Որտե՞ղ է ձեր խոստացած "անկախ" և "ժողովրդավարական" պետությունը
Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալը աղետ դարձավ երկրի ու ժողովրդի համար։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
2018 թվականի պետական հեղաշրջումից հետո պետական ճգնաժամը աստիճանաբար մոտենում է իր գագաթնակետին։ Փաշինյանի խունտան, սկզբից բռնազավթել է գործադիր իշխանությունը, հետո յուրացրել է օրենսդիր իշխանությունը, հիմա հերթը հասել է դատական իշխանությանը։ Իր հակասահմանադրական որոշումներով Փաշինյանը 2020 թվականի հունիսի 22-ին յուրացրեց դատական իշխանությունը։ Այսպիսով Փաշինյանը դարձավ լիիրավ դիկտատոր, իսկ Հայաստանը՝ ոչ ժողովրդավարական պետություն։
Ինչո՞ւ: Որովհետև Փաշինյանի իշխանությունը խախտել է ժողովրդավարական պետության հիմնական սկզբունքները.
- իշխանությունների տարանջատման սկզբունքը,
-ընտրողականության սկզբունքը,
- իրավական պետության սկզբունքը:
Այս խայտառակ քաղաքական գործընթացների կապակցությամբ, որոնք տեղի են ունենում Հայաստանում, շատերն արդեն մոռացել են 1991 թվականի հանրաքվեի մասին։ Հիշեցնենք այն հարցը, որը դրվել էր այն ժամանակ. -«Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս։», որտեղ ընտրողների մեծամասնությունը պատասխանեց՝ այո։
29 տարի անց, առաջիններից մեկը, ով հիշեցրեց այդ հանրաքվեի մասին եւ հստակ ասել է, որ Փաշինյանը ոչնչացրել է 1991 թվականի հանրաքվեն, եղել է Հայաստանի նախկին վարչապետը (1992-1993) Խոսրով Հարությունյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է, 2020թ հունիսի 22-ը մեր նորագույն պատմության մեջ կմտնի որպես հայոց պետականության կազմաքանդման մեկնարկի օր: Կառավարությունը՝ Վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի 89 պատգամավորները, ինչպես նաև նրանց սպասարկող խորհրդարանական ընդիմությունը իրականացրեցին մեծագույն հանցագործություն՝ տապալեցին Երկրի սահմանադրական կարգը: Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունները իրենք իրենց դրեցին օրենքից դուրս: Այդ պահից սկսած Հայաստանը զրկվեց օրինական իշխանություններից: Հունիսի 22-ին իշխանությունը առ ոչինչ դարձրեց 1991թ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքը: Հայաստանը դադարեց ժողովրդավարական պետություն լինելուց: Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է»։
Ըստ էության ստացվում է, որ հայ ժողովրդին 1991-ի հանրաքվեում խաբել են, խոստացել են ժողովրդավարական ու անկախ պետություն, ստացվել է կիսագաղութային, ավտորիտար պետություն, որը կառավարվում է Արևմուտքի կողմից։
Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այս ամենի համար։ Ստախոսներ Լ. Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը, կա՞մ հայ ժողովրդի մի մասը, որը հավատացել է "ժողովրդավարության" և "կախարդական փայտիկի" մասին այդ հեքիաթներին. Ո՞ւմ մեղքն է ամենից շատը:
1991 թվականի հանրաքվեում ժողովրդավարության եւ անկախության բացականչությունների ներքո Լ. Տեր-Պետրոսյանը ոչնչացրեց սոցիալիզմը և կառուցեց կապիտալիզմ եւ բուրժուական ժողովրդավարություն: Այսօր Փաշինյանը ժողովրդավարության և անկախության բացականչությունների ներքո ոչնչացնում է ժողովրդավարությունն ու անկախությունը, և կառուցում է կախյալ և հետամնաց պետություն:
ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալը աղետ դարձավ երկրի ու ժողովրդի համար։ Եկել է 1991 թվականի հանրաքվեի կազմակերպիչներին պատասխանելու ժամանակը, որտե՞ղ է ձեր խոստացած "անկախ" և "ժողովրդավարական" պետությունը։ Հարգարժան, այսպես կոչված, հակակոմունիստներ, լիբերալներ և դեմոկրատներ, եթե դուք չեք կարող տալ այն, ինչ խոստացել եք ժողովրդին, ներողություն խնդրեք ժողովրդին խաբելու համար և վերադարձրեք ամեն ինչ իր տեղը։ Իհարկե, չի կարելի վերականգնել ԽՍՀՄ-ը, բայց կարելի է վերականգնել սոցիալիզմը Հայաստանում:
댓글