առաջարկելու համար պետք է հասկանալ երկու կարևոր պայմաններ , թե որտեղ է այժմ գտնվում Հայաստանը և ով է նրան այնտեղ տարել: Քանի որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանի հետ, դա 90-ականների քաղաքական ուղղության արդյունքն է:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ասիայի և Եվրոպայի շատ երկրներ դուրս եկան կապիտալիստական համակարգից և Խորհրդային Միության հետ միասին կազմեցին միասնական և հզոր սոցիալիստական ճամբար, որը հակադրվում էր կապիտալիզմի ճամբարին: Ձևավորվեց երկբևեռ նոր աշխարհակարգ՝ սոցիալիստական՝ ԽՍՀՄ-ի գլխավորությամբ և կապիտալիստական՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի և ազգային-ազատագրական շարժումների արդյունքում էական փոփոխություններ տեղի ունեցան աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ի հայտ եկան նոր պետություններ։
Կապիտալիստական ճամբարը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, լավ հասկանում էր ստեղծված երկբեւեռ աշխարհակարգի ողջ լրջությունը։ Խորհրդային Միության այս բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական, տնտեսական, գաղափարական հաղթանակները, ինչպես նաև ԱՄՆ-ի իշխող ուժերի մոտ համաշխարհային տիրապետության գաղափարի առկայությունը Վաշինգտոնին դրդեցին սկսել սառը պատերազմ և միաժամանակ ստեղծել պայքարի նոր միջոցներ:
ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության նոր հենասյուներից դարձան Բրետտոն Վուդսի դրամական հարաբերությունների և առևտրային հաշվարկների միջազգային համակարգը, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը (ՀԲ), Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ ), Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), Մարշալի պլանը, Թրումանի դոկտրինը եւ այլն եւ այլն: Այսպիսով, իր ֆինանսական և ռազմական հզորության շնորհիվ ԱՄՆ-ն կապիտալիստական ճամբարում ստեղծեց իր աշխարհակարգի համակարգը, որտեղ գլխավոր ղեկավարը դարձավ ԱՄՆ-ը:
Ընդ որում, ամերիկացիներին հաջողվել է ստեղծել այնպիսի համակարգ, որ կապիտալիստական տնտեսության առկայությունն այս կամ այն երկրում արդեն իսկ ենթադրում է ստրկացում ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ն իր գլոբալիստական քաղաքականությունն շատ առումներով իրականացնում է ոչ թե բաց տեսքով, այլ թաքնված, փակ տեսքով, թաքցնելով ԱՄՆ-ի իրական դերը և անունը, ստեղծված բազմաթիվ ֆինանսական ինստիտուտների, հիմնադրամների, մասնավոր ընկերությունների, կազմակերպությունների միջոցով: ԱՄՆ-ը չի գովազդում իր անունը, որպեսզի ավելորդ անգամ հարվածի տակ չընկնի, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) թղթերով ինքնուրույն ինստիտուտ է, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կառույց է, աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունն է։ Սակայն թղթերով մի բան է գրվում, իսկ իրականում ինչպես ԱՄՀ-ում, այնպես էլ ՄԱԿ-ում ամեն ինչ ղեկավարում է ԱՄՆ-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական մետրոպոլիաների համաձայնությամբ գաղութային շատ երկրներ հայտարարեցին իրենց անկախությունը: Գաղութային կոչվում էին այն երկրները, որոնք զուրկ էին պետական անկախությունից և կազմում էին մետրոպոլիայի պետությունների տարածությունը: Սակայն այդ անկախությունները շատ երկրների համար կեղծ դարձան, քանի որ, շատերն ընտրել էին կապիտալիստական ուղին և ըստ Բրետտոն Վուդսի համակարգի՝ այդ բոլոր երկրները անցան ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Համապատասխանաբար անկախության մասին խոսել նման պայմաններում նշանակում է խաբել ժողովրդին: Այդպիսով շատ գաղութային երկրներ վերածվեցին կիսագաղութային կարգավիճակի։ Կիսագաղութ երկրներ, կապիտալիստական տնտեսական համակարգով, կոչվում են այն երկրները, որոնք պաշտոնապես անկախ են, բայց իրականում գտնվում են ԱՄՆ-ից քաղաքական և տնտեսական կախվածության մեջ:
ԱՄՆ-ն ստեղծել է ծուռ հայելիների զուգահեռ աշխարհ, որտեղ սպիտակը դառնում է սև, իսկ սևը՝ սպիտակ՝ ըստ ԱՄՆ շահերի: ԱՄՆ-ը ստեղծեց իր այսպես կոչված "միջազգային հանրությունը", որը բաղկացած է կիսագաղութային երկրներից, որոնք ծառայում էին ԱՄՆ-ին: Օրինակ՝ ժամանակին հիմնավորելով Աֆղանստանի օկուպացիան՝ ԱՄՆ իշխանությունները հղում էին անում այսպես կոչված "միջազգային հանրության" համաձայնությանը։
Կարևոր է նաև նշել, որ 1997թ. Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը իր հոդվածում գրում է, որ վտանգավոր մոլորություն է կարծել, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է։ Իրականում Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է։ Իսկ 2022 թվականին հայատյաց Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց. "այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք ձեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ":
Միանգամայն ակնհայտ է, որ "միջազգային հանրության" անվան տակ թե Տեր-Պետրոսյանն, թե Փաշինյանը նկատի ունեն կապիտալիստական համակարգ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը 30 տարի շարունակ ինտեգրվում և վարկեր էր վերցնում Արցախի իրական հակառակորդից:
Գլոբալիստական ստրկացման քաղաքականության իրականացման գործում ԱՄՆ-ի հենարանն են լիբերալ կուսակցությունները, ապազգային ուժերը, տեղի օլիգարխիան, որոնք սերտաճել են Արեւմուտքի կապիտալին:
Կիսագաղութային Հայաստանում, կապիտալիստների իշխող դասը նետել է ժողովրդավարական ազատությունների դրոշը, ազգային անկախության և ազգային ինքնիշխանության դրոշը: Հայաստանում իշխանությունը ու բոլոր իրավունքները գտնվում են կապիտալիստական փոքրամասնության դասի ձեռքում, որն այդ ամենն օգտագործում է ժողովրդական մեծամասնության դեմ: Իշխող փոքրամասնության կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների բազմաթիվ խախտումները վերածվել են սովորական գործի։ Առկա են երկակի ստանդարտները, որտեղ այն ամենը, ինչ կարելի է իշխող փոքրամասնությանը, չի կարելի ենթարկվող ժողովրդի մեծամասնությանը։ Այսպիսով, կապիտալիստական տիրապետության հակաժողովրդական բնույթը ավելի ու ավելի է տեսանելի դառնում:
Իմաստուն պետական գործիչներից մեկը, ով ոչ միայն տեսավ տեղի ունեցող գործընթացների վտանգները, այլև տվեց պատասխան, թե ինչ ճանապարհով կարելի է ելք գտնել կիսագաղութային ստրկությունից դա Ստալինն էր։
1952 թվականին Կոմունիստական կուսակցության XIX համագումարում ելույթ ունենալով՝ Ստալինը նշեց.- "Նախկինում բուրժուազիան համարվում էր ազգի ղեկավարը, նա պաշտպանում էր ազգի իրավունքներն ու անկախությունը՝ դրանք ամեն ինչից վեր դասելով: Հիմա ազգային սկզբունքից հետք էլ չի մնացել։ Այժմ բուրժուազիան իրավունքներն ու անկախությունը վաճառում է դոլարով։ Ազգային անկախության և ազգային ինքնիշխանության դրոշը դուրս է նետվաց: Կասկած չկա, որ դուք՝ կոմունիստական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, ստիպված կլինեք բարձրացնել այս դրոշը և առաջ տանել այն, եթե ցանկանում եք լինել ձեր երկրի հայրենասերները, եթե ցանկանում եք դառնալ ազգի առաջնորդող ուժը: Այդ դրոշն այլևս ոչ ոք չի կարող բարձրացնել"։
Այսքան տարի անց ստալինյան մտքերը առավել քան երբևէ շարունակում են արդիական մնալ: Ստալինի մտքերը հաստատվում են պատմական փորձով: Երկրները կարող են իրապես անկախ դառնալ միայն այն դեպքում, եթե դուրս գան կապիտալիստական համակարգից եւ անցնեն զարգացման սոցիալիստական ուղու: Լիբերալ ազգայնական, լիբերալ գլոբալիստական կուսակցությունները, լինելով կապիտալիզմի կողմնակիցներ, չեն կարող իրենց երկրներին անկախություն և ինքնիշխանություն տալ:
Ստալինի մահից հետո Խորհրդային Միությունում պատմական իրադարձությունների հետագա ընթացքը հանգեցրեց Խրուշչովի կառավարման դարաշրջանին, որը հայտնի է որպես Խրուշչովյան "ժեխի" ժամանակ: Հենց Խրուշչովյան "ժեխի" ժամանակաշրջանում դրվեցին ռևիզիոնիզմի, Ստալինի զրպարտությունները, Խորհրդային Միության ոչնչացման և մահվան հիմնական հիմքերը հանցավոր գորբաչովյան պերեստրոյկայի դարաշրջանում։ Խորհրդային Միությունում, Գորբաչովի կառավարման շրջանում իրականացվող ռեֆորմները երկիրը կանգնեցրին տնտեսական և քաղաքական ճգնաժամի: Գորբաչովի վարած քաղաքականության հիմնական իմաստը կարելի է արտահայտել հետևյալ բանաձևով՝ Արևմուտքի հետ առճակատումը փոխարինել համագործակցությամբ, այնուհետև՝ նրա հետ ինտեգրմամբ:
Այս ամբողջ Գորբաչովյան քաղաքականությունը հանգեցրեց Սովետական Միության ոչնչացմանը, և նախկին սովետական հանրապետությունները վերցրեցին և շարունակեցին Գորբաչովի ուղին - կապիտալիստական պետություններ կառուցել՝ "համաեվրոպական տնով", "համամարդկային արժեքներով", "շուկայական տնտեսությունով" և այլն: Մի խոսքով, Խորհրդային Միության նախկին հանրապետություններն ինտեգրվեցին ամերիկացիների ստեղծած կապիտալիստական համակարգին, այսինքն՝ դարձան Արևմուտքի կիսագաղութները: Որոշ երկրներում իշխող լիբերալ ուժերը նույնիսկ հպարտանում էին, որ դառնում են ԱՄՆ-ի կիսագաղութները: Այսպես նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակավ, բազմիցս ընդգծել է իր քաղաքական ուղղությունը, որ ցանկանում է Հայաստանը դարձնել Ֆրանսիայի, Իսպանիայի և Բելգիայի նման երկիր:
90-ականների սկզբին Հայաստանում ձևավորվեց կապիտալիստական իշխանություն, ինչպես գլոբալիստների, այնպես էլ ազգայնականների ներկայացուցիչներից, նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Այսպես համատեղ աշխատանքը շարունակվեց մինչև 1998թ. պետական հեղաշրջումը, երբ երկու իշխանական ճամբարների միջև տարաձայնությունները վերջիվերջո հանգեցրին իշխանության բաժանմանը, գլոբալիստները՝ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իշխանությունը զիջեցին ազգայնականներին՝ նոր նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ։ Այսպիսով, տեղի ունեցավ բաժանում Հայաստանի գլոբալիստների և ազգայնականների միջև։ Ազգայնական ուժերի ներկայացուցիչների 20-ամյա կառավարումից հետո՝ 2018 թվականին տեղի ունեցավ հերթական պետական հեղաշրջումը, և իշխանությունը ազգայնականների ձեռքից՝ նախագահ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, անցավ գլոբալիստների ներկայացուցչի ձեռքը՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Ժամանակակից գլոբալիզմը ամերիկյան իմպերիալիզմի գաղափարական զենքն է, որը ձգտում է նվաճել համաշխարհային գերիշխանությունը: Հայաստանի գլոբալիստների և ազգայնականների քաղաքական-գաղափարական ընդհանուր հենքն ու միավորող սկզբունքը Արևմուտքի հետ ինտեգրումն է և կապիտալիստական ուղին: Երկու ճամբարներն էլ աջակցում են կապիտալիզմի միաբևեռ աշխարհին, աջակցում են ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության ձգտումներին։ Դրա դիմաց Հայաստանի կապիտալիստների իշխող դասը ստանում է Արևմուտքի աջակցությունն ու վարկերը։ Հենց դրա մասին էր խոսում Ստալինը՝ նշելով, թե ինչպես է բուրժուազիան վաճառում երկրի անկախությունը դոլարով։
Հայաստանի ազգայնականները ֆաշիստական կորպորատիվիզմի գաղափարներ են քարոզում: Միասնություն՝ հիմնված ազգ հասկացության վրա, որտեղ բոլորը միասին մեկ աշխատանք են կատարում, "յուրաքանչյուրն իր տեղում կատարում է ընդհանուր աշխատանք": Այդ մասին նույնիսկ ՀՀԿ-ի կայքում է տեղադրված Սերժ Սարգսյանի մեջբերումը, -"Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար՝ բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում՝ նույն կառույցի մասերն ենք, ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են":
Ազգայնականների տեսլականը Հայաստանի ինտեգրումն է Արեւմուտքի հետ, առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, կիսագաղութային կյանքը ՝ Արևմուտքի պայմաններով ու չափանիշներով։
Հայաստանի գլոբալիստները քարոզում են անտարբերություն իրենց հայրենիքի, իրենց ժողովրդի, իրենց մշակույթի նկատմամբ։ Նրանք գովաբանում են մարդու անտարբերությունն իր ազգության, նրա ներկայի և ապագայի նկատմամբ, քարոզում են մերժում ազգային արժանապատվության և ազգային հպարտության զգացումից: Գլոբալիստները ունեն ճիշտ նույն տեսլականը, ինչ ազգայնականները ինտեգրում Արևմուտքի հետ, կիսագաղութային կյանքը՝ Արևմուտքի պայմաններով ու չափանիշներով։ Այս նմանության պատճառով ժամանակ առ ժամանակ որոշ գլոբալիստներ հեշտությամբ տեղափոխվում են ազգայնականների ճամբար, իսկ որոշ ազգայնականներ տեղափոխվում են գլոբալիստների ճամբար:
Հայաստանի գլոբալիստների և ազգայնականների միջև տարաձայնությունների հիմնական հարցը Արցախի կարգավորման հարցն էր։ Ազգայնականներն առաջարկում էին բանակցությունների միջոցով, համոզելով, ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ, որպեսզի Արևմուտքը թույլ տա Արցախի դե յուրե վերամիավորումը Հայաստանին։ Գլոբալիստները, ընդհակառակը, առաջարկում էին հրաժարվել հայրենիքի դե ֆակտո հատվածից՝ Արցախից , կատարել թուրքական կողմի բոլոր պահանջները, հրաժարվել ցեղասպանությունից, Զանեգեզուրից եւ այլն: Ի վերջո, Արևմուտքի վարկերի դիմաց Փաշինյանը՝ Հայաստանի իշխող կապիտալիստական դասը, հրաժարվեցին Արցախից։ Եվս մեկ վառ օրինակ, թե ինչպես են կապիտալիստները դոլարով վաճառում Հայրենիքը։
Հայաստանի գլոբալիստներին, միանգամայն ձեռնտու է Արևմուտքի կիսագաղութ լինելը, Արևմուտքի հրահանգները կատարելը և Արևմուտքի վարկերի հաշվին ապրելը։ Նրանք ժողովրդին քարոզում են Հայաստանի կիսագաղութային վիճակը՝ որպես իրապես անկախ և ինքնիշխան, և դա նշանակում է, որ Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ կասի Արևմուտքը։ Ասացին՝ Արցախը հանձնենք, հանձնեցին, կասեն՝ Զանգեզուրը հանձնենք, խնդիր չկա, կհանձնեն։ Ինչպես ասում են, ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում:
Հայաստանի ազգայնականները, առաջարկում են դուրս չգալով Արևմուտքի կապիտալիստական համակարգից, այսպես ասած, շարունակելով լինել Արևմուտքի կիսագաղութը, շարունակելով ստանալ Արևմուտքի վարկերը և միևնույն ժամանակ որոշ հարցերում չկատարել Արևմուտքի հրամանները: Սակայն 30 տարվա պատմական փորձը ցույց է տվել, որ դա անհնար է, եւ դա չի կարող ելք լինել ստեղծված իրավիճակից: Հայաստանը չի կարող վերցնել Արևմուտքի վարկերը և չկատարել Արևմուտքի հրամանները: Հայաստանի ազգայնականները հույս ունեն, որ մի օր Հայաստանի եւ Արեւմուտքի շահերը կհամընկնեն, եւ այդ ժամանակ Հայաստանը կդառնա Ալբանիա, իսկ Արցախը՝ Կոսովո: Այնուամենայնիվ, պատմությունն այլ բան է ցույց տալիս, Հայաստանի և Արևմուտքի շահերը միշտ էլ հակադիր են եղել: Այդ իսկ պատճառով հենց Հայաստանը դառնում է Արևմուտքի մանրադրամը, ապա միշտ տեղի են ունենում նոր տարածքային կորուստներ և ցեղասպանություններ:
Հայաստանի քաղաքական կուսակցությունները, որոնք գնում են կապիտալիզմի դրոշի ներքո, ի վիճակի չեն ելք առաջարկել երկրի ստեղծված ճգնաժամային մահամերձ վիճակից։ Միակ ելքը կապիտալիստական համակարգից դուրս գալն է, դադարեցնել Արևմուտքի կիսագաղութ լինելը։ Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է:
Միայն սոցիալիզմի պարագայում է հնարավոր պահպանել հայոց պետականությունն ու դադարեցնել ցեղասպանական արտագաղթը:
Կապիտալիզմի պայմաններում, երբ Հայաստանի տնտեսությունը վերահսկում է Արևմուտքը, հնարավոր չէ ունենալ մարտական բանակ: Միայն սոցիալիզմի դեպքում է հնարավոր ունենալ մարտական բանակ, դաշնակիցներ, տնտեսություն, որտեղ մարդիկ կաշխատեն իրենց համար,այլ ոչ թե օլիգարխի, ով շահույթը տանում է Արևմուտք։Միայն սոցիալիզմի դեպքում է հնարավոր Արցախի, Նախիջևանի վերամիավորումը Հայաստանի հետ: Միայն սոցիալիզմի դեպքում Հայաստանին կհաջողվի ազատվել "փաշինյանների" նման, հակահայկական արևմտյան խամաճիկներից եւ դուրս գալ կապիտալիզմի փոսից։
Comments