top of page

Ոչ ևս է ընկեր Նորիկ Խաչիկի Պետրոսյանը

1982-1995թթ. եղել է «Խորհրդային Հայաստան», ապա «Հայաստան» թերթի բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, 1995-1999թթ.՝ «Հայաստանի կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր։

Ի հիշատակ մեր լավ ընկերոջ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջին և երկրորդ գումարումների Հայաստանի Կոմոկուսի խմբակցության պատգամավոր, մտավորական՝ ընկեր Նորիկ Խաչիկի Պետրոսյանի, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նրա "Ապրում ենք՝ ստորանալով և ստորացնելով․․․" հոդվածը։


Ապրում ենք՝ ստորանալով և ստորացնելով․․․


Մարդկանց հավասարության գաղափարախոսության ճանապարհին, այո, կանաչ լույս չվառվեց, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ գաղափարախոսությունն ավելի դժբախտ է, քան նրանք, ովքեր պախարակեցին ու հեղինակազրկեցին այն։


Ձեզ եմ դիմում, թշվառներ ու աղքատներ․ երեկ դուք տնից դուրս էիք գալիս և տուն էիք մտնում արժանապատիվ կեցվածքով, դուք մեծարվում էիք որպես մարդ, քաղաքացի, անձնավորություն, դուք անհրաժեշտ էիք հասարակությանը, ձեր բարեկամին ու հարևանին և, վերջապես, ամենակարևորը՝ հայրենիքին։ Դուք ձեզ ուժեղ ու հզոր էիք զգում, որովհետև ձեզ հետ էր և՛ ուժեղ, և՛ հզոր հասարակությունը։ Այո, դուք երբեմն անհանգստացած էիք, երբ ձեզ սաստում էին չարաճճիությունների, զանցանքների, անբնական վարքագծի, մեղանչումների համար, այո, երբեմն ալեկոծվում էր ձեր հոգին, երբ հասարակության անդամի պարտականությունները զոհաբերվում էին անձնական շահերին ու հանցավոր շահասիրությանը, երբ հասարակական հոգսերի հորիզոնը շրջանակվում էր տան պատուհանով, բայց և հպարտ էիք, երբ հայտնի ու անհայտ ուժերը, պետությունն ինքը կալանում էին ձեր ընտանեկան անդորրը խախտողներին, ձեր մարդկային ու քաղաքացիական արժանապատվությանը սպառնացողներին։ Դուք վստահ էիք, որ երաշխավորված է ապրուստը, ձեր երեխան ապահովված է հանապազօրյա մի կտոր հացով, ձեզ հարգում ու սիրում էին, պատիվների արժանացնում, որովհետև դուք կոչվում էիք աշխատավորներ, որովհետև ձեր աշխատանքով հզորանում ու ծաղկում էր Հայաստան երկիրը։


Շարունակենք, լրագրողը թերթ էր հրատարակում, և վստահ էր, որ ինքը անհրաժեշտ է ժողովրդին ու երկրին․ նրա մտքով չէր անցնի թողնել գրասեղանը և վերջին ստահակի անամոթությամբ "սեղանիկ" զբաղեցնել՝ դավաճանելով և՛ իր, և՛ ժողովրդի բարոյական սկզբունքներին։ Մանկավարժը ուսուցչություն էր անում, և հպարտ էր, որ "կերտում" է հայրենիքին ուժ ու հեղինակություն պարգևող սերունդներ։ ԵՎ կասկած չուներ, որ ժողովուրդը, հասարակությունը, վերջապես՝ պետությունը իր հետ են, թույլ չեն տա, որ ինքը թաղվի անձնական ու ընտանեկան հոգսերի ճահիճը, ապրի հազար ու մեկ ստորացումներ, որ հոգին ամայանա դատարկ գրպանի պես, և չարագույժ մի օր, երբ այլևս հնարավոր չլինի սեփական զավակին կերակրել անգամ չոր հացով, ծալի, մի կողմ դնի հայ ուսուցչի՝ սովորեցնողի, սերունդներ կրթողի ու դաստիարակողի սուրբ կոչումը, հայ կնոջ արժանապատվությունը և, խառնվելով հաց ու հարստություն փնտրողներին, ուղևորվի Սիրիա, Լեհաստան, Չինաստան․․․ Գլուխը քարը, բայց որ Թուրքիա են ուղևորվում, ժպիտ ու հայացք փոխանակում թուրքի հետ, նույնիսկ "գրում" սիրավեպեր, որ տուն վերադառնան լիքը ճամպրուկներով, դա արդեն շատ ավելի վատ է, քան ցանկացած տեսակի անբարոյականություն ու անառակություն։


Նույն ճանապարհին են գիտության և մշակույթի շատ գործիչներ, որոնք նույնպես սովից խույս տալու համար ստիպված են խույս տալ իրենց կոչումից․․․ նաև հայրենիքից։ Նման մարդկանց պետք չեն ոչ Րաֆֆու, ոչ Թումանյանի ստեղծագործությունները, ոչ Անդրանիկն ու նրա դյուցազնակերպ ազատամարտիկները, որ հանգչեցին իրենց հայրենի հողի գրկում՝ որպես ազգային արժանապատվության անմարելի ջահակիրներ։


Այսպես մի գիշերում խորտակվեցին սոցիալիստական կարգերը, և մի գիշերում դարպասները բաց եղան շուկա կոչված հազարերախ հրեշի առաջ․․․ Մի գիշերում կործանված երկիրը ինչպե՞ս կարող էր լինել հզոր, կհարցնեք դուք։ Հար նման մի հարց էլ ժամանակին արտասահմանյան լրագրողները տվել են Ստալինին․ "Դուք պատկերացնու՞մ եք, որ Կարմիր բանակը երբևէ պարտվի"։ Պատասխանը ավելի քան կտրուկ է․ "Այո, երբ իմ տեղը կնստի դավաճանը"։ Գտնվեց դավաճանը, որը նստեց Ստալինի տեղը և քայքայեց երկիրը։


Դավաճանության առաջ բոլորն են անզոր։ Հայաստանում էլ դավաճանությունը իր սև գործը տեսավ․ ծաղկեցին ընչաքաղցությունն ու թշվառությունը։ Եկան շահի ու դրամի զորաբանակները, ասպարեզ իջան խաբեբաները, աներեսները, բարություն ու բարեկամություն անարգող տգետները, անառակները, բոլոր նրանք, ովքեր "նախկին ժամանակներում" ոչ մի կապ չունենալով կոմունիստական գաղափարախոսության հետ, հասարակությանը ներկայանում էին կոմունիստի դիմակով՝ գրպաններում կրելով կոմկուսի անդամատոմսեր։ Ընդունվելով կոմկուսի շարքերը, ամենևին չէին մտածում կոմունիզմ կառուցելու մասին, բայց որ ուզում էին հասարակության աչքին երևալ որպես ընտրյալներ, արդարադատներ, անձնական շահերից վեր կանգնած բացառիկ անհատներ, այդ արդեն հաստատ է։ Ընկավ սոցիալիզմը, անմիջապես կոմունիստի ու համայնավարի դիմակները նետվեցին մի կողմ, և խաբեբան, անձնապաշտը, գործամոլը, գողն ու ավազակը , մյուս ստահակները սկսեցին երևալ իրենց իսկական կերպարանքով․․․ Թող մեկնումեկը ձեռքը դնի խղճին ու ասի, որ հիմա ժողովրդի մատից փուշ են հանել․ ընդհակառակը՝ գողությունը, բացահայտ թալանն ու կողոպուտը, բացահայտ պետական-հանրային ունեցվածքի թալանը, բացահայտ կաշառակերությունը, բացահայտ ամեն տեսակի հանցագործությունները․․․


Ես անձամբ երկրի քայքայման, կործանման ու բնաջնջման ավելի "արդյունավետ" ձև չգիտեմ։


Այսպես եկավ կապիտալիզմն ու ամենահարազատի ժպիտներով ու արցունքներով փաթաթվեց ժողովրդի պարանոցին՝ աստիճանաբար վերածվելով նենգադավ վիշապի․․․


Այսպես եկավ կապիտալիզմը՝ ժողովրդի, հասարակության բոլոր անդամների համար ստեղծելով գործունեության "հավասար" պայմաններ հազարների համար՝ ճորտություն, մեկ-երկուսի համար՝ աղայական նիստ ու կաց։


Դուք բոլորդ սիրելի ժողովուրդ, երազում էիք ապրել բարձրաշխարհիկ կյանքով, մանավանդ որ ձեր երևակայությունը բորբոքված էր "Հարուստները նույնպես լաց են լինում" շարժանկարի անուշիկ տպավորություններով․ "Ապրեի Ալբերտոյի պես, ինչո՞վ եմ նրանից պակաս"։ Չէիք ուզում մտածել, որ դուք ավելին չեք, քան ասենք, Ալբերտոյի տան շան առաքինի ծառաները, որոնք, չնայած աներևակայելի հնազանդությանն ու նվիրվածությանը, միշտ փողոց շպրտվելու ահուդողի մեջ էին, կամ՝ հրաշալի գեղեցկուհի Վիկտորիան, որն ապրում է հոգեկան անաղարտությամբ, տառապում ուրիշների ճակատագրի համար, բայց ինքը փոշու հատիկի պես հանձնված է արտաքուստ շիք ու շքեղ, հանգիստ ու հմայիչ, իրականում սարսափելի ու դժվար կյանքի՝ կապիտալիզմի դիվային ալեբախումների սարսափներին։ Այո, շուկան մարդկանց համար ստեղծում է գոյության ու գործունեության հավասար պայմաններ, բայց դա մի հավասարություն է, որը ծնում է անհանդուրժելի անհավասարություն, բևեռացում, դասային ու դասակարգային բաժանումներ, հասարակական հակամարտություններ, ավերող ու արարող հեղափոխություններ։ Կենդանական աշխարհին շնորհված հավասար պայմանները մեկին դարձնում են խլուրդ և ամբողջ կյանքը հողի տակ անցկացնելու կարգավիճակ տալիս։ Մեկ ուրիշը աղավնի է, մյուսը՝ բազե, արծիվ, բու, երրորդը՝ կոկորդիլոս, վիշապ, վագր ու առյուծ, մուկ ու առնետ և այսպես շարունակ։ Կենդանական աշխարհի վարք ու բարքին քաջ ծանոթ թշվառներ ու աղքատներ, ահա այդպիսի մի հավասարության զոհերն եք նաև դուք, և ընդամենը գոյատևելու համար պարտավոր եք լավ յուրացնել գոյության կռվի բոլոր կանոնները իր բոլոր զարհուրելի նրբություններով։


Այսպես մենք գնում ենք դեպի մեր երազած կապիտալիզմ․․․


Բարի վայելում։

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page