Վաշինգտոնը պատերազմի մեջ է ամբողջ աշխարհի հետ
ԱՄՆ-ն աշխարհի բոլոր մասերում կազմակերպում է դավադրություններ, պետական հեղաշրջումներ, տարածում է վարկային պարտքի ստրկությունը, ահաբեկչական հարձակումներ, դրդում է պատերազմներ, քանի որ միայն այդ կերպ կարող է ստրկացնել այլ երկրներ ու ժողովուրդներ:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հանդես է եկել հայտարարությամբ, որ 2015 թվականից ի վեր Վենեսուելայի կորուստները, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել նրա դեմ, հասել են արդեն 232 մլրդ դոլարի: Ըստ Դ.Ռոդրիգեսի, պատժամիջոցները հանգեցրել են առաջին հերթին նավթի արդյունահանման անկմանը:
Բացի այդ, տիկին Ռոդրիգեսը, ելույթ ունենալով "Ազգային միասնություն՝ պատժամիջոցների պայմաններում տնտեսության վերականգնման" սեմինարում, կարևոր հայտարարություններ է արել: Մասնավորապես, նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 20 հազար պատժամիջոցներ է սահմանել 35 երկրների նկատմամբ, ինչպես նաև Արևմտյան երկրները Վենեսուելայի դեմ սահմանել են 929 պատժամիջոցներ: Նա համոզված է, որ Վաշինգտոնը "պատերազմի մեջ է՝ տնտեսական կամ զինված, ամբողջ աշխարհի հետ"։
Ժամանակին ռազմական մտքի դասական Կառլ ֆոն Կլաուզևիցը իր "Պատերազմի մասին" աշխատության մեջ դիպուկ նշել է , որ "պատերազմը- քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով"։ ԱՄՆ-ն աշխարհի բոլոր մասերում կազմակերպում է դավադրություններ, պետական հեղաշրջումներ, տարածում է վարկային պարտքի ստրկությունը, ահաբեկչական հարձակումներ, դրդում է պատերազմներ, քանի որ միայն այդ կերպ կարող է ստրկացնել այլ երկրներ ու ժողովուրդներ: Արևմուտքն իր քաղաքականությամբ, ԱՄՆ-ի գլխավորությամբ, արդեն իրենց ենթարկել են աշխարհի շատ երկրներ, իսկ այժմ պատրաստվում են հասնել նրան, որ իրենց ենթարկեցնեն Վենեսուելան, Կուբան, Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Սիրիան և այլն։
Այս առումով, տեղին կլինի հիշել Արցախի մասին։ Հայաստանի իշխող ուժերը ՝ Փաշինյանի գլխավորությամբ, չեն ճանաչել Արցախի անկախությունն ու Արցախի հետագա միացումը Հայաստանին, որովհետև Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, դեմ է այդ սցենարին։ Եթե Փաշինյանը կատարեր հայ ժողովրդի կամքը, ճանաչեր ԼՂՀ անկախությունը, ապա Հայաստանը կենթարկվեր ճիշտ նույն պատժամիջոցներին և ռազմատնտեսական ճնշումներին, ինչն արվում է Ռուսաստանի, Իրանի, Վենեսուելայի և այլ երկրների հետ, ովքեր չեն ցանկանում լինել Արևմուտքի ստրուկներն ու գաղութները: Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, նախընտրում են վարկեր ստանալ Արևմուտքից և ծառայել Արևմուտքի շահերին՝ ուղիղ ու փոխաբերական իմաստով թքած ունենալով հայ ժողովրդի վրա։ Հենց դրանով են տարբերվում Հայաստանի ոչ նորմալ իշխանությունները նորմալ երկրների նորմալ իշխանություններից:
Comments